Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԵԿՈԾ ՀՈՎՏԻ ԿԱՆՉԸ

Նոյեմբեր 27,2006 00:00

Լույս տեսավ Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռնահովիտ» փաստագրական վեպը՝ նվիրված Կոթիի ինքնապաշտպանությանը: «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ նախագահ Մարատ Ջանվելյանի հովանավորությամբ այն հրատարակվում է 1800 օրինակով: Այդ առթիվ «Առավոտը» մի քանի հարց ուղղեց Մարատ Ջանվելյանին:

– Այս օրերին թերթերով ու հեռուստատեսությամբ հասարակության ուշադրությանն է ներկայացվում Ձեր հովանավորությամբ հրատարակված «Մարտնչող լեռնահովիտ» գիրքը՝ նվիրված Կոթիի ինքնապաշտպանությանը: Հեռուստաեթերից Դուք հայտարարեցիք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք այն վերահրատարակել եւ տպագրել այնքան օրինակով, ինչքան անհրաժեշտ կլինի:

– Ես միանշանակ իմ խոսքի տերն եմ եւ ինչ որ ասել եմ՝ անելու եմ: Եվ նման խոստում չէի տա, եթե վստահ չլինեի, որ գրքի հեղինակը՝ պատանեկան տարիների իմ ընկեր Իգնատ Մամյանը, այս գործում ինձ հետ կլինի մինչեւ վերջ: Նա, ճիշտ է, չի ծնվել Կոթիում, բայց իր եզերքի նվիրյալն է՝ նրա համար ամեն ինչի պատրաստ: «Մարտնչող լեռնահովիտ» գրքի հրատարակումից ընդամենը ամիսներ առաջ լույս տեսավ նրա «Վիրավոր լեռան ճիչը» վեպը՝ նվիրված Ոսկեպար գյուղի ինքնապաշտպանությանը, որի համար նույնպես քիչ ջանք ու եռանդ չխնայեց: Մեր քառասուն տարվա եղբայրական մտերմությունը գալիս է հաստատելու իմ վստահությունը:

– Դուք խոսել եք Կոթիին վերաբերող գրեթե բոլոր հարցերի մասին, բայց չի քննարկվել շատ կարեւոր մի երեւույթ: Ինչպես հայտնի է, Կոթիում այսօր կան բազմաթիվ դատարկ տներ, որոնց տերերը գյուղից հեռացել, բնակվում են այլ վայրերում: Ինչպե՞ս եք տեսնում այդ տների ճակատագիրը, ասենք, 10 տարի հետո…

– Իսկ Հայաստանի ո՞ր գյուղում չկան դատարկ տներ:Դա համընդհանուր երեւույթ է՝ անցումային տարիների ծանր ու դժվարին կենցաղային պայմանների հետեւանք: Կոթիում, ըստ տրամաբանության, անհամեմատ շատ պիտի լինեին դատարկ տները: Պատկերացրեք՝ չորս տարի շարունակ գյուղը հրետակոծվում էր տանկերով ու հրանոթներով, չգիտեին՝ հերթական արկը ո՞ւմ տան պատին է պայթելու, ո՞վ է լինելու հերթական զոհը: Եվ այդ պայմաններում գյուղը, համենայնդեպս, չդատարկվեց: Վերջին մի քանի տարիներին արդեն վերադարձողներ են եղել, շնորհիվ Կոթիում առկա սոցիալ֊կենցաղային պայմանների բարելավման: Վստահ եմ, որ այդ երեւույթը կշարունակվի: Երկրի ղեկավարությանը գյուղի այսօրվա ասելիքը հետեւյալն է: «Տվեք մեզ ոռոգման ջուր, եւ մենք կկերակրենք ամբողջ մարզը»: Ես խորապես հավատում եմ դրան: Հավատում եմ, որ գյուղի բերրի դաշտերը երբեւէ կապահովվեն ոռոգման ջրով, եւ այն կդառնա առատության այն ոստանը, որ եղել է ոչ հեռավոր անցյալում:

– Դուք ղեկավարում եք վիթխարի գյուղատնտեսական ձեռնարկություն: Չե՞ք կարծում, որ սահմանամերձ Ձեր ծննդավայրի ամրապնդման, ժողովրդի կեցության բարելավման համար անհրաժեշտ է այնտեղ հիմնել որեւէ մասնաճյուղ:

– Իմ ղեկավարած ձեռնարկությունը հազիվ մեկ տասնամյակի կենսագրություն ունի, ստեղծվել է հիմնովին ավերված տնտեսությունների հենքի վրա ու տակավին չի կարող լայնորեն ծավալվելու քայլեր անել, բայց Կոթիում մասնաճյուղ կամ մասնաճյուղեր հիմնելու գաղափարը կա իմ մեջ:” 1990-ին, երբ պատերազմն արդեն անխուսափելի էր, Երեւանում ես թողեցի ամեն ինչ եւ տեղափոխվեցի Կոթի: Այնտեղ գնեցի աճուրդի հանված անասնաշենքեր, որ հենց սահմանի վրա էին, անասուններ, եւ պատերազմին զուգընթաց անասնապահություն էի իրականացնում: Դա հարկավոր էր գյուղին, եւ, առաջին հերթին՝ բարոյահոգեբանական առումով: Այսինքն՝ եթե գյուղին մեծ վտանգներ են սպառնում, նա ինչպե՞ս է գալիս այստեղ տնտեսություն հիմնում, ծախսեր անում, չէ՞ որ ամեն ինչ կարող է փոշիանալ: Եվ իրենք էլ չէին հեռանում գյուղից: Այն ծանր տարիների փորձով վստահ եմ, որ Կոթիում գյուղատնտեսական արտադրության ցանկացած ճյուղ կարող է բարգավաճել: Առաջիկայում, հավանաբար, մենք կզբաղվենք այդ խնդրով:

– Հաշվի առնելով Ձեր հայրենասիրությունն ու բարեգործական ձեոնարկումները, հարցնում ենք. ստանձնե՞լ եք, արդյոք, Կոթիի ինքնապաշտպանության մարտերում զոհված որեւէ մեկի ընտանիքի նյութական ապահովությունը: Ի վերջո, նման հարցերում կոնկրետ փաստն ավելին է ասում, քան ցանկացած ընդհանուր հայտարարություն:

– Չեմ սիրում խոսել արված բարեգործությունների մասին: Բայց եթե թերթեք մեր հաշվապահական փաստաթղթերը, կտեսնեք, թե մեր կողմից որչափ նյութական բարեգործություններ են արվում կարիքավոր մարդկանց նկատմամբ՝ լինի զոհված ազատամարտիկի ընտանիք, հաշմանդամ դարձած ազատամարտիկ, թե պարզապես նեղության մեջ գտնվող մարդ: Այս հարցում մենք տարանջատումներ չենք անում: Եթե թերթեք մեր հաշվապահական մատյանները, կտեսնեք, որ մեր կողմից տրամադրվող բարեգործական միջոցները տարեկան գերազանցում են 22 մլն դրամը: Կարծում եմ՝ դա ամեն ինչ ասում է:

– Ի՞նչ է Ձեզ համար ծննդավայրը…

– Նա իմ սկիզբն է եւ իմ վերջը: Ես իմ մեջ անվերջ լսում եմ իմ ալեկոծ հովտի կանչը: Ես կյանքը պիտի այնպես ապրեմ, որ չկորցնեմ վերջին վերադարձի բարձր բարոյական իրավունքը: Կարծես թե դա ինձ հաջողում է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. […] Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2006/11/27/325597/ […]

Պատասխանել