Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հունվար 10,2007 00:00

\"\"Զավեն Անդրիասյանը՝ միջազգային գրոսմայստեր

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն 17-ամյա Զավեն Անդրիասյանին շնորհել է միջազգային գրոսմայստերի կոչում: Զավենը ներկայումս Հայաստանի ամենաերիտասարդ միջազգային գրոսմայստերն է:

Լեւոնն ու Գաբրիելը կմասնակցեն «Կորուս 2006»-ին

Հայաստանի անցած տարվա հերոսներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը մոտ օրերս մեկնելու են Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաք՝ մասնակցելու մրցաշրջան-2007-ի առաջին՝ «Corus» անվանումը կրող միջազգային 19-րդ կարգի գերմրցաշարին: Հանրապետության վերջին երկու տարիների լավագույն մարզիկ ճանաչված Լեւոն Արոնյանը ներկայումս մրցաշարին նախապատրաստվում է Եվրոպայում, իսկ նրա մտերիմ ընկեր եւ մարտավկա Գաբրիել Սարգսյանը՝ Երեւանում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Վեյկ ան Զեեում Լեւոնն ու Գաբրիելը համապատասխանաբար մասնակցելու են 14-ական մասնակից ունեցող «A» եւ «B» կարգի մրցաշարերին: «A» խմբում Լեւոնից բացի հանդես են գալու շախմատային գերաստղեր Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Ալեքսեյ Շիրովը, Ռուսլան Պոնոմարյովը, Մագնուս Կարլսենը, Լյուկ Վան Վելին, իսկ «B» խմբում՝ Գաբրիել Սարգսյանը, Դմիտրի Յակովենկոն, Պավել Էլյանովը, Էրվին Լամին, Եկատերինա Ատալիկը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Տատյանա Կոսինցեւան եւ ճանաչված այլ գրոսմայստերներ:

Կմասնակցեն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին

\"\"Լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվության համաձայն՝ այս օրերին հոկեյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը Թուրքիայում մասնակցում է աշխարհի առաջնության «C» խմբի մրցաշարին: Մարզաձեւի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Խաչատրյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ մինչեւ 20 տարեկանների խմբում մեր հոկեյիստների մրցակիցներն են տանտերերի, Չինաստանի, Նոր Զելանդիայի, Բելգիայի եւ Բուլղարիայի իրենց հասակակիցները:

Նույն գործակալությունները տեղեկացնում են նաեւ, որ գեղասահքի Հայաստանի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը մասնակցելու է հունվարի 18-28-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ ներկայացնելու է նոր ծրագիր: Այն կատարվելու է Բախի երաժշտության ուղեկցությամբ, որը կատարում է չինացի ջութակահարուհի Վանեսսա Մեյը: Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը լրատվամիջոցներին հայտարարել է. «ԱՄՆ-ում եւ Մոսկվայում նախապատրաստական փուլն անցկացնող մեր զույգը մարզվում է ճանաչված մարզիչ Ալեքսանդր Ժյուլինի ղեկավարությամբ, պարուսույցը Լյուդմիլա Վլասովան է: Եվրոպայի առաջնությանը տվյալ մարզաձեւում մասնակցելու է 30 զույգ, որոնց մեջ են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները»:

Նախապատրաստությունը՝ Ամերիկայում

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մրցաշրջան 2007-ում կարեւորագույն պաշտոնական հանդիպումներ անցկացնելուն նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսում է անցկացնել երկու ընկերական խաղ: Հունվարի 14-ին մեր ընտրանին ուժերը չափելու է Պանամայի ազգային հավաքականի, այնուհետեւ՝ հունվարի 17-ին՝ «Ֆրեզնո Ֆուեգո» ակումբի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Իան Պորտերֆիլդն այս մրցուղերթին մասնակցելու հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ. Գեւորգ Կասպարով եւ Էդգար Գասպարյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»):

Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Հայկ Չիլինգարյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Եղիշե Մելիքյան («Ստալ», Ուկրաինա):

Կիսապաշտպաններ. Աղվան Մկրտչյան, Արմեն Տիգրանյան, Լեւոն Պաչաջյան, Ռաֆայել Նազարյան, Հենրիկ Մխիթարյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Արթուր Մինասյան («Արարատ»), Կարեն Ալեքսանյան («Զիմբրու», Մոլդովա):

Հարձակվողներ. Արամ Հակոբյան («Բանանց»), Արմեն Շահգելդյան («Միկա»), Տիգրան Ղարաբաղցյան («Փյունիկ»), Արա Հակոբյան («Ստալ», Ուկրաինա), Արման Քարամյան («Չախլաուլ», Ռումինիա), Գալուստ Պետրոսյան («Զիմբրու», Մոլդովա):

Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ ԱՄՆ-ում հավաքականին կարող են միանալ նաեւ Արտավազդ Քարամյանը, Համլետ Մխիթարյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել