Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ԴԵՄ՝ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Դեկտեմբեր 04,2004 00:00

ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ԴԵՄ՝ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Երեկ խորհրդարանում տեղի ունեցան լսումներ, որոնք վերաբերում էին «Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությանը ՀՀ կառավարության 1997 թ. որոշմամբ տրված, 1998-ին վերախմբավորված եւ 2004-ին լրացված եւ վերախմբագրված լիցենզիայում կատարված փոփոխություններին: Լսումներին մասնակցում էին կապի ոլորտի մասնագետներ, կառավարության, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հասկանալի պատճառներով ներկա չէր: Լսումների առաջին մասն անցավ բավականին զուսպ, նույնիսկ Արշակ Սադոյանը, որը, սովորաբար սարսափելի բորբոքվում է, երբ խոսքը «ԱրմենՏել»-ին է առնչվում, երեկ բավականին հանգիստ էր ներկայացնում իր հակափաստարկները, սակայն օրվա երկրորդ կեսին կրքերը բորբոքվեցին, եւ զարմանալիորեն, ափերից դուրս եկողը «Արդարություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանն էր: Իսկ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ խաղաղ էր: Լսումներին մասնակցում էին քիչ թվով պատգամավորներ, եւ այդ քիչն էլ, ըստ էության, աչքի չէին ընկնում ակտիվությամբ: Պատգամավոր Հակոբ Հակոբյանը /Էջմիածին/, Արշակ Սադոյանը եւ Հրանտ Խաչատրյանը առաջարկեցին մենաշնորհի դեմ պայքարել մինչեւ վերջ: Իսկ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ բոլորը ժխտողական վերաբերմունք ունեն մենաշնորհի դեմ, սակայն որեւէ մեկը չասաց, թե լիցենզիայում փոփոխություններն անօրինական ձեւով են կատարվել: Լսումների ընթացքում Արշակ Սադոյանը լրագրողներին եւ լսումների մասնակիցներին բաժանեց իր կողմից կազմված տեղեկանքը, որում կարեւորել էր հետեւյալը. «1.Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ եւ պետք է անվերապահորեն կատարվի իշխանության մարմինների կողմից: 2. Սահմանադրական դատարանի որոշումը ուժի մեջ է մտել 2003-ի մարտի 5-ից: Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն Սահմանադրությանը հակասող ճանաչված որոշումներն իրավական ուժ չունեն: Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշումները մենաշնորհի հետ կապված հարցերով իրավական ուժ չունեն եւ չեն կարող պարտադրվել: Մասնավորապես, ինտերնետ հեռախոսակապի ծառայությունների մատուցման սահմանափակումներն ապօրինի են: 3. Քանի որ ըստ պայմանագրի եւ լիցենզիայի հեռախոսակապի սակագները պետք է լինեն ոչ խտրական, հավասար պայմաններ ապահովեն բոլոր բաժանորդների համար՝ մասնավորապես, ինչպես Մասիվից, այնպես էլ կենտրոնից զանգողները նույն վճարը պետք է տան, «ԱրմենՏելը» այսօր էլ իրավունք չունի րոպեավճար կիրառել, հակառակ պնդումներն ուղղակի ապատեղեկատվություն էն: 4. Ուղղակի ապատեղեկատվություն է նաեւ այն, որ Լոնդոնի արբիտրաժի որոշմամբ Հայաստանը կարող է լուրջ վնասներ կրել»: Արշակ Սադոյանի, ինչպես նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմած տեղեկանքի հարցերին պատասխանելով, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ այսուհետ ինտերնետային ծառայությունների բացառիկ իրավունքը չի պատկանելու «ԱրմենՏելին», այլ, վերջինիս պատկանելու է միայն մալուխի վարձակալության կամ կապուղին վարձակալության տրամադրելու իրավունքը: Ազատականացված է, ըստ նախարարի, նաեւ արբանյակային մուտքը:Հեռախոսային ծառայությունների մատուցման առումով ամրագրված են մի շարք նոր պարտավորություններ, մասնավորապես, 50-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերը կապահովվեն հեռախոսակապով, մի շարք կայաններում հնարավոր կլինի առանց օպերատորի, հաստատել միջազգային կապ: Բջջային կապի ոլորտում մի շարք պարտավորություններ են ամրագրված, որոնք հավասարապես կիրառելի են լինելու ինչպես «ԱրմենՏելի», այնպես էլ երկրորդ բջջային օպերատորի համար: Ավելի ուշ, երբ Դավիթ Հարությունյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, քոսակցությանը միջամտեց «Աշխատանքի վերլուծության եւ ուսումնասիրության կենտոն» հ/կ նախագահը եւ ներկայացնելով կապի նախարարության պաշտոնական տեղեկանքի վերջին նախադասությունը. «Ինտերնետ հեռախոսակապը ընդգրկված չէ վերը նշված լիցենզիայի 5 ա/1 կետում»: Խնդրեց պարզաբանել, թե ինչու էր նախարարն ասում, որ դա ի սկզբանե եղել է «ԱրմենՏելի» մենաշնորհը: Նախարարը պատասխանեց, որ որեւէ փաստաթուղթ չի կարելի մեկնաբանել, կտրելով երկու բառը եւ ներկայացնելով: Իսկ, ընդհանրապես, ըստ պրն Հարությունյանի, դրա հիման վրա եղել է «ԱրմենՏելի» պաշտոնական բողաք, եղել է պաշտոնական պատասխան նախարարի կողմից. «դուք հիշատակում եք, մեկ, թեկուզ եւ պաշտոնյանի գրություն, եւ փորձում եք ամբողջ տրամաբանությունը կառուցել այդ գրության հիման վրա»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել