Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՊՏՈՒՂԸ

Փետրվար 23,2002 00:00

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՊՏՈՒՂԸ Կարմրաթշությունը՝ որակի եւ պրոֆեսիոնալիզմի չափանիշ Պտղնին Հայաստանի ճանաչված եւ ամառանոցային հատվածներից մեկն է, որը Երեւանին բավական մոտ է գտնվում եւ պետական շատ չինովնիկներ այդտեղ են կառուցում իրենց ամառանոց-դղյակները։ Առաջին լուսանկարում պատկերվածը ՀՀ կառավարության Ջրային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանինն է։ Պտղնիի բնակիչները դա շատ լավ գիտեն, մանավանդ որ պրն Մարտիրոսյանը հաճախ է ամառանոցում լինում։ Հիշեցնենք, որ Գագիկ Մարտիրոսյանը մինչեւ 1990թ. աշխատել է շինարարական բնագավառում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 1990թ. նա եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա՝ ՀՀ շինարարության նախարար, 93-ից ՀՀ պետնախարար, 95-98թթ. ՀՀ էներգետիկայի նախարար (էներգետիկայի ոլորտի թալանի՝ ճգնաժամի տարիներին, որի մասին այսօր շատ է խոսվում), ապա՝ Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք՝ նրան խորհրդական, այժմ՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ։ Օրերս, թերթերից մեկում, Գագիկ Մարտիրոսյանը ջրային տնտեսության ոլորտի հիմնարար փոփոխությունների մասին շատ գեղարվեստորեն է արտահայտվել։ Օրինակ. այդ հիմնարար փոփոխությունների համար նշել է. «Պետակա՛ն, ազգայի՛ն քաղաքականության կարիքը ունենք»։ Գագիկ Մարտիրոսյանը Խաչիկ գյուղի պոմպակայանի մասին խոսելիս օրիգինալ երեւալու համար փիլիսոփայական մտքի այսպիսի թռիչքներ է արձանագրում. «Խաչիկ գյուղին ջուր պոմպակայանով ենք տալիս, ասենք թանկ է, ու իջեցնե՞նք գյուղը։ Խաչիկը տեղափոխելը անիծված գործ է։ Ավանդույթի կորուստ։ Որ խեղում է մարդուն։ Տանձի ծառի մոտ սիրահարված զույգին տեղափոխես՝ խանգարվելու է։ Արժեքները միշտ չէ, որ փողով են չափվում։ Հարկային եւ այլ քաղաքականություններն էլ պիտի ճիշտ տարվեն. քամիներից վառված խաչիկցի կարմիր թշերով աղջիկը պիտի 5 անգամ ավելի վարձատրվի սպիտակ այտերովից։ Պիտի գործենք ա՛յս սկզբունքից ելնելով»։ Գավառային փիլիսոփայական այս ակնարկից ելնելով, փաստորեն, ըստ Գ. Մարտիրոսյանի վարձատրության չափը կախված է թշերի գույնից, միայն թե հասկանալի չէ՝ տանձի ծառի ա՞ճը, թե՞ սիրահարված զույգի սերն է խանգարվելու տեղափոխությունից։ Բայց, օրինակ, եթե խաչիկցի աղջկա թշերը կարմրում են ընդամենը ամոթխածությունից կամ ի ծնե կարմիր այտերով է ծնվել ու ոչ թե քամիներից է վառվել, վարձատրությունը բարձրանո՞ւմ է, թե՞ ընդհակառակը… թե՞ մերթընդմերթ տատանումներ է տալիս… այդ ի՞նչ ռասայական խտրականություն է…։ Եվ ահա, մինչ նախկինում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Մարտիրոսյանը պաշտպանում է կարմրաթուշ խաչիկցուն եւ բացատրում ջրային տնտեսության հիմնարար փոփոխությունները, Պտղնիի իր այս ամառանոցից մի քանի քայլ հեռավորությամբ բացվում է այլ տեսարան։ Երկրորդ լուսանկարում պատկերված է Պտղնիի միջնակարգ դպրոցը, ուր մտնելիս տպավորություն է ստեղծվում, թե հիմա փուլ կգա։ Ավերված, սառը, քանդված պատերով, աննկարագրելի խղճուկ՝ ջարդված դռներով կամ անդուռ դասասենյակներ։ Զարմանքը մեծ էր, երբ իմացանք, որ այդ ավերակը Պտղնիի միջնակարգ դպրոցն է, որը… գործում է։ Մի քանի դպրոցականներ խաղում էին քարուքանդ սպորտդահլիճում եւ ջարդված ապակիներով պատուհանից ցույց տալիս դիմացի տունը, որը Գ. Մարտիրոսյանի ապարանքն է։ Թերեւս միշտ պետական պաշտոններ զբաղեցրած Գագիկ Մարտիրոսյանը նախկինում էլ իր ղեկավարած ոլորտների մասին խաչիկցու ու տանձենու ներքո սիրահարների գեղարվեստական անցումներով է հիմնարար փոփոխություններ ապահովել եւ առաջնորդվել աշխատած ժամանակը բաժանելով՝ ծրագրեր «պատրաստելու», «իրագործելու» եւ արդյունքը «հավաքելու» տարիների։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել