Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլ 28,2006 00:00

ԿԱՐԵՎՈՐԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱ՞ՅՐՆ Է ՌԴ-ում եւ այլ երկրներում հայերի սպանությունների նկատմամբ երկակի վերաբերմունքի կապակցությամբ հարցնում է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» կազմակերպության ղեկավար Վարդան Հարությունյանը: – Ծալկայում հայ երիտասարդի սպանությունից հետո մեր ազգայնականներն առաջարկեցին անգամ զորք մտցնել Վրաստան: Սակայն ինչպե՞ս եք բացատրում, որ համանման ծայրահեղական կոչեր չեն հնչում այնժամ, երբ Մոսկվայում այս տարվա ընթացքում հայերի վրա արդեն 6 հարձակում է կատարվել, եւ վերջիններն էլ օրերս 17-ամյա Վահան Աբրահամյանցի սպանությունն ու ռեժիսոր Միքայել Դովլաթյանի ծեծն էր: – Շատ ցավալի է, որ մարդիկ են սպանվում: Հետեւելով Մոսկվայում կատարված սպանության եւ ծեծի վերաբերյալ մեզանում առկա արձագանքներին՝ կարելի է գալ մի եզրակացության, որ մեզ համար չափազանց էական է, թե որտեղ եւ ով է հայ սպանել: Մենք ըմբոստանում, հայհոյում, պատերազմի, արժանապատվության ու պատիվ պահելու կոչեր ենք անում միայն այն դեպքում, երբ հայը ծեծվում, վիրավորվում կամ սպանվում է վրացու, թուրքի կամ ադրբեջանցու ձեռքով: Իսկ եթե դա կատարվել է մեր հավե՜րժ բարեկամ Ռուսաստանում, ապա այլ է արձագանքը: Նույնիսկ հրապարակային փորձեր են արվում այդ սպանության ու բռնությունների դեպքերը դիտարկել ՌԴ-ում հայերի բացասական, կոպիտ կամ բռի վարքագծի համատեքստում, ինչով փոխվում է հանցագործության դրդապատճառը ու կենցաղայինի վերածվելով՝ մեղմացվում եւ ինչ-որ իմաստով՝ այսօրվա եւ վաղվա զոհի համար նաեւ ծառայում է որպես մեղադրանք: Պարզվում է, որ ճիշտ են այն պնդումները, թե մենք, բացի մեկից, մեր մյուս բոլոր հարեւանների հետ էլ պատերազմի մեջ ենք: Մենք մեր բոլոր հարեւաններին դիտարկում ենք որպես թշնամի: Այնքան մեծ է մեր անբարյացկամությունը եւ անբարեհաճությունը նրանց նկատմամբ, որ անկախ պատճառից՝ հայի նկատմամբ կատարված կամայական ոտնձգությունը դիտարկում ենք որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ ուղղված թշնամական գործողություն: Մենք մեզ համար ստեղծել ենք բարեկամ Ռուսաստանի կերպար, որը մեր նկատմամբ վարվում է այնպես, ինչպես կամենում է, եւ որի բարեկամությունից հայտնի չէ, թե ինչ ենք շահել: Այսօր էլ ահա, Ռուսաստանում կատարվող այս բռնությունների ու սպանությունների ֆոնին, մեր ողջ եռանդն ու միտքը ներդրած՝ մեր հարեւաններից հավերժական թշնամու կերպար ենք կերտում, որ այն որպես բարդույթ փոխանցենք մեր երեխաներին: – Բացառո՞ւմ եք, որ այս հարձակումները սովորական խուլիգանություն են: Միքայել Դովլաթյանի կապակցությամբ բացատրություն հնչեց, թե շշով խփել են գլխին՝ ամիսը 200 նման դեպք է լինում Մոսկվայում: Մինչդեռ Վրաստանի կողմից իբրեւ ծրագրված պետական քաղաքականություն է դիտվում այն, որ սվանները վերաբնակեցվում են Ջավախքում, եւ հրահրվում են ազգամիջյան բախումներ: Սա է թերեւս պատճառը, թե ինչու է մեր հարեւան երկրում կատարվածն այդքան սուր ընկալվում, իսկ ՌԴ-ում կատարվածն՝ ավելի մեղմ: – Բացառվում է, որ այս դեպքերը լինեն խուլիգանություն: Սրանք ազգային հողի վրա կատարված հանցագործություններ են: Այս հարձակումները կատարվում են ոչ միայն հայերի, այլեւ ուրիշ ազգերի նկատմամբ նույնպես: Ռուսաստանը բռնել է ֆաշիստական երկիր դառնալու ուղին: Ե՛վ հայ երիտասարդի, ե՛ւ տաջիկ աղջկա, ե՛ւ սեւամորթների, ե՛ւ այս կարգի մյուս սպանություններն էլ են հարկավոր դիտարկել այս համատեքստում: Տաջիկ աղջկա սպանության գործով դատավարությունը եւ հանցագործների նկատմամբ կիրառված մեղմ պատիժները ուղղակի վկայում են, որ Ռուսաստանն իրոք վերածվում է ֆաշիստական երկրի: Իսկ Վրաստանի դեպքում մեր անբարյացկամությունն ու թշնամանքն այնքան սուբյեկտիվ ու զգայական են, այնքան անարդարացի եւ չհիմնավորված, որ չի կարող դիմանալ որեւէ քննադատության: Մենք ուղղակի չենք ուզում որեւէ դրական բան տեսնել մեր հարեւանի մեջ, հասկանալ նրա առջեւ ծառացած խնդիրները եւ իրավիճակին մի պահ անգամ նայել նրա տեսանկյունից: Եվ հայի մասնակցությամբ հարբածների ամեն վեճ կամ միջադեպ, հարեւանների ցանկացած կռիվ փորձում ենք մեկնաբանել միայն ու միայն մեր «ազգային շահի» տեսանկյունից, ըստ որի՝ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը հակահայ է: Մենք փորձում ենք մեր փոխհարաբերություններում Ջավախքը որպես մահակ օգտագործել Վրաստանի դեմ ու հետն էլ աղաղակել այդ երկրի հակահայ քաղաքականության ու մեզ չսիրելու մասին: Իսկ մեր մյուս հարեւանի՝ Ադրբեջանի մասին ընդհանրապես խոսք չկա: Ամենահեռու ապագայում անգամ չի նշմարվում փոխհարաբերության որեւէ եզր: Բայց ի՞նչ տարբերություն ռուս շովինիստի կողմից մետրոյում հայի դանակահարության եւ ադրբեջանցու կողմից նույն դրդապատճառներով մեկ այլ հայի կացնահարության միջեւ, բացի նրանից, որ մի դեպքում հանցանքը գործել է բարեկամ երկրի քաղաքացին, մյուս դեպքում՝ մի երկրի սպա, որի հետ Հայաստանը պատերազմի մեջ է: Սակայն համեմատեք, թե ինչքան տարբեր արձագանքների են դրանք արժանանում մեզանում: – Հակավրացական հայտարարություններին արձագանքեց մեր ազգային անվտանգության ծառայությունը, եւ դրանց հեղինակները զգուշացվեցին, որ անթույլատրելի է ազգամիջյան թշնամանք հրահրելը: Իսկ Ռուսաստանի դեպքերի կապակցությամբ ի՞նչ պիտի անի մեր պետությունը, որ չի արվում: – Լավ է, որ հակավրացականությունն ունեցավ թեկուզ ձեւական, բայց հակազդեցություն: Չնայած գտնում եմ, որ արձագանքը պետք է լիներ ամենաբարձր մակարդակներից: Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին եւ հայրենակիցներին: Պետք է ոչ միայն Ռուսաստանի հայերի միությունը, այլ նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հանդես գար պաշտոնական հայտարարությամբ, դիմեր որոշակի քայլերի: Բայց ես բոլորովին կոչ չեմ անում ընկնել աժիոտաժի մեջ եւ անել այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք, ասենք, արվում են Վրաստանի դեպքում: Հիմա էլ՝ հակառուսական: Ընդհակառա՛կը: Ես փորձում եմ դատապարտել ցանկացած հիստերիա՝ լինի դա Վրաստանի կամ մեկ այլ հարեւան եւ ոչ հարեւան երկրի նկատմամբ: Ես ուղղակի չեմ հասկանում, թե հայի սպանության դեպքում ինչո՞ւ են մեր երկրի ու հասարակության կողմից կիրառվում երկակի չափանիշներ: Մի՞թե նման դեպքերում կարեւորը սպանության աշխարհագրական վայրն է: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել