Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընչաքաղց» դատախազի կողքին

Մարտ 17,2001 00:00
toto

Լոռու մարզի դատախազի օգնական Սամսոն Պետրոսյանից հետո Հովհաննես Ասատրյանը երկրորդ դատախազի օգնականն է, որն իր իրավունքների պաշտպանությունն է ակնկալում «Առավոտից»։

Երկու դեպքում էլ մենք ականատես ենք ՀՀ դատախազության անտարբեր վերաբերմունքին՝ իր համակարգին անմնացորդ նվիրված աշխատակիցների նկատմամբ։ Հովհաննես Ասատրյանը նախկինում եղել է փաստաբան, հաջողությամբ հանձնել դատավորների քննությունները, նույնիսկ՝ ընդգրկվել պիտանիության ցուցակում։

1998թ. հուլիսից նա աշխատանքի է անցնում ԼՂՀ Ասկերանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես ավագ օգնական։ 2000թ. փետրվարին ՀՀ գլխավոր դատախազության ատեստատացիոն հանձնաժողովի եզրակացության համաձայն, Հ. Ասատրյանը համապատասխանել է իր զբաղեցրած պաշտոնին։

Ավելորդ չի լինի տեղեկացնել, որ Ասկերանի նախկին զինդատախազ Կ. Պողոսյանն ու նրա օգնական Ս. Հովհաննիսյանը պաշտոնանկ էին արվել եւ քրեական պատասխանատվության ենթարկվել ձեռքերն ուրիշի գրպանը, մեղմ ասած, մտցնելու համար։

Հ. Ասատրյանն ասում է, որ Ասկերանի զինդատախազ Վ. Հակոբյանը փորձում էր իրեն մղել կաշառքի շորթման։ «Նա պահանջում էր, որ ես իմ վարույթում գտնվող յուրաքանչյուր քրեական գործով կամ նյութով, կամ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու դեպքում կաշառք շորթեմ զինվորների ծնողներից՝ իր հետ կիսելու պայմանով»։ Նախկին փաստաբանը, իրավաբանը նման «խոստովանություն» էր արել վերադաս ատյաններին՝ ՀՀ զինդատախազությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը։ Եվ ի՞նչ։ Ասկերանի զինդատախազը սկսած 1999թ. հոկտեմբերից մինչեւ 2000թ. մարտ ամիսը որեւէ քրեական գործ կամ նյութ չի մակագրում նրան, հասկացնելով, որ նա… հեռանա։ Հ. Ասատրյանը «դատախազ Վ. Հակոբյանի պահանջով» զեկուցագիր է գրում ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանին, որով խնդրում է… նյութական ծանր պայմանների պատճառով իրեն տեղափոխել Երեւանի կայազորի զինդատախազություն։ Ի դեպ, Ասկերանը մակագրում է, թե «համաձայն» է, եւ նա ներկայանում է Գ. Ջհանգիրյանին, ապա՝ օգնականին։

Մինչ «բանակցություններ» են վարվում Սյունիքում, Տավուշում, Վանաձորում… քննիչ աշխատելու հնարավորությունների շուրջ, հետեւում է ՀՀ գլխավոր դատախազի հրամանը՝ «Աշխատանքային կարգապահությունը կոպիտ կերպով խախտելու, երկուսուկես ամիս անհարգելի աշխատանքի չներկայանալու համար»։ «Հրամայվում» է նաեւ Հ. Ասատրյանին «հեռացնել դատախազության մարմիններից»։ Աշխատանքի վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի համար պահանջը մերժվում է «դռնբաց» դատական ատյաններում (Կենտրոնի դատարանում, ապա՝ քրեական գործերով վերաքննիչ դատարանում)։ Այդ երկու դատական ատյաններում չի եղել պատասխանող կողմ, դատավորներն իրենք են հանդես եկել որպես պատասխանող, հայցվոր Ավետիսյանին «պատասխանելով». «հայցվորի այն պատճառաբանությունը, որ իրեն մղել են չարաշահումների, անհիմն է… քանի որ նա իր պատճառաբանությունը հիմնավորող որեւէ փաստարկ չներկայացրեց»։ Դատախազի նախկին օգնականը հայտարարություն է անում, թե կաշառք են իրենից պահանջել (զինվորական գործերից), ինչն առիթ է դարձել իրենից այս կերպ ազատվելու, եւ պատասխանող չի ներկայանում դատարան (շատ էլ «հարակից պատասխանողներ» դատավորների մեջ գտնվել էին)։ Գուցե ճի՞շտ է Ասատրյանը կամ գուցե զրպարտո՞ւմ է։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031