Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 04,2006 00:00

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՉԱՓԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Ստվերի դեմ «պայքարողները» սնվում են ստվերից ժողովրդական ասացվածքներն այնքանով են պահպանում իրենց իմաստն ու կենսունակությունը, որքանով համապատասխանում են ժամանակին ու իրականությանը։ «Ստի ոտքերը կարճ են». ասում է ասացվածքը, «վա՜յ հավատացողին», շտապում է ժխտել վիրավորված ճշմարտությունը եւ հավելում՝ «ստի ոչ միայն ոտքերը, ձեռքերն էլ են երկար»։ Ահավասիկ, նոյեմբերի 27-ին «կայացած» սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ասվածի առհավատչյան է։ Կոալիցիոն եւ ոչ կոալիցիոն իշխանությունները համոզված, որ ամենամեծ ճիշտը ամենամեծ սուտն է, ինքնագոհ կեցվածքով, ի լուր ամենքի շեփորահարեցին սեփական ժողովրդի նկատմամբ տարած հերթական հաղթանակը: Անկեղծ ասած, շատերի նման ինձ էլ է թվում, որ այդ «այո»-ն կամ «ոչ»-ը ոչ իշխանություններին էր պետք, ոչ ժողովրդին, տո՛, ո՛չ էլ նախագահին, առավել եւս, երբ դրանից ո՛չ երկրի, ո՛չ էլ ժողովրդի կյանքում առանձնապես բան չէր փոխվելու։ Մեծ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ ինչպիսին էլ լինի Սահմանադրության բովանդակությունը, ցանկության դեպքում այն կձեւախեղվի։ Այսինքն, ինչ էլ որ լինի ՀՀ-ում, միեւնույն է, էլի երկրի նախագահն է որոշելու, թե ով պիտի լինի վարչապետը, գլխավոր դատախազն ու բանկիրը եւ ովքեր են լինելու արդարադատության խորհրդի անդամները։ Նա է դաբրո տալու իշխանածին կուսակցությունների լույս աշխարհ գալուն, այս կամ այն թաղապետի ու քաղաքապետի ընտրվելուն եւ այլն։ Այս ամբողջ գործընթացի նպատակը թերեւս այն էր, որ նախագահը վերստին ապացուցի երկրի իշխանական ամբողջ համակարգը իր ձեռքում պահելու յուր բացառիկ կարողությունը։ Նաեւ այն, որ 1998 թվականից սկսած, «իր դեմ խաղ չկա» երեւանյան ձեւակերպումը համապատասխանում է իրականությանը, որ հայոց քաղաքական անդաստաններում դեռեւս չի ծնվել այն տղամարդը (համենայնդեպս՝ մինչեւ 2008 թվականը դժվար էլ ծնվի), որը փորձի խոչընդոտել իրեն որեւէ ձեռնարկում։ Երկրի նախագահն ապացուցեց, որ ինքն իրոք ուժեղ, խելոք, վճռական, սառնասիրտ ու հեռատես քաղաքական գործիչ է։ Անշուշտ, նշված որակները կարեւոր ու անհրաժեշտ բաղկացուցիչներ են երկրի ղեկավարի համար։ Սակայն դրանք իրապես կարժեւորվեն, ժողովրդի գնահատանքին կարժանանան միայն այն դեպքում, երբ անմնացորդ կնպատակաուղղվեն հայրենիքի ու ժողովրդի բարգավաճման ու բարեկեցության գործին (ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում), երբ կնպաստեն երկրում իրապես ժողովրդավարական ինստիտուտների, ինստիտուցիոնալ կառույցների կայացմանը, բյուրոկրատիզմի բացառմանը, խոսքի, մամուլի ոչ ձեւական ազատությանը։ Որպեսզի դատաիրավական ոլորտում, մաքսային, հարկային ծառայություններում, պետական կառավարում իրականացնող այլ կառույցներում, ՏԻՄ համակարգում գոնե մեղմացվեն կաշառակերության օրավուր ահագնացող չափերը։ Որպեսզի շարքային հայ մարդը այդ կառույցներում աշխատող ամենատարբեր տրամաչափի չինովնիկների կողմից արհամարհանքի ու անտարբերության չարժանանա, որպեսզի մեր փոքրիկ երկրի համար ծայրահեղ բեւեռացումը (բնակչության շուրջ 15 տոկոս գերհարուստները) չդիտվի որպես օրինաչափություն եւ որպես այդպիսին չդիտվի նաեւ աղքատությունը (բնակչության շուրջ 70 տոկոսը աղքատներ ու ծայրահեղ աղքատներ են) եւ չարդարացվի, թե իբր այն բնորոշ է ԱՊՀ երկրների համար։ Ճիշտ է, մեր կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է մշակում երկրում աղքատության հաղթահարման ուղղությամբ, բայց, ցավոք, այն խոսքից ու լոզունգներից այն կողմ չի անցնում։ Մայրաքաղաքում հայտնվել են հուսադրող ու լավատեսություն ներշնչող պաստառներ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Աղքատությունը մեր երկրում դարձնենք պատմություն»։ Ո՞վ եւ ինչպե՞ս է դա անելու։ Միգուցե եվրոինտեգրումը օգնի, բայց մինչ ինտեգրվելը, պարոնայք բեւեռացվածնե՛ր, երբեւէ փորձե՞լ եք ոչ միայն եվրոպական չափանիշներով հարկել, այլ նաեւ հարգել ձեր ժողովրդին. վիրավորելը միշտ էլ դյուրին է, փորձեք մի անգամ ապաքինել սեփական ժողովրդին պատճառած վերքերը։ Չէ՞ որ այսքան կարճ ժամանակահատվածում ձեր ահռելի միջոցների կուտակումը «ստեղծվել» է ժողովրդի այսօրվա աղքատության հաշվին. բակլան ձերն էր եւ այն խաշած էլ ցանեցիք։ Ասում են՝ նախագահի հանձնարարականով ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովն ինչ֊ինչ գործունեություն իրականացնում է, որն անարդյունավետ է։ Անպտուղ էլ կլինի, քանի դեռ այստեղ վիրահատական միջամտություն չկիրառվի: Երբեւէ փորձ արվե՞լ է անմիջական ու մարդկային հարցում անցկացնել ամենակոռումպացված կառույցների աշխատակիցների շրջանում։ Գուցե անհեթեթ բան եմ ասում, բայց ինձ թվում է, որ ոչ մի հարկային ծառայող, մեծից փոքր, չէր ցանկանա տեսնել ստվերի վերացումը կամ պարտաճանաչ ու օրինական հարկատուներ ունենալը, իսկ ո՞ր մաքսավորը կուզենար մաքսանենգության վերացումը, այդ ո՞ր պետավտոտեսուչը կերազեր, որպեսզի կարգազանց վարորդներ չլինեին կամ ավտոմեքենաների գրանցումն ու արտոնյալ պետհամարանիշների տրամադրումը առանց վերաբերմունքի լիներ, կամ իրավապահ մարմինները արդյո՞ք կուզենային հանցագործությունների աճի նվազում տեսնել, իհարկե՛, ոչ։ Քանզի, եթե դրանք լինեին, այժմ, անշուշտ, եկամուտներն էլ չէին լինի։ Այս ամենը տեղի է ունում ամեն օր ու ամեն ժամ, օրը ցերեկով, առանց վախի, առանց խղճի ու ամոթի, եւ հիմնականում՝ մայրաքաղաքում։ Հարյուրամյակներ շարունակ կաշառքը իր տարբեր դրսեւորումներով ուղեկցել է մարդկությանը՝ պահելով կենսունակությունը եւ հեքիաթների չքնաղ փերիների պես գայթակղել ու կործանել է հատկապես նրանց, ովքեր մոռացել են, որ հարստությունը սահման չունի, ովքեր կորցրել են չափի զգացողությունը, ում մոտ պարզապես չի գործել արգելակման համակարգը։ ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆԳյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել