Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՉԻ ԾՆՎԵԼ ՄՈՏ 48 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ»

Հունվար 31,2001 00:00
Agasi Arshakyan

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանը Մոսկվայում փորձել էր հանդիպել ՌԴ նախագահ Վլ. Պուտինին։ Զյուգանովն ու Սելեզնյովը խոստացել են կազմակերպել հայ կոմունիստների հանդիպումը ՌԴ նախագահի հետ։ Հայաստանի կոմկուսն ուզում է անձամբ Պուտինից ճշտել՝ Ռուսաստանը համաձա՞յն է, որ Հայաստանը միանա «Ռուսաստան-Բելառուս»-ին։ Առնվազն տարօրինակ է, որ հարցն այս տեսանկյունից բոլորովին չի հետաքրքրում «Ռուսաստան- Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության մեկ այլ ջատագովի՝ Աղասի Արշակյանին։ Վերջինիս կարծիքով. «Այդ տեսակ հարցադրումները ոչ միայն արհեստական են, այլեւ սխալ։ Երբ մենք 97 թվականին կազմակերպեցինք ավելի քան 1 միլիոն ստորագրությունների հավաքը, ինչը հետեւողականորեն անտեսվում էր այն ժամանակ՝ հին իշխանությունների, այսօր՝ նորերի կողմից, ռուսական դաշտում այն բարձրացվեց պետական մակարդակի։ Մինչեւ 98 թվականի մայիսը ռուսական կողմից առնվազն տասը քայլ է արվել մեր գործողություններին ընդառաջ»։

Պարոն Արշակյանն ասաց, որ դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները միայն խոչընդոտում էին այդ գործընթացները։ Նախկիններն էին խոչընդոտո՞ւմ, թե՞ ներկաները. «Նախկինն ու ներկան հիմա խառնված ու խճճված են»։ Պարոն Արշակյանը չթաքցրեց, որ իր համար շուտով պարոն Քոչարյանն էլ նախկինների մի մասի կարող է վերածվել։ Պարոն Արշակյանին խնդրեցինք ասել՝ այս պահին որքան հայ է ապրում Բելառուսում եւ որքան՝ Ռուսաստանում։ Ըստ պարոն Արշակյանի, այսօր Բելառուսում ապրում է շուրջ 34-35 հազար հայ, իսկ Ռուսաստանում՝ մոտ 2 միլիոն 350 հազար հայ։ Դարձյալ ըստ Աղասի Արշակյանի, Ռուսաստանում ապրող հայերի թվաքանակը մոտ 200 հազարով ավելի է, քան Հայաստանում մնացածներիս։ Պատգամավոր Աղասի Արշակյանի հաշվարկներով Հայաստանում դեռեւս 2 միլիոն 170 մարդ է ապրում. «Թեեւ անցած տարի Հայաստանում 87-ի հետ համեմատած (բացարձակ թվերով) չի ծնվել առնվազն 48 հազար երեխա, վերջին տասը տարվա ընթացքում՝ 300 հազար երեխա»։ Եթե 80-ականների բնական աճի ցուցանիշներով համեմատական հաշվարկ կատարենք, ապա Հայաստանում բնակչության թիվը առնվազն 520 հազարով պակասել է միայն այս գործոնների հաշվին։ «Իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանում ազգաբնակչության թվաքանակը պակասել է առնվազն 2 միլիոն մարդով»։

Պարոն Արշակյանի հաշվարկներով, եթե պահպանվեին 80-ականների ծնելիության, մահացության եւ բնական աճի ցուցանիշները, ապա 2000-ին Հայաստանում պետք է ապրեր մոտավորապես 4 միլիոն 200 հազար մարդ։ Եթե 1987-ին Հայաստանում ծնվել է 82 հազար մարդ, ապա անցյալ՝ 2000 թվին միայն 34 հազար մարդ։ Իսկ եթե 80-ականների աճի տեմպերը մնային՝ Հայաստանում 2000-ին պետք է ծնվեր 94 հազար 400 մարդ. «Այսինքն, հարաբերական համեմատությամբ՝ մոտ 60 հազարով ծնելիությունը պակասել է»։ Եզրակացությունը հետեւյալն էր. «Սրանք թվեր են, սրանք ցուցանիշներ են, որոնց հետ հաշվի չնստել ու պետություն կառավարել, Ցեղասպանության դատը պաշտպանել ու միայն դրանով ոգեւորվել, այն դարձնել մեր կյանքի գլխավոր նպատակը, երբ Հայաստանում փաստացի ընթանում է ցեղասպանության ձեւերից մեկը, եւ ոգեւորվել միայն մեր արտաքին քաղաքականությանը, դիվանագիտությանն ու առանձին անձերին վերագրված հաջողություններով, առնվազն անթույլատրելի եւ անհասկանալի մեծամտություն է»։

Աղասի Արշակյանի պնդմամբ՝ մենք ընդամենը կարող ենք ուրախանալ, որ այս կարճ ժամանակահատվածում մեր շահերը եւ Արեւմուտքի շահերը համընկան. «Պարոն Օսկանյանը ոչ թե պիտի ամբողջ օրը իր ու նախագահի գլուխը գովի, թե տե՜ս, ի՞նչ արեցինք, այլ Արեւմուտքի իր գործընկերներին ընդամենը պետք է ասի՝ մենք գիտակցում ենք, որ մեր շահերն այս էտապում մեկին-մեկ համընկել են եւ ուրախ ենք դրա համար, եւ վերջ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031