Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳԲ-ՈՒՄ» ՄԱՔՈՒՐ ԲԱՄԲԱԿ ՉԿԱՐ

Հունվար 22,2007 00:00

\"\"Ազատազրկման վայրում դատապարտյալը կորցրել է տեսողությունը

2004թ. հուլիսի 27-ին խարդախության հոդվածով 5 տարվա ազատազրկման դատապարտվեց «Արարատ-Լադա» սերվիսի տնօրեն, 1968թ. ծնված Հայկ Վարդանյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել կաշառք վերցնելու գործով, սակայն Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում այդպես էլ ի հայտ չեկավ կաշառք տվող «տուժողը», ուստի հոդվածը վերաորակվեց: Բայց խոսքը տվյալ դեպքում ոչ թե բուն քրգործի իրավունքների, այլ դատապարտյալների մասին է:

Հայկ Վարդանյանը մինչեւ 2006թ. հունիսը իր պատիժը կրեց ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում («ԿԳԲ-ի մեկուսարան»), ապա դատապարտյալների հիվանդանոցում եւ «Վարդաշենում»: Մինչ ձերբակալվելը, Հայկը տանը ծանր սթրես էր տարել՝ էլեկտրահարվել էր նրա 5-ամյա որդին եւ այդ սթրեսի հետեւանքով Վարդանյանի տեսողությունը վատացել էր: Նա բուժումներ էր ստանում Զեյթուն համայնքում գտնվող 8-րդ հիվանդանոցում;

Հայտնվելով «ԿԳԲ-ի մեկուսարանում», Հ. Վարդանյանը սկսեց տառապել ձախ աչքի ցավերից: Նա բժիշկ էր պահանջում, որը իրեն կհետազոտեր, սակայն դատապարտյալին մերժում էին: Ստիպված էր այդ մասին գրել ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, դատախազին, սակայն բժիշկ չէին տալիս՝ պատճառաբանելով, թե «իրենք աչքի մասնագետ չունեն»: Հայկ Վարդանյանը պատմում է, որ անգամ մաքուր բամբակ չէր տրամադրվում իրեն: Թարախը տարածվեց նաեւ աջ աչքի շրջանում:

Ի վերջո, մեկուսարան այցելած ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները իրենց թիվ 1169 եզրակացությամբ հանգեցին այս հետեւությանը. «Վարդանյանի ձախ աչքի տեսողությունը մոտ է գործնական կուրության: Նա կարիք ունի բուժման՝ մասնագիտացված կլինիկայում, հնարավոր է հետագա վիրահատական միջամտություն: Աչքի տվյալ հիվանդությունները համարվում են ծանր՝ անբարենպաստ ընթացքով»: Թվում էր, թե այսքանից հետո կհարգվեն դատապարտյալի տարրական իրավունքները եւ նա կստանա մասնագիտացված օգնություն, սակայն մինչ իր վաղակետ ազատումը նա ամբողջովին կորցրեց ձախ աչքի տեսողությունը: Նույնը սպառնում է աջին: Ի դեպ, նույնը հաստատել է ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության նախկին պետը՝ Ս.Հովհաննիսյանը, ՀՀ փաստաբանների միությանն ուղարկած (28.04.2005թ.) իր պատասխանով. «2004թ.-ից Հ. Վարդանյանը գտնվելով կալանքի տակ, չի ստացել մասնագիտական բուժում: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հնարավոր չէ իրականացնել վերոնշյալ բուժումը»:

4 ամիս առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է դիմել Հայկ Վարդանյանը: Դատական նիստը դեռ չի սկսվել: Պատասխանողներն են արդարադատության եւ ֆինանսների նախարարությունները: Հ. Վարդանյանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 100.000.000 ՀՀ դրամ՝ որպես իր առողջությանը հասցրած վնասի հատուցում: Հաջողության չհասնելու դեպքում Վարդանյանը մտադիր է դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: «Ձերբակալման օրից ի վեր բուժում չստանալու հետեւանքով ներկայումս առաջացել է անհապաղ վիրահատության անհրաժեշտություն, որը, ցավոք, մեր հանրապետությունում հնարավոր չէ իրականացնել: Մարդը, նրա արժանապատվությունն ու հիմնական իրավունքները բարձրագույն արժեքներ են: Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»,- ասում է Հ. Վարդանյանը:

Հ. Գ. «Առավոտը» նախանցյալ տարի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ միասին, պատվոգիր է հանձնել Հայկ Վարդանյանին՝ «արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, խոշտանգում, ազատազրկում եւ արժանապատվություն» թեմաներով էսսեների մրցույթում լավագույնը ճանաչվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031