Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց

Ապրիլ 26,2005 00:00

Բաց նամակ Պետք է վերացնել գերակա ուղղության զարգացման առջեւ եղած բոլոր հնարավոր խոչընդոտները Տեղեկատվական տեխնոլոգիաներ ձեռնարկությունների միությունը, այդ ոլորտում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, վերջին ժամանակներս արտահայտվում են տեղեկատվական տեխնոլոգիաների համար նախատեսված սարքավորումները ներմուծելիս սահմանի վրա Ավելացած արժեքի հարկի գանձումը ներքին հարկման դաշտ տեղափոխելու օգտին: Այդ նպատակով նշված կառույցները, բացի պետական օղակներից, բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքհյուին, ինչը ներկայացնում ենք ստորեւ: Հարգելի պարոն Մաքհյու, 2000 թվականին ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճանաչեց որպես Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ: Նման որոշումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, մասնավորապես այդ ոլորտում Հայաստանում առկա մասնագիտական հսկայական ներուժով, որը ձեւավորվել էր դեռ խորհրդային տարիներից եւ այն հստակ գիտակցությամբ, որ Հայաստանի տնտեսական առաջընթացի համար բացառիկ կարեւորություն ունի տնտեuության ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծումը: Ոլորտը գերակա ուղղություն հռչակելը նպատակ էր հետապնդում, որ այդ ուղղությամբ կշահագրգռվի տնտեսության մասնավոր հատվածը եւ այդ կերպ ակնկալվում էր ներդրումային միջավայրի բարելավում, ներքին եւ արտաքին ներդրումների աճ, ինչը առկա մտավոր պոտենցիալի հետ միասին կնպաստեր ոլորտի կտրուկ զարգացմանը: Անցած տարիներին այդ ուղղությամբ որոշակի լուրջ քայլեր կատարվել են եւ այդ կերպ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նկատվում էր զգալի աշխուժություն, ինչին նպաստում էր ՀՀ կառավարության եւ շահագրգիռ պետական ու մասնավոր այլ կառույցների, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական հաստատությունների ակտիվ գործունեությունը: Սակայն 2002 թվականին, ի թիվս Հայաստան ներմուծվող այլ ապրանքատեսակների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար նախատեսված սարքավորումները եւս Հայաստան մուտք գործելիս սկսեցին հարկվել Ավելացած արժեքի հարկով: Նկատելի է, որ այդ գործընթացը որոշակիորեն սառեցրեց նկատվող դրական միտումները, քանի որ սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը նվազեցնում էր ներդրումային պոտենցիալը: Միաժամանակ նման մոտեցումը 2002 թվականին ինչ-որ տեղ կարելի էր հասկանալի եւ ընդունելի համարել, հաշվի առնելով, որ համեմատաբար թույլ հարկային եւ մաքսային վարչարարության պատճառով այդ ժամանակաշրջանում մեծ էր հարկային դաշտի դուրս սպրդնելու ռիսկը եւ հնարավորությունը: Սակայն պաշտոնական վիճակագրությունը վերջին տարիներին արձանագրում է բոլոր հարկատեսակների գծով մուտքերի էական աճ, ինչը ուղղակիորեն վկայում է, որ հարկային վարչարարությունը նույն ժամանակամիջոցում մեծապես բարելավվել է: Ելնելով դրանից, կարծում ենք, որ ժամանակն է գոնե մասամբ հրաժարվել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման պրակտիկայից: Հասկանալի է, որ խոսքը առաջին հերթին տնտեսության ռազմավարական ուղղությունների, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ առնչվող սարքավորումների ներմուծմանն է վերաբերում, որոնց նկատմամբ ճիշտ կլիներ ԱԱՀ-ի գանձումը կիրառել ներքին հարկման դաշտում, ինչը հնարավորություն կտար ազատված ֆինանսական միջոցները ներդնել ոլորտի զարգացմանը: Մենք, եւ հուսով եմ՝ դուք նույնպես, համոզված ենք, որ պետք է վերացնել գերակա ուղղության զարգացման առջեւ եղած բոլոր հնարավոր խոչընդոտները: Պետք է հաշվի առնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինքնուրույն ճյուղ լինելուց բացի, մեծապես նպաստում է բոլոր այլ ճյուղերի զարգացմանը` կառավարման արդիական տեխնոլոգիաներ ներդնելու միջոցով: Պարոն Մաքհյու, հուսով ենք, ԱՄՀ-ի Հայաստանյան մշտական ներկայացուցչությունը խորությամբ կուսումնասիրի նշված խնդիրը, իսկ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ներկայացնլ մեր բոլոր փաստարկները: Կարծում ենք, այդ պարագայում Դուք եւս կհանգեք այն եզրակացությանը, որ իրոք նպատակահարմար է ԱԱՀ-ի գանձումը տեղափոխել ներքին հարկման դաշտ, եւ ըստ այդմ, հաշվի առնելով Ձեր եւ Ձեր ղեկավարած կառույցի հեղինակությունը Հայաստանում, կարծում ենք՝ Դուք եւս կմիջամտեք այս խնդրի լուծմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, «ARMINCO», «BI LINE», «BOOMERANG SOFTWARE», «CIT», «COMPASS», «HPLA», «KHARTIA», «SYNOPSYS ARMENIA», «LINK», «LYCOS ARMENIA», «MIGMA», «SIRIUS», «SYNERGY INTERNATIONAL SYSTEMS», «VIRAGE LIGIC YEREVAN BRANCH», «UNICOMP», «ALGORITHM SERVICE», «ALBION TRAINING CENTER»: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930