Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինֆորմացիայի ազատությունը մեզ մոտ եւ Բուլղարիայում

Հունվար 25,2007 00:00

Ծաղկաձորում 3 օր առաջ ավարտվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած երկօրյա սեմինարը՝ «Տեղեկատվության ազատությունը» թեմայով:

ՀՀ ԱԺ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը սեմինարի մասնակից լրագրողներին ներկայացրեց տեղեկատվության ազատության (ՏԱ) իրավական կարգավորումը Հայաստանում, իսկ Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն ծրագրի» նախագահ Գերգանա Ժուլեւան խոսեց բուլղարական փորձի մասին:

Գերգանա Ժուլեւայի կարծիքով, վերոնշյալ ՀՀ օրենքը շատ ավելի լավն է, քան նույնանուն բուլղարականը. «Իմ երկրում ինֆորմացիայի ազատության մասին օրենքով չի կարգավորվում հասարակության հետ կապերի վարչությունների ստեղծումը: Օրենքով, օրինակ, չի կանոնակարգվում, թե ով է պատասխանատու ինֆորմացիայի տրամադրման համար: Իսկ ձեր օրենքում ասվում է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ունենա մեկը, ով կապահովի ինֆորմացիայի արտահոսքը: Բայց բոլոր կառույցներում էլ հանրային կապերի համար պատասխանատու լավ աշխատող վարչություններ ունենք, իհարկե՝ հակառակն էլ է մեզ մոտ հանդիպում: ՀՀ օրենքում հստակ նշվում է, թե ինչպիսի տեղեկատվություն կարելի է ստանալ, խոսվում է նաեւ ինտերնետային հրապարակումների մասին, ինչը բուլղարական օրենքում նույնպես պակասում է, եւ դրանից մեր պաշտոնյաները հաճախ օգտվում են»: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Բուլղարիայում յուրաքանչյուր քաղաքական ընտրություններից հետո անպայման փոխվում են հասարակության հետ կապերի վարչությունների աշխատակիցները եւ շատ անգամ զգացվում են մամուլի պատասխանատուի քաղաքական կողմնորոշումները:

Անդրադառնալով Բուլղարիայում տեղեկատվության մատչելիությանը, Գերգանա Ժուլեւան նշեց, որ իր երկրում պաշտոնյաներից ինֆորմացիա ստանալը բավական հեշտ է. «Պարբերաբար նրանք մամուլի ասուլիսներ են հրավիրում, բացի այդ, էքսկլյուզիվ նյութ պատրաստելու համար լրագրողը նույնպես կարող է հեշտությամբ ինֆորմացիա ստանալ ցանկացած պաշտոնյայից»:

Արմավիրի «Նոյ-Հայաստան» հեռուստաընկերության տնօրեն Վարդուհի Երանոսյանը նշեց, որ երբեմն մայրաքաղաքից եկած լրագրողները շատ ավելի հեշտությամբ են ինֆորմացիա ստանում Արմավիրում գործող գերատեսչություններից, քան տեղի լրագրողները. «Սա, իհարկե, իր պատճառներն ունի: Նախ, մայրաքաղաքից եկող շատ լրագրողներ որոշակի պատվեր են կատարում, նրանց համար որոշակի մարդիկ են զանգում, նրանք որոշակի նպատակներով, ծրագրերով են մարզ գալիս: Բացի այդ, Երեւանից եկողներն ավելի մեծ աղմուկ կարող են բարձրացնել: Մարզային պաշտոնյաները շահագրգռված են նրանց ինքնակամ ինֆորմացիա տալ, քանզի գիտակցում են, որ իրենց այդ մեկ ելույթով ավելի մեծ լսարան կարող են ապահովել»: «Քիչ են դեպքերը, երբ որեւէ պաշտոնյա մեզ մերժել է: Իհարկե, ամբողջությամբ բացառել չեմ կարող, օրինակ՝ վերջերս «ԱրմենՏելի» հետ կապված հարցի առնչությամբ դիմել էինք Հյուսիսային հեռահաղորդակցության տնօրինությանը, որից ստացել ենք հետեւյալ պատասխանը՝ «Մեր գլխավոր տնօրենից մենք ինֆորմացիա տրամադրելու թույլտվություն չունենք, այդ իսկ պատճառով ձեզ տեղեկատվություն չենք տրամադրի»,- ասաց «Լոռի» հեռուստաընկերությունից Լուսինե Սարգսյանը:

Մարինե Հակոբյանը նշեց, որ 2003-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ խախտումներ են արձանագրվել. «Մարդիկ չեն դիմել տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակման համար: Հասարակության մեջ այդ պատկերացումը լիարժեք չի եղել, հետեւաբար առաջին հայցադիմումները ներկայացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ եթե սովորական քաղաքացին դիմել է իրեն հետաքրքրող, իր իսկ անձնական շահերից բխող տեղեկատվություն ստանալու համար, կենտրոնի աջակցությամբ, անվճար իրավաբանական խորհրդատվության շնորհիվ 700-ից ավելի քաղաքացի կարողացել է ստանալ տեղեկատվություն: Իսկ ամբողջ հանրապետության տարածքով ճշգրիտ վիճակագրություն չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել