Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի

Ապրիլ 22,2006 00:00

ԱՄՆ-ի հայերն ու թուրքերը պատրաստվում են ապրիլի 24-ին Ըստ «Բոստոն Գլոբ» հեղինակավոր թերթի, ԱՄՆ քաղաքական գործիչներն ու տարբեր համայնքներ ներկայացնող կազմակերպությունները միանում են ամերիկահայերի՝ ԱՄՆ-ի դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմությունը դասավանդելու համար պայքարին: Ներկայումս Բոստոնի դատարանում լսվում է Մասաչուսեթս նահանգի դպրոցներից մեկի ուսուցչի, ինչպես նաեւ թուրքական կազմակերպությունների հայցը, ըստ որի պահանջվում է պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածում ավելացնել նաեւ թուրքական տեսակետը: Թերթը տեղեկացնում է նաեւ, թե երեկ Բոստոնի դատարանի առջեւ Մասաչուսեթսի նահանգի հայկական կազմակերպությունները բողոքի ցույց են արել, որին մասնակցել են տեղի հրեական եւ իռլանդական համայնքների ներկայացուցիչները, Մասաչուսեթսի գլխավոր դատախազը եւ փոխնահանգապետը: Վերջին երկուսն էլ պայքարում են նահանգապետի պաշտոնի համար: Այս օրերին Հայոց ցեղասպանությանն է անդրադարձել նաեւ «Բոստոն Հերալդ» թերթը, որը մեջբերում է Հարվարդի Ցեղասպանությունների ուսումնասիրման ինստիտուտի փորձագետ Հելեն Ֆեյնի կարծիքը՝ «Դա ցեղասպանություն էր բոլոր չափանիշներով: Նույնիսկ վիրավորական եւ ծիծաղելի է վիճել այն հերքողների հետ»: Մինչդեռ այս օրերին ակտիվ են նաեւ ԱՄՆ-ի ադրբեջանական եւ թուրքական համայնքները: Վերջիններս որոշել են երեկվանից մինչեւ ապրիլի 26-ը համատեղ բողոքի ակցիաներ անցկացնել՝ հակազդելու ամերիկահայերին, որոնք պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության տարելիցը: Թուրք եւ ադրբեջանցի ակտիվիստների մի խումբ հավաքվելու է Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան մոտ եւ բողոք է հայտնելու հայերի քարոզարշավի դեմ: «Թրենդի» փոխանցմամբ, այդ ակցիաներով թուրքերն ու ադրբեջանցիները պատասխանում են ապրիլի 24-ին հայերի նախատեսած միջոցառումներին, այդ թվում՝ System Of A Down ռոք խմբի համերգին: Գործակալությունը նշում է, որ «թուրք դիվանագետները թուրքերին եւ ադրբեջանցիներին հորդորել են զսպվածություն դրսեւորել եւ չենթարկվել հայկական սադրանքներին»: Հաղորդվում է նաեւ, որ այդ օրերին Վաշինգթոնի ոստիկանությունը կձեռնարկի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ: Ապրիլի 22-ին ադրբեջանա-ամերիկյան կազմակերպության ակտիվիստները հավաքվելու են Նյու Յորքի Թայմզ Սքուեր հրապարակում եւ «անց են կացնելու հանրահավաք, որի նպատակն է մերկացնել, այսպես կոչված, ցեղասպանության մասին սուտը»: Այս մասին անցած ամիս հայտնել էր կազմակերպության նախագահ Թոմրիզ Ազերին: Նրա խոսքերով, «ադրբեջանցիները Նյու Յորքում մտադիր են անցկացնել գիտաժողով եւ ամերիկյան հասարակությանը տեղյակ պահել Ղարաբաղում, մասնավորապես՝ Խոջալուում, ադրբեջանցիների կոտորածի մասին»: «ԱՄՆ ադրբեջանական համայնքի գործունեությունը հետզհետե ավելի շոշափելի է դառնում. այս տարի կոնգրեսականներին ենք հղել շուրջ 600 նամակ՝ հայերի խարդախ պրոպագանդայի մասին»,- ասել է Թոմրիզ Ազերին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել