Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները իրենց առաքելության արդյունքները ներկայացնելիս չեն խոսել «20 տոկոս ձայներ գողանալու» մասին։
Օրինակ` հենց ԱՊՀ դիտորդական խումբը հունիսի 8-ին տված ասուլիսում հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բազմակուսակցական, բաց և մրցակցային»:
Գրեթե նման գնահատական է հնչեցրել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ ընտրությունները եղել են մրցակցային, ընտրողներին ներկայացվել են տարբեր քաղաքական տարբերակներ, իսկ հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են ընտրական գործընթացի ընթացքում։ Միաժամանակ առաքելությունն արձանագրել է որոշ կազմակերպչական և ընթացակարգային խնդիրներ, սակայն չի խոսել ընտրությունների արդյունքների վրա որոշիչ ազդեցություն ունեցած համակարգային կեղծարարությունների կամ «20 տոկոս ձայն գողանալու» մասին։
Հատկանշական է, որ «20 տոկոս» թիվը չի հանդիպում ոչ դիտորդական առաքելությունների հրապարակված գնահատականներում, ոչ էլ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական արձանագրություններում։ Փոխարենը այն լայնորեն շրջանառվել է սոցիալական ցանցերում, իսկ ավելի ուշ հայտնվել նաև ռուս պաշտոնյայի հայտարարություններում և մի շարք լրատվամիջոցների հրապարակումներում։
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»


















































