Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ով ուժ գործադրի՝ կհեռացվի»

Հունվար 25,2007 00:00

«Երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցեցին Եվրախորհրդին, նրանք կատարեցին իրենց ընտրությունը՝ հաստատելով նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Ըստ «Արմինֆոյի», այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը՝ լրագրողների հետ նախաճաշի ընթացքում: Նա նշել է, թե այդ պարտավորության չկատարելը կհանգեցնի չափազանց լուրջ հետեւանքների, մասնավորաբար՝ ուժ գործադրած երկրի հեռացմանը Եվրախորհրդի կազմից, քանի որ դա կնշանակի կազմակերպությանը տված խոստումների չափազանց կոպիտ խախտում: «Ես շատ կվշտանամ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դրժեն իրենց խոստումները»,- ասել է Դեւիսը: ԵԽ գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին այն բանի համար, որ նրանք մշտապես իրեն տեղյակ են պահում գործերի ընթացքին: «Բավական թվով մարդիկ են զոհվել այդ հակամարտությունում, անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծում գտնել դրա կարգավորման համար, որը պետք է բխի ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների շահերից»,- թեման ամփոփել է կազմակերպության ղեկավարը:

Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նույն հանդիպման ժամանակ Դեւիսը նաեւ որոշակի ընդհանրացումներ է արել, նշելով, որ Կոսովոյին, Լեռնային Ղարաբաղին, Կիպրոսին, Մերձդնեստրին եւ այլ տարածքներին անկախություն շնորհելու կամ չշնորհելու հարցը կարող է որոշել միայն ՄԱԿ֊ը: Մինչդեռ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լորդ Ռասել Ջոնսթոնը, որը երեկ Ստրասբուրգում ներկայացրել է Կոսովոյի վերաբերյալ զեկույցը, կարծիք է հայտնել, թե Կոսովոյին պետք է «որոշակի պայմաններով անկախություն շնորհել»: «Կոսովոյի վերադարձը Բելգրադի հովանու ներքո միայն կխորացնի հիմնախնդիրը, քանի որ կողմերը վաղուց արդեն անմիջականորեն չեն շփվում, այլ միմյանց հետ խոսում են բացառապես միջնորդների միջոցով»,- ասել է Ջոնսթոնը:

Այսօր Ստրասբուրգում կայանալու է ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում, որի ժամանակ քննարկվելու է ԼՂ հարցը: Ինչպես «Թրենդ»-ին հայտնել է Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Այդին Միրզազադեն, հանդիպումը անցկացվելու է ԵԽԽՎ-ի ԼՂ հարցով ենթահանձնաժողովի շրջանակներում՝ ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մասնակցությամբ:

Կովկասի հակամարտություններին առնչվող ստրասբուրգյան հաջորդ ուշագրավ իրադարձությունը ԵԽԽՎ ենթահանձնաժողովի երեկվա նիստում անհայտ կորածների գծով զեկուցող, հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոյետի հաշվետվության նախագծի ներկայացումն էր: Ինչպես «Թուրան»-ին հաղորդել է պատգամավորը, դրանում գնահատական է տրված վրաց-օսական եւ հայ-ադրբեջանական հակամարտությունների գոտիներում տիրող իրավիճակին: Ի մասնավորի՝ նշված է, որ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անհետ կորել է առնվազն 5 հազար մարդ, ինչը «լուրջ մարդասիրական խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել