Լրահոս
Օրվա լրահոսը

Ամալյանը տեղում չէ

Հունվար 22,2007 00:00

\"\"Բառիս բուն իմաստով

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին հարցեր ուղղելու մեր բազմաթիվ փորձերն անցան ապարդյուն: Գործավարուհին ստուգողական հարցեր տալով եւ լսելով «Առավոտի» անունը, միշտ պատասխանում է. «Պարոն Ամալյանը տեղում չէ»: Պարզվեց, որ նա աշխատանքից չի ազատվել եւ արձակուրդում էլ չէ, սակայն «Ամալյանը տեղում չէ» պնդումը ճիշտ է՝ բառի ուղղակի եւ անուղղակի իմաստներով: Իսկ մեր զանգերի նպատակն էր ՀՌԱՀ-ի նախագահից պարզաբանումներ ստանալ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի դժգոհությունների վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք «Առավոտի» զրույցը պարոն Կարապետյանի հետ:

– Երբ ստացել ենք արտոնագիր, հանձնաժողովի հետ մենք կնքել ենք զարգացման պայմանագիր, որը իրենց պահանջն է: Մենք մեր պայմանի տերն ենք եւ բազմիցս դիմել ենք հանձնաժողովին՝ հաճախականությունների մրցույթի եւ աճուրդի մասին մեզ տեղյակ պահել: Սակայն հանձնաժողովն ամեն ինչ անում է մեզ խոչընդոտելու համար: Մեր բոլոր դիմումները, խնդրանքները մնացին անպատասխան: Անընդհատ խճճում են, ասում՝ գնացեք ստեղ նայեք, ընդեղ նայեք, ինտերնետի էսինչ էջում նայեք: Մեր մասնագետը մշտապես հետեւում է ինտերնետին եւ ոչ մի հայտարարություն, ոչ մի տեղեկատվություն այդ մասին չի գտնում: Բնականաբար, սա խոչընդոտում է մեր պայմանագրի զարգացման կետի բավարարմանը եւ մենք զրկվում ենք մարզերի հեռավոր գյուղերում հեռարձակվելու հնարավորությունից, մինչդեռ բնակչության կողմից ստանում ենք բազմաթիվ նամակներ, որոնք ուղարկում ենք Ամալյանին:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՀՌԱՀ-ի նախագահի նման վերաբերմունքը ձեր հեռուստաընկերության նկատմամբ:

– Դա պարզապես քեն է: Մենք ժամանակին մի փոքր կոնֆլիկտ ենք ունեցել Ամալյանի հետ: Նա ինչ-որ օղու շիշ էր տեսել մեր եթերում եւ մեզ դրա համար նկատողություն արեց: Այսօր օղու շշերը եթերում շատ են: Կարող եմ ասել, թե որ եթերում եւ ինչ շշեր, բայց ինքը չի՞ տեսնում: Եթե չի տեսնում, կարող ենք տեսագրել եւ ուղարկել իրեն: Իսկ մեր եթերից ցույց կտանք Ամալյանի նկարը եւ կներկայացնենք իր թերարժեք գործունեությունը, որ օգտագործելով պաշտոնը՝ անձնական հարցեր է լուծում:

– Պարոն Կարապետյան, միգուցե դա իշխանությա՞ն քաղաքականությունն է, որ մարզերում հասանելի լինի միայն Հ1-ը իր «Հայլուրով»:

– Գուցե, դա էլ կա: Բայց մի բան պարզ է, որ մեր հեռուստաընկերությանը ՀՌԱՀ-ը վերապահումով է մոտենում:

– Հնարավո՞ր է, որ 2009թ., երբ լրանա ձեր պայմանագրի ժամկետը, ձեր դեմ որպես փաստ օգտագործեն այդ հանգամանքը, որ դուք չեք իրականացրել զարգացման ծրագիրը:

– Այո, հնարավոր է: Բայց, փառք Աստծո, որ մարտ ամսից Ամալյանը էլ չի նախագահելու այդ հանձնաժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031