Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թ. ՍԷՖԻԼՅԱՆԸ ՍՊԱՌՆԱԼՈՒ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հունվար 24,2007 00:00

«Աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել են «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանող հանձնախմբեր:

Այն մեծ ձայն է առաջացրել, որը վնաս է ոչ թե հայրենիքին, այլ ներկա իշխանություններին: 23 տարեկան էր Ժիրայրը, երբ եկավ Հայաստան: Չեմ կարծում, որ նա մեծ դիվանագետ էր, կամ ուներ այնպիսի նպատակներ, որով կարողանար վախեցնել իշխանություններին: Ինձ համար անակնկալ էր այն ամենը, ինչ կատարվել է: Եթե Ժ. Սէֆիլյանը հանցագործ է կամ որեւէ հանցագործություն կատարած լիներ, երբեք նրան չէինք պաշտպանի»,- երեկ «Փակագիծ» ակումբում հայտարարեց Ժ. Սէֆիլյանի եղբայր, Լիբանանում «Ի պաշտպանություն Ժ. Սէֆիլյանի» ստեղծված հանձնախմբի անդամ Թորոս Սէֆիլյանը: Վերջինս ցանկություն հայտնեց առաջիկայում հանդիպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: «Առավոտի» հարցին, որ եթե «Ձեզ հաջողվի հանդիպել նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ, ինչպե՞ս եք ներգործելու նրանց վրա, որպեսզի իրենց դիրքորոշումը փոխեն Ժ. Սէֆիլյանի նկատմամբ», Թ. Սէֆիլյանն ասաց. «Ես ներկայանալու եմ ոչ թե նրա եղբայր, այլ ստեղծված հանձնախմբի անդամ: Նախ կպահանջեմ, որ բացատրեն, թե իրենք ինչպե՞ս կամ ի՞նչ պատճառով են Ժ. Սէֆիլյանին ձերբակալել, որպեսզի այդ ամենը ես փոխանցեմ սփյուռք»: Թ. Սէֆիլյանը հավելեց, որ նույնիսկ սպառնալու է սփյուռքի անունից:

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը հայտարարեց, որ ներկայումս Ժ. Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործով հետաքննությունը հայտնվել է փակուղում: Կրկին հաստատելով Ժ. Սէֆիլյանի անմեղությունը՝ Ա. Աղայանն ասաց. «Մենք հենց ձերբակալության պահին եւ այսօր էլ համոզված ենք, որ գլխավոր պատվիրատուն Սերժ Սարգսյանն է»: «Առավոտի» հարցին ի պատասխան, թե իրենց որտեղի՞ց այդ տվյալները, Ա. Աղայանը պատասխանեց. «Մենք պատվեր տալու պահին նրա կողքը կանգնած չէինք, սակայն մարդկանց գործողությունները որոշակի հետքեր են թողնում, որոնցից կարելի է եզրակացություններ անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել