Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ՝

Ապրիլ 05,2006 00:00

Առայժմ՝ զեկույցի սեւագիրը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշակում է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց: Այդ մասին երեկ տեղեկացրին նախաձեռնության հեղինակները՝ նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը, «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի» տնօրեն Սամվել Ջավադյանը, «Փարոս» երիտասարդական միություն» հ/կ նախագահ Ռուբեն Մարկոսյանը, «Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի նախագահ Գերասիմ Բարսեղյանը եւ «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Ասատրյանը: Զեկույցի պատրաստման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 12 մլն դրամ, որը կօգնի փորձագետների խմբին ուսումնասիրություններ կատարել եւ վեր հանել երիտասարդությանը հուզող խնդիրները: Աշխատանքները սկսվել են 2005-ի հունիսին, եւ փորձագիտական խումբը գործընթացի ներկայիս փուլում հասցրել է սոցհարցումների միջոցով ճշտել, որ երիտասարդությունը ունի սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ տեսակի խնդիրներ: Հպանցիկ հարցերով փորձ է արվել նաեւ պարզել երիտասարդության շրջանում առկա քաղաքական դիրքորոշումները, որոնց ենթատեքստում շոշափելի է դառնում նրանց ռազմահայրենասիրական ոգու պատրաստվածության աստիճանը եւ վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Ըստ բանախոսների, ավարտվեց զեկույցի պատրաստման սեւագիր փուլը: Մասնակիցները միմյանց հաջորդելով բացատրեցին, թե ինչպես, ում միջոցով, որքան ժամանակում են այդ ամենը արել, իսկ թե ինչ են արել՝ այդպես էլ մնաց գաղտնիության քողի տակ: Ասացին, որ այժմ մեկնարկում է հանրային քննարկման ժամանակահատվածը: Սակայն չունենալով զեկույցի կարեւոր մանրամասներ, լրագրողները զարմացան, թե ինչը պետք է ներկայացնեն հանրությանը եւ ընդհանրապես որն էր ասուլիսի նպատակը: Չնայած այդ դիտարկմանը՝ բանախոսներից Կարեն Ասատրյանը շարունակեց բացատրել, որ ազգային զեկույցը բավականին լուրջ փաստաթուղթ է, որի վրա պետք է հիմնված լինի պետության կողմից տարվող երիտասարդական քաղաքականությունը: Գ. Բարսեղյանն ասաց, որ իրենց նպատակը մեկն է. «Մենք պետք է շատ լավ զեկույց ներկայացնենք, որովհետեւ դա ինչ-որ տեղ մեր երկրի դեմքն է: Մենք խնդիր չունենք երիտասարդության հարցերը կոծկելու, որովհետեւ այն միջոցները, որոնք այսօր գալիս են Հայաստան՝ պետք է հասցեական, նպատակային լինեն եւ առնչվեն երիտասարդության խնդիրներին»: Շուտով զեկույցի նախնական տարբերակը կներկայացվի Եվրախորհրդի երիտասարդության հարցերով տնօրինություն, ամռանը ԵԽ փորձագետները հանդես կգան առաջարկներով, այնուհետեւ փաստաթուղթը կդրվի հասարակական լայն քննարկման, իսկ լրամշակվելուց հետո փաստաթղթի առնչությամբ հեղինակավոր իր վերջին խոսքը կասի ՀՀ կառավարությունը: Զեկույցի շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա նոյեմբերին: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել