Լրահոս
Օրվա լրահոսը

Սառեցումը՝ լավագույն լուծո՞ւմ

Ապրիլ 20,2005 00:00

Ղարաբաղում Քոչարյանին ավելի քիչ են սիրում

Ղարաբաղի հարցով խորհրդարանական վերջին լսումները ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ խորը հիասթափություն են առաջացրել: Այդ մասին նա հայտարարեց երեկ հրավիրած մամուլի ասուլիսում: Այսօր նա ԼՂ հակամարտության լուծման որեւէ ընդունելի տարբերակ չի տեսնում: ԱԺՄ նախագահի համոզմամբ, ներկայումս լավագույն լուծումը գործընթացի 20-30 տարով սառեցումն է: Իսկ այդ ընթացքում պետք է լուծվեն տարածաշրջանային ինտեգրացման խնդիրները: Վազգեն Մանուկյանի այսօրինակ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը խնդրի կապակցությամբ ունի կարծրացած մոտեցում. «Միայն հողերի վերադարձ եւ ոչ մի փոխզիջում»: Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը նրա համար նույնպես ընդունելի չէ. «Մեր իշխանավորները խոսում են ոչ թե փոխզիջումների, այլ զիջումների մասին: Ցավալին այն է, որ դրա մասին խոսում է պաշտպանության նախարարը»: Սերժ Սարգսյանի այդ ելույթից հետո բանախոսի մոտ տպավորություն է ստեղծվել, թե դա նախընտրական ելույթ էր՝ ուղղված արտաքին ուժերին, որոնց Սերժ Սարգսյանը կարծես համոզում էր՝ «տեսեք, ինձ հետ կարելի է լեզու գտնել»:

Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ կիսեց նաեւ Ղարաբաղ կատարած այցից իր տպավորությունները: Ի դեպ, նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը ԼՂՀ-ում ավելի ցածր է, քան Հայաստանում, ուստի՝ «խնդիրը անձերի մեջ է, ոչ թե ղարաբաղցու-հայաստանցու»: Ըստ տպավորությունների, Ղարաբաղում նույն «հիվանդություններն» են, ինչ Հայաստանում: Բայց Վ. Մանուկյանը համոզված է, որ Ղարաբաղում հնարավոր կլինի անցկացնել արդար խորհրդարանական ընտրություններ: Օրակարգում չէ Արկադի Ղուկասյանի՝ երրորդ ժամկետում ընտրվելու հարցը, ուստի նա առավել հանդուրժող կլինի: Համենայնդեպս, բանախոսն այդ տպավորությունն է ստացել եւ բավականաչափ լավատեսորեն էր տրամադրված: Ինչը, սակայն, Հայաստանի պարագայում պարոն Մանուկյանը չունի. «Եթե թուրքերը կոտորելով էին Հայաստանը դատարկում, ապա հիմա Հայաստանը դատարկում են առանց կոտորելու»: Նա միասնականության կոչ է անում, բայց ոչ լոկ միասնական թեկնածու ունենալու, այլ միասնական մտածելակերպ եւ պայքար՝ վաղվա օրվա համար: «ԱՕԿՍ-ի շենքը եկեղեցիներից հետո երեւի ամենահինն ու գեղեցիկն է, այն էլ են ուզում քանդել: Աղմուկ ենք բարձրացնում, որ Թուրքիայում, Վրաստանում քանդում են մեր շինությունները, բայց մեզ մոտ էլ են քանդում, չէ՞»,- մտահոգություն է հայտնում Վ. Մանուկյանը:

Այս ամենի համատեքստում նա կողմ է Հայաստանում նաեւ հեղափոխական փոփոխությունների, բայց վերապահումներ ունի հեղափոխիչների առումով. «Ցանկացած մարդ վեր է կենում ու հայտարարում, որ ինքը պետք է հեղափոխություն անի: Բայց ո՞նց, ի՞նչ են անելու, ի՞նչ է դա տալու Հայաստանին: Հեղափոխությունը չեն հայտարարում, անում են՝ ամեն րոպե, ամեն հարցի համար պայքարելով: Թե չէ պորտալարը մի տեղից կտրելով, մյուսին ամրացնելով՝ չի լինում»,- Արամ Զավենիչի բոստանը քար շպրտեց Վ. Մանուկյանը: ԱԺՄ-ն կողմ է հասարակական պայքարի միջոցով հարցերի լուծմանը եւ իր դերը կկատարի: Մասնավորաբար, ՏԻՄ ընտրություններում կպայքարեն արդարության համար, սահմանադրական եւ ԸՕ փոփոխություններում՝ ժողովրդավարության:

Ապա անցնելով կոալիցիայի՝ իրենց ազգային հռչակած կուսակցություններին, պարոն Մանուկյանն ասաց. «Թուրք չսիրելը դա ազգային չէ: Ազգայինը սեփական ժողովրդին ու սեփական մշակույթը սիրելն է»: ՕԵԿ-ի մասով էլ տարակուսեց՝ «Մյուս կուսակցությունն էլ օրինաց է, ի՞նչն է Հայաստանում օրինական որ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել