Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենակիցնե՜ր (անշուշտ, սիրելի), «անտարբերությունը ազգային աղետ է, պասիվությունը՝ մեր որդիների ապագ

Ապրիլ 21,2001 00:00

ԱՆԱԳՈՐՈՒՅՆ ՄԱՀԸ ՄԵՐ ՇԱՐՔԵՐԻՑ ԽԼԵՑ… Հայրենակիցնե՜ր (անշուշտ, սիրելի), «անտարբերությունը ազգային աղետ է, պասիվությունը՝ մեր որդիների ապագայի նկատմամբ անպատասխանատվություն»: Սա հատված է «սիրելի հայրենակիցներին» հղված մի ահազանգ-կոչից: Ճշմարիտ է ասված. անտարբերությունն, իրոք, ազգային աղետ է, ու՝ ոչ միայն: Անտարբերությունը պետության, հատկապես՝ արբունքի տարիքի չհասած, հիմքում գործող ամենակործան ռումբ է: Սիրելի հայրենակիցներն էլ, գաղտնիք չէ, այսօր առավել, քան երբեւէ, ձեռքները թափ են տվել մեր պետության եւ՛ վաղվա օրվա վրա, եւ անգամ այսօրվա ու երեկվա: Դե, պասիվություն ասվածն էլ անտարբերության հոմանիշն է (գրեթե) ու նույնքան հղի վտանգավոր հետեւանքներով: Սրան հակառակ, ակտիվությունն, իհարկե, լավ բան է, բայց ներկա «շունը տիրոջը չճանաչող» իրավիճակում, պարզվում է, մի բարի պտուղ էլ ինքը չէ: Իրենց որդիների ապագայի հանդեպ մեծ պատասխանատվությամբ լցված «ակտիվիստ» սիրելի հայրենակիցների մեծ մասն այսօր լծվել է իրենց որդիներին, օրինական կամ ցանկացած ճանապարհով, այս երկրից հնարավորինս հեռու փախցնելու գործին: Մի հատվածն էլ՝ «24 կուսակցություն գումարած 10 կուսակցություն» ֆորմատով, ժողովրդին ժամանակ առ ժամանակ հրավիրում է Ազատության հրապարակ ու բաշխիչ ցանցերի հանցավոր վաճառքի դեմ պաթետիկ ճառեր ասում՝ պահանջելով… խորհրդարանի լուծարում ու կառավարության հրաժարական: Ռոբերտ Քոչարյանից են պահանջում: Այսինքն, ժողովրդին տնից-տեղից կտրում, կանչում են հրապարակ, ու՝ «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» պարզունակ խորամանկությամբ, Քոչարյանին իրենց հավատարմությունն են հայտնում: Իբր, շատ լավ գիտենք, որ խորհրդարանն ու կառավարությունն առանց Ձերդ մեծության համառ պահանջի էդ ղալաթը նույնիսկ մտքներում չէին համարձակվի ի կատար ածել, բայց տես ու գնահատիր՝ մենք մեզ անհասկացողի տեղ ենք դնում ու քո հրաժարականը չենք պահանջում, որովհետեւ դեռ հույսներս չենք կտրում, որ մեզ էլ մի օր խորհրդականից-բանից, դեպուտատից-բանից, նախարարից-բանից բաժին կհանես: Ասվածից չարժե հետեւություն անել, որ ակտիվությունն առհասարակ վատ բան է: Պարզապես հիմա այնպիսի ժամանակներ են, երբ ձուկն սկսել է եւ՛ գլխից հոտել, եւ՛ պոչից: Ահազանգ-կոչից եւս մի հատված. «Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարը դիվանագիտական խաղերի քմահաճույքին է մատնվում»: Մեղմ է ասված: Երբեւէ Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարն այսպես չի արժեզրկվել, տանուլ չտված հաղթանակը պարտության զգացումի այսպիսի թանձր, կարկտաբեր թխպով չի պատվել, ու հաղթանակած Զինվորն այսչափ չի պսակազերծվել ու ծաղրվել: Ինչպես հիմա: Եւ այս ֆոնին, Ղարաբաղի ճակատագիրը, մեր անտարբերության, պասիվության ու կարճամտության պատճառով, կախված է, կոմպլեմենտար քաղաքականություն վարող (միայն իրեն հասկանալի) ընդամենը մի մարդու քմահաճույքից: Այն էլ այնքանով, թե նայած ինչ ֆորմատի «գործ» կդնեն նրա առաջ աշխարհի հզորները: Մարդու, ով, կարճ ասենք, բոլորիցս լավ գիտի, որ իր աթոռի երկարակեցությունն ուղիղ գծով կախված է Ղարաբաղի հարցի՝ «հին ֆորմատից նոր ֆորմատ» սահուն անցման, անվերջանալիությունից: Չերկարացնեմ. այս կոչ-ահազանգում, որի հեղինակները ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ն ու ՀԴԿ-ն են, այլ տագնապահարույց հիմնավորումներ եւս կան, որոնք պե՛տք է որ ստիպեն ոտքի կանգնել մեր պասիվ-ակտիվ-անտարբեր, բայց՝ սիրելի, հայրենակիցներին ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել «երկրում աղաղակող անարդարությունների դեմ»: Ավաղ: Այս անչափ արդիական ահազանգը սիրելի հայրենակիցներին հանրահավաքի է հրավիրել դեռեւս 1994-ի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարից մի քանի ամիս հետո: Այսպիսի եւ առավել անխնա մեղադրանքներով լեցուն ահազանգ-կոչեր այս կուսակցությունները հնչեցրել են ողջ պատերազմի ընթացքում, հաղթանակից ու զինադադարից հետո, հեղաշրջումից առաջ: Արդար էին, թե անարդար այս կուսակցությունները նախկին իշխանությունների հանդեպ՝ իրենց դատելիք խնդիրն է, եթե անվերադարձ չեն կորցրել ինքնուրույն դատելու ունակությունը: Հուսանք՝ այն աստիճանի չեն կորցրել, որ, թեկուզ բոլորիցս թաքուն, իրենք իրենց չխոստովանեն, թե ինչից ինչ են դարձել: Հուսանք ու ոտքի կանգնենք, սիրելի հայրենակիցներ: Անագորույն մահը մեր շարքերից խլել է մեր շատ սիրելի ու անմոռանալի ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի, ՀՅԴ-ի, ՍԻՄ-ի եւ նույնիսկ ՀԴԿ-ի, թեկուզեւ նեւրասթենիկ ու սուբյեկտիվ, բայց ըմբոստ անցյալը: Ոտքի կանգնենք ու մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց անցյալի պայծառ հիշատակը: …Շնորհակալություն: Նստեք: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել