Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՌՎՈՒՄ

Փետրվար 04,2006 00:00

ԿՌՎՈՒՄ ԵՆ ՋՐԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ «Շիրակ-ջրմուղկոյուղու» պաշտոնյաների հայտարարությամբ՝ իրենք մտադիր են շարունակել Մարմաշենի ջրագծերի ապամոնտաժումը: Ինչպես արդեն գրել ենք, Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պաշտոնյաները՝ գյուղապետ Աշոտ Եղոյանին առանց հիմնավոր փաստաթղթեր ցույց տալու, սեփականատերերից մեկի հողատարածքը վնասելով սկսել էին ապամոնտաժել չօգտագործվող չուգունե ջրագծերը: Հիշեցնենք, որ սա մեծ աղմուկ էր բարձրացրել մարզում, եւ որոշ պաշտոնյաներ սկսել էին կրկին հետաքրքրվել՝ վերջապես ո՞ւմ են պատկանում երկրաշարժից հետո այլեւս չօգտագործվող ջրագծերը, ջրմուղի՞ն, թե՞ տվյալ համայնքին: Իմիջիայլոց, այս հարցը՝ նախքան սկանդալը, հետաքրքրել էր նաեւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, ում թիվ 094-2801 գրությանը ի պատասխան՝ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը 17.06. 05-ին գրել էր. «Հայտնում ենք, որ Գյումրի-Վահրամաբերդ-Ամասիա ճանապարհի աջ կողմում գտնվող, տարիներ շարունակ չօգտագործվող թուջե խողովակաշարը Շիրակի մարզպետարանի, «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում չի գտնվում: Միաժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ խողովակաշարի սեփականատերը անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից»: Սակայն ջրմուղի նորանշանակ տնօրեն Վարդան Հովսեփյանը ճիշտ հակառակն է պնդում. վերջինս տեղական հեռուստաալիքներին «պաշտոնական» գրություն էր ուղարկել այն մասին, որ «Ղազանչի-Գյումրի առաջին ջրատարի Կապս-Գյումրի 600 միլիմետր տրամագծով, մոտ 22 ու կես միլիոն դրամ արժողությամբ, 10 կիլոմետր երկարությամբ հատվածը եղել եւ մնում է ջրմուղի հաշվեկշռում, իսկ ջրատարի Ղազանչի-Կապս հատվածը Ջրաղբյուրի հետ միասին հանձնվել է «Շիրակ-ջրմուղկոյուղուն»՝ համաձայն կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի 1625 N որոշման»: Ըստ պաշտոնյայի, քանի որ ջրագծի որոշ հատվածներ ապօրինաբար ապամոնտաժվել են, ուստի եւ «մնացած չշահագործվող հատվածը թալանից փրկելու համար» իրենք նպատակահարմար են գտնում ապամոնտաժել խողովակը, պահեստավորել ու օգտագործել ջրմուղի հետագա կարիքների համար: Եթե կար կառավարության համապատասխան որոշում, ինչո՞ւ ջրմուղի պաշտոնյաները խուսափում էին գյուղապետին ճիշտ ժամանակին փաստաթուղթ ցույց տալ: Կառավարության հիշյալ որոշման մեջ, որը «Հայջրմուղկոյուղի, «Ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին գույք հանձնելու մասին է, իսկ վերոհիշյալ չօգտագործվող ջրագծերը՝ որպես «Շիրակ-ջրմուղկոյուղու» հաշվեկշռին անցած գույք, որեւէ ցանկում չի հիշատակվում: «Առավոտը» փորձեց ջրմուղի գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանից կրկին ճշտել խնդրի էությունը, սակայն նա կտրուկ հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ՝ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարելով. «Ես շատ վիրավորված եմ ձեր թերթից՝ միակողմանի լուսաբանման համար, դրա համար էլ ոչինչ չունեմ ձեզ ասելու, ինչ ուզում եք՝ գրեք»: Հիշեցնենք, որ խնդրին անդրադառնալու օրերին վերջինս ուղիղ մեկ շաբաթ խուսափում էր լրատվամիջոցներից, իսկ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը որեւէ պարզաբանում չէր տալիս, իբրեւ թե՝ չունի «շեֆի» թույլտվությունը: Մեր տեղեկություններով, այս գործի առիթով Շիրակի մարզային ոստիկանությունը սկսել է ստուգումներ անցկացնել: Մարմաշենի գյուղապետն էլ իր հերթին օգտագործելով իրեն տրված «շանսը», Քաղդատօրենսգրքի համաձայն կարող է ձեռք բերել սեփականության իրավունք՝ հետագա տնօրինման նկատառումով, եւ դիմել է տնտեսական դատարան: Օրերս վիճահարույց խնդիրը կլուծվի դատական կարգով: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. «Առավոտը» պատրաստ է տպագրել «Շիրակ-ջրմուղկոյուղու» գլխավոր տնօրենի պարզաբանումները, չնայած հարկ ենք համարում նորանշանակ պաշտոնյային հիշեցնել, որ ՀՀ օրենսդրությամբ իր գործունեությանը առնչվող ամբողջական ու հավաստի տեղեկատվության տրամադրումը իր պարտականությունն է, ոչ թե՝ քմահաճույքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել