Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ՝ ԽՂՃԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ

Հունվար 30,2001 00:00
Lragrox

«ԼՂՀ դատախազությունը առնչություն չունի լրագրող Վահրամ Աղաջանյանի ձերբակալության եւ նրա բնակարանում անցկացրած խուզարկության հետ։ Հիշյալ գործողություններն իրականացրել է ԼՂՀ ներքին գործերի նախարարությունը՝ դատախազությունից սանկցիա չստանալով»։

Այս մասին Վահրամ Աղաջանյանին ու նրա ընտանիքին տեղեկացրել է ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը։ Խուզարկության եւ ձերբակալության վերաբերյալ սանկցիաների պատճենները, ըստ օրենքի, պետք է պահպանվեն ՆԳՆ-ում։ Վերջերս լրագրողը դիմել է ՆԳ նախարարին՝ պահանջելով ցույց տալ սանկցիաների պատճենները, սակայն՝ ապարդյուն. այդպիսի սանկցիաներ գոյություն չունեն։ ԼՂՀ դատախազությունը, իրոք, չի լիազորել ոստիկանությանը լրագրողի բնակարանը խուզարկելու եւ նրան ձերբակալելու թույլտվությամբ։ Օրենքը խախտել է անձամբ ԼՂՀ ՆԳ նախարար, գնդապետ Բակո Սահակյանը՝ ապօրինի հրաման արձակելով եւ անմեղ մարդուն ձերբակալելով։

Հիշեցնենք, որ նաեւ ԼՂՀ ոստիկանության բարբարոսական գործողությունների հետեւանքով սրտային սուր անբավարարությունից հանկարծամահ է եղել լրագրողի մայրը՝ Ռոզա Ավետիսյանը։ Հաշվի առնելով այս փաստը, Վահրամ Աղաջանյանը հունվարի 15-ին դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով անհապաղ քրեական գործ հարուցել ՆԳ նախարար Բակո Սահակյանի դեմ։ Միաժամանակ, լրագրողի ընտանիքը Մավրիկ Ղուկասյանից պահանջել է քրեական պատասխանատվության ենթարկել Ստեփանակերտի քաղդատարանի նախագահ Նաիրի Հակոբյանին՝ անօրինական դատավճիռ կայացնելու եւ մարդասպանությանը դիտավորյալ կերպով նպաստելու համար։ ՀՀ քաղաքացի Վահրամ Աղաջանյանն ու նրա ընտանիքը պատրաստվում են դիմել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ի դեպ, «Միջազգային համաներում» աշխարհահռչակ իրավապաշտպան կազմակերպությունը մանրամասն զեկույց է ներկայացրել լրագրողի վերաբերյալ եւ նրան պաշտոնապես ճանաչել է որպես խղճի բանտարկյալ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031