Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 26,2007 00:00

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱԳԱՆ

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները՝ գլոբալիզացիայի դարաշրջանում

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցը քաղաքական լծակ է 1998 թվականին ձեւավորված իշխանության համար, որի միջոցով պարբերաբար փորձեր են ձեռնարկվում՝ Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնության պատրանքը ստեղծելու համար: 1998-ից հետո փոխվել է սոսկ Սփյուռքի հանդեպ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի արտաքին-ձեւական կողմը, որը թույլ է տալիս քողարկել արտասահմանի հայության նկատմամբ պետական քաղաքականություն մշակելու՝ անկարողության փաստը։ Եվ խոսքի ու գործի ակնհայտ հակասության պայմաններում 1998-2006 թվականներին սկսել են ձեւավորվել՝ Հայաստանում՝ սփյուռքահայի եւ Սփյուռքում՝ հայաստանցու նոր կերպարներ:

Հայաստանյան ներկա իշխանավորի դիտանկյունից սփյուռքահայը դա այն հարուստ, հաջողակ ու բարեգործ «քեռին» է, որի հանդեպ հարկավոր է «մոտեցում գտնել» սեփական սպառողական նպատակների բավարարման եւ միգուցե նաեւ՝ Հայաստանի համար արտաքին օգնություններ ապահովելու նպատակով։ Իսկ Սփյուռքի հետ համագործակցության քաղաքական բովանդակությունը հիմնականում պարփակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, որից բխող հեռանկարների հանդեպ նույնպես բացակայում է քաղաքական դիրքորոշումը: Հնարավորությունների բերումով Հայաստանի Հանրապետությունը ներկայումս չի կարող ունենալ Արեւմտյան Հայաստանի խնդիր, բայց միաժամանակ իրավունք չունի Սփյուռքին զրկել Հայ Դատով զբաղվելուց: Տեղյակ ենք, որ ներկայումս Սփյուռքում այս հարցի հետ կապված քաղաքական նոր հայեցակարգ է մշակվում եւ առաջ են եկել խմբեր՝ Լոս Անջելեսում, Փարիզում ու Մոսկվայում։ Ուստի դեռ հայտնի չէ, թե անմիջականորեն ո՞ր քաղաքական առանցքի շուրջն է ցանկանում համախմբվել մանավանդ՝ ավանդական Սփյուռքը:

Սփյուռքյան որոշ շրջանակների դիտանկյունից ներկա Հայաստանը 19-րդ դարի կենցաղով ու բարքերով ապրող մի մեծ գյուղ է, ուր մեկ-մեկ կարելի է այցելել՝ ծիրան ու մածուն ուտելու, տատիկ-պապիկներ տեսնելու եւ նրանց բարեմաղթանքին արժանանալու համար, իսկ նրա մայրաքաղաք Երեւանը սովորական տուրիստական հենակետ է: Ինչ-որ առումով, այս պատկերացումները Սփյուռքը սեփական սպառողական նպատակների բավարարման միջոցը համարող մեր իշխանությունների մոտեցումների արձագանքն են՝ դրանց պատասխան ռեակցիան արտասահմանում: Բայց Սփյուռքը ներկայացնող առանձին անհատների ջանքերի շնորհիվ Հայաստանում վերջին տարիներին նկատվում են նաեւ դրական միտումներ՝ նոու-հաուի առանձին, ցաք ու ցրիվ օջախների ստեղծման քայլեր: Դրանց մասին շատ են խոսում մեր իշխանությունները, բայց գործնականում, փաստորեն, ամեն ինչ անում են այդ փորձերի ծավալմանը խոչընդոտելու համար։ Ամենավառ օրինակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին վերամբարձ խոսքերի եւ Հայաստանում իրականացվող մաքսային ու հարկային քաղաքականության հակադրությունն է:

Ակնհայտ է, որ այս երկու նորագույն ձեւախեղումները «Հայաստանի Հանրապետություն» եւ «Սփյուռք» հասկացությունների խորհրդային ու համայնքային ընկալումների պարզ շարունակությունն են: Պատկերացումների նման կարծրացումն ու պարզունակացումը դրսեւորվում է նաեւ ազգի ընդհանուր անցյալից բխող «միավորիչների»՝ պատմություն, լեզու, մշակույթ, հավատ, Ցեղասպանության փաստ եւ այլն, ներկայումս ունեցած գործնական-քաղաքական նշանակությունը գերագնահատելու տեսքով: Սփյուռքը ի տարբերություն Հայաստանի, գոնե առայժմ չունի քաղաքական կամքի միասնական կենտրոն, այսինքն՝ սոսկ անհատների ու կառույցների խճանկար է, իսկ ահա մեր պատմական հիշողությունը ազգի միասնության պահպանման իռացիոնալ-զգացական ազդակ է, բայց ո՛չ քաղաքական գործողությունների ծրագիր: Ուրեմն՝ քանի դեռ Հայաստանն ու Սփյուռքը յուրաքանչյուրն առանձին-առանձին ու երկուսը՝ միասնաբար իրենց համար չեն տեսնում մեր ներկայից բխող այն խնդիրները, որոնց միջոցով հնարավոր է կերտել այն ընդհանուր ապագան, որի շրջագծում ազգն ու պետությունը նորից միասին են լինելու, վերը թվարկված ձեւախեղումները պահպանվելու եւ անգամ՝ խորանալու են:

Փորձենք հասկանալ, թե մինչ օրս ո՞ւր ենք հասել մեր ընդհանուր ապագան ուրվագծելու եւ սեփական գործողությունները ծրագրավորելու բնագավառում:

Նախորդ դարերի ազատագրական պայքարի ընթացքում ուրվագծվել են մեր ընդհանուր ապագայի հարցը ճշտելու աշխարհագրական կոորդինատները. կազատագրվի ողջ Հայաստանը, կդառնա «Միացյալ» եւ բոլոր հայերը կվերադառնան հայրենիք,-սահմանում է Հայ Դատի գաղափարախոսությունը: Որպես ապագայի երազ, սա անշուշտ գրավիչ մեկնակետ է, սակայն որպես ապագան կերտելու քաղաքական տեխնոլոգիա այն միակողմանի է դարձել՝ Հայաստանի անկախացման արդյունքում, քանի որ եթե մեր ունեցած «փոքր ածուն»՝ Հայաստանի Հանրապետությունը, ներկայումս թուլանում է, ապա հեռանկարում նա ոչ թե կարող է մեծանալ ու ընդարձակվել, այլ պարզապես ջնջվել-վերանալ տարածաշրջանի քարտեզից:

Պետական անկախության ձեռքբերման ու գլոբալիզացիայի գործընթացի ծավալման հետեւանքով անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ուրվագծվել են նաեւ մեր ընդհանուր ապագան հստակեցնելու արժեքային կոորդինատները՝ դեպի քաղաքակրթական առումով հոգեհարազատ միջավայրերը միտված ողջ հայության նույնիմաստ ձգտումների տեսքով: Հայաստանում այն դրսեւորվում է եվրոպական ինտեգրման չհամակարգված, սպոնտան փորձերի, իսկ Սփյուռքում՝ դեպի քաղաքակիրթ ու ապահով վայրեր՝ պայմանականորեն ասած՝ «Լոս-Անջելեսներ» զանգվածային արտագաղթի տեսքով:

Հայաստանի անկախացումից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերություններում պահպանվող անորոշությունների հիմքը մեր ընդհանուր ապագայի մասին հստակ պատկերացման բացակայության պայմաններում վերջինիս աշխարհագրական ու արժեքային կոորդինատների միջեւ մեծացող խզվածքն է, որը օբյեկտիվորեն հանգեցնում է «Միացյալ Հայաստանի» Սփյուռքի անորոշ սպասումներին հակադրվող՝ «Միացյալ երկրագնդի», այսինքն՝ գլոբալիզացիայի գաղափարի աստիճանական արմատավորմանը՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփյուռքում:

Սակայն այս նոր իրավիճակում համակարգված քաղաքական մտքի ու նրանից բխող նպատակների բացակայությունը հանգեցնում է նրան, որ աստիճանաբար հեռանալով միմյանցից՝ մեր ընդհանուր ապագայի աշխարհագրական եւ արժեքային կոորդինատները հայտնվում են թուլացման ու քայքայման վտանգի առջեւ:

Մեր նախորդ՝ «Մեր ապագայի բանալիները» ուսումնասիրության մեջ արդեն բացահայտել ենք մեր ընդհանուր ապագայի աշխարհագրական կոորդինատների կորստյան վտանգը՝ որպես Հայաստանին համակած ներկա դեմոգրաֆիական ճգնաժամի եւ հարեւան երկրների ռեսուրսային տնտեսությունների աճի պայմաններում 20-25 տարի հետո մեր հայրենիքին սպառնացող խաղաղ կամ ոչ խաղաղ կործանման հեռանկար: Ուսումնասիրությունը տեղադրված է «Առավոտ» օրաթերթի 2006թ. նոյեմբերի 10-ի համարում եւ Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են դրան ծանոթանալ https://www.aravot.am հասցեով:

Իսկ մեր ընդհանուր ապագայի արժեքային կոորդինատների քայքայման սպառնալիքը առաջիկա 20-25 տարիներին Հայաստանից ու Մերձավոր ու Միջին Արեւելքից ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Եվրոպա ու Ավստրալիա տեղափոխված Սփյուռքի հայկական դիմագծի կորստյան հեռանկարն է:

Ստացվում է, որ երբ հայ ժողովրդի ապագան վտանգված է եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփյուռքում, մեր ազգի երկու հատվածները շարունակում են մնալ ընդհանուր անցյալի մասին հիշողությունների եւ ընդհանուր ներկայի իրավիճակային խնդիրների գերին՝ չկարողանալով անցնել ընդհանուր ապագային միտված՝ կոնկրետ քաղաքական լուծումների ծրագրավորմանն ու գործողությունների իրականացմանը:

Հայաստանի ներկա իշխանությունների խորհրդային մտածելակերպի ու Սփյուռքում պահպանվող անորոշությունների կամ՝ «տեսլականների» մեկտեղման հետեւանքով սոսկ հավաքվում եւ խոսում ենք այս վտանգների մասին՝ պարբերաբար հրավիրվող «Հայաստան -Սփյուռք» խորհրդաժողովներում եւ ամեն ինչ մնում է նույն վիճակում:

Մինչդեռ, ժամանակակից աշխարհում փոխվել են տարածության ու ժամանակի մասին ավանդական պատկերացումները, որի հետեւանքով ազգային շահերի իբրեւ պետության գիտակցված պահանջմունքների տարածքային-աշխարհագրական ընկալման կողքին հանդես է եկել Երկիր մոլորակի վրա «ազգ-արժեքների» գլոբալ մրցակցության ծավալման փաստը: Արդյունքում՝ միակողմանի են դարձել բոլոր այն ռազմավարությունները, որոնք կառուցվում են միայն առանձին վերցրած՝ աշխարհագրական կամ արժեքային մեկնակետերի վրա: Մինչդեռ, մեր ներսում նրանց ներկայացուցիչները շարունակում են անիմաստ ձեւով վիճել փաստորեն՝ ձվի ու հավի առաջնության հարցի շուրջը: Ներկայումս ազգերի ու պետությունների մրցակցությունը դրսեւորվում է մի կողմից՝ որոշակի տարածքների վերահսկողության ռազմական կամ էլ՝ խաղաղ-դեմոգրաֆիական մրցավեճի, եւ մյուս կողմից՝ գլոբալ մրցադաշտերի բարդ խճանկարի մեջ որոշակի նպատակների հետապնդման ու արժեքների ներդրման համար պայքարի, այսինքն՝ բազմաձեւաչափ բանաձեւի տեսքով: Ուստի, այդ ձեւաչափերից որեւէ մեկի բացարձականացմամբ տառապելու փոխարեն, կոնկրետ լուծումներ գտնելու համար, պետք է դուրս գալ անցյալի ու ներկայի պարզունակ մտակաղապարների հակադրության տիրույթից՝ ամենեւին էլ չհրաժարվելով նրանց պոզիտիվ բովանդակությունից:

Անհրաժեշտ է նաեւ գիտակցել, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, արտասահմանում բնակվող մոտ 6 միլիոն հայությունը իբրեւ Սփյուռք առավելագույնը՝ սովորույթի ուժով է հետեւում Հայաստանի կամ էլ՝ սփյուռքյան այս կամ այն կուսակցության կամ կազմակերպության խոսքին։ Խորքային դիտարկման դեպքում պարզ է դառնում, որ իրականում Սփյուռքը հայ անհատների բարդ խճանկար է, որի ներկայացուցիչները գործում են առաջին հերթին՝ անհատական շահի հիման վրա: Հայերիս բնորոշ վառ անհատականությունը՝ մեր զարգացման ու առաջադիմության այս հիմնական պոտենցիալ ռեզերվը, օտար միջավայրերում ունի ինքնադրսեւորման ավելի մեծ հնարավորություններ, քան Հայաստանում: Մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում մենք ունենք զգալի հաջողությունների հասած հայեր, որոնցով հպարտանում ենք որպես «աղքատ ազգականներ»։ Դա վերաբերում է ոչ միայն գիտությանն ու տնտեսությանը, այլեւ զբաղմունքի բոլոր բնագավառներին՝ տիեզերագնացությունից սկսած մինչեւ սպորտը:

Մինչդեռ գաղտնիք չէ, որ մեր իշխանավորները նրանցից ակնկալում են միայն փող եւ այն գնահատում իբրեւ հայրենասիրության պարզ էկվիվալենտ: Այդպես կարելի էր վարվել միջնադարում, երբ կաթողիկոսների կողմից պարբերաբար հայկական գաղթօջախներ ուղարկվող «նվիրակների» հավաքած գումարներով հնարավոր էր վերանորոգել որեւէ եկեղեցու զանգակատուն: Միջնադարում մենք ուղղակի գոյատեւում էինք եւ երկրի անապահով վիճակի պատճառով չէինք էլ կարող աշխարհի փորձն ու հմտությունները ներդնել Հայաստանում: Ներկայումս մենք ունենք պետություն, այսինքն՝ մեր ընդհանուր ապագայի կերտման միջոց, սակայն ունենք իշխանություններ, որոնց գոյատեւման խնդիրների վրա հիմնվող՝ խորհրդային մտածելակերպը փաստորեն միջնադարի կաթողիկոսների պատկերացումներից քիչ է տարբերվում եւ շատ հեռու է մրցակցային նոր միջավայրին անհրաժեշտ՝ զարգացման հրամայականների ընկալումից:

Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խնդիրը դուրս բերվի 1998-ից հետո էլ խորհրդային մտակաղապարներով կամ սփյուռքյան «տեսլականներով» տառապող՝ հայաստանյան ու

սփյուռքյան վերնախավերի նախաձեռնած անօգուտ տեղապտույտի հարթությունից։ Մեր ունեցած՝ ներկա վտանգված Հայաստանի հզորացման ու գլոբալացող աշխարհում որպես հայ ապրելու խնդիրները նման ընդհանրական պատկերացումների միջոցով գործնականում հնարավոր չէ համադրել։ Դրանք կարելի է մեկտեղել միայն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր հարթության ձեւավորման հիման վրա, ուր հնարավոր կլինի իրականացնել քաղաքական կամքի միասնական կենտրոն չունեցող Սփյուռքի եւ Հայաստանի ջանքերի համադրությունը՝ ազգի ընդհանուր ապագան կերտելու գործի շուրջը:

Երկու տարբեր համակարգերի ջանքերի ու հնարավորությունների մեկտեղման՝ փոխադարձաբար ընդունելի եւ մեկը մյուսի հանդեպ որեւէ թելադրանք բացառող տարբերակը նրանց համադրության մակարդակների համապատասխանեցումն է: Այս առումով առկա են երկու հստակ իրողություններ. Սփյուռքը առաջին հերթին՝ վառ անհատների խճանկար է, որը կարողացել ու կարողանում է հետապնդել հային բնորոշ՝ անհատական բարգավաճման իդեալը, իսկ Հայաստանն իր հերթին ներկայումս իր զարգացման խնդիրը կարող է լուծել նույնպիսի վառ, սակայն ավելի սահմանափակ հնարավորություններ ունեցող անհատների կողմից հենց այս նույն իդեալին ձգտելու միջոցով: Ուրեմն՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարթության վրա կոնկրետ լուծումները գտնելու համար պետք է խորհրդային մտակաղապարների ու սփյուռքյան «տեսլականների» «բարձունքից» իջնել անհատների ու կազմակերպությունների բարդ խճանկարի մակարդակին:

Դա կարելի է իրականացնել ո՛չ թե Սփյուռքի հայ անհատներից գումարներ կորզելու՝ ներկա տգեղ փորձերի, կամ էլ՝ Հայաստանը պարզ-զբոսանքի վայր դիտարկելու՝ պատասխան ռեակցիայի, այլ սփյուռքահայ ու հայաստանցի անհատների ու կազմակերպությունների միջեւ՝ աշխատանքային գործունեության, զբաղմունքի, կենսագործունեության այլ ոլորտների համադրության համահայկական- հորիզոնական ցանցեր ստեղծելու միջոցով՝ տնտեսությունից սկսած մինչեւ գիտությունը, մշակույթն ու սպորտը: Դրա հետեւանքով, Հայաստանին ներկայումս անհրաժեշտ՝ դիֆերենցված բազմազանության վրա հիմնվող տնտեսա-քաղաքական համակարգի ձեւավորման խնդիրը կամբողջանա՝ համահայկական ցանցերի հզոր իմպուլսի միջոցով:

Պատճառն այն է, որ ի՛նչ էլ արվել է մինչ օրս ու արվելու է ապագայում՝ Հայաստան-Սփյուռք համագործակցության ասպարեզում հիմնվել ու հիմնվում է անհատական նախաձեռնության սկզբունքի վրա, իսկ վերջինիս հիմքը հայ անհատի մասնագիտական գործունեությունն է եւ ոչ թե քաղաքական ինչ-որ կառույցի եւ անգամ՝ պետության թելադրանքը։ Ինչպես Հայաստանի իշխանությունները՝ իրենց խորհրդային պատկերացումներով, այնպես էլ՝ սփյուռքյան կազմակերպությունները՝ իրենց «տեսլականներով» անցած տարիների ընթացքում սոսկ անհաջող ձեւով քողարկել ու քողարկում են այն փաստը, որ Քրքորյանները, Գաֆեսճյանները կամ մյուսները նախ եւ առաջ՝ իբրեւ անհատներ են ծառայում սեփական հայրենիքին: «Միջնորդների» կարիք՝ դիֆերենցված բազմազանության ձգտող ներկա հայաստանյան հասարակությունը եւ Սփյուռքի՝ արդեն իսկ կենսագործունեության տարբեր ասպարեզներում մարդկության զարգացման առաջին գծի վրա կանգնած հայ անհատները ամենեւին էլ չունեն:

Ընդհակառակը՝ կենսունակ պետություն կառուցելու եւ տարածաշրջանում մեզ պարտադրվող մրցակցության բարձր տեմպերին դիմանալու համար մենք պետք է կարողանանք Սփյուռքում առկա անհատների՝ զբաղմունքի ու կենսագործունեության ոլորտների հիման վրա օբյեկտիվորեն ձեւավորված՝ դիֆերենցված բազմազանությունը շաղկապել Հայաստանում առկա նույնպիսի, սակայն ինքնադրսեւորման ավելի սահմանափակ հնարավորություններ ունեցող անհատների աստիճանաբար դիֆերենցվող բազմազանության հետ:

Որպես ասվածի ապացույց կարող եմ բերել այն փաստը, որ ներկայումս ֆինանսական հնարավորությունների առումով լինելով տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը, Հայաստանը բժշկության զարգացման մակարդակով փաստորեն առաջինն է՝ անցած տարիների ընթացքում Սփյուռքի հայ բժիշկների աջակցության եւ նրանց հայաստանյան գործընկերների մասնագիտական պատրաստվածության շնորհիվ: Չենք էլ զգացել անգամ, թե այդ բնագավառում ինչպես ենք առաջ անցել մեր հարեւաններից, որոնք այսօր ԱՊՀ տարբեր երկրներից, առաջին հերթին՝ հարեւան Վրաստանից գալիս են Հայաստան Հրայր Հովնանյանի ու մյուսների մոտ բուժվելու համար, իսկ օտար պաշտոնյաները փորձում են ուսումնասիրել մեր հաջողության պատճառները՝ պարբերաբար այցելելով մեր բժշկական հաստատությունները: Անգնահատելի է մեր առանձին նվիրյալ հայրենակիցների կատարած քայլերի քաղաքական իմաստն ու նշանակությունը եւ դրանով մեր առջեւ բացվող մեծ հեռանկարները՝ մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ի՞նչ է այս ամենը՝ Սփյուռքում նախապես մշակված ռազմավարությո՞ւն, Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովների որոշո՞ւմ, թե՞ «ամենաներքեւում»՝ անհատական մակարդակի վրա սփյուռքահայ առանձին նվիրյալների ու հայաստանցի նրանց գործընկերների համագործակցության կոնկրետ արդյունք:

Ուրեմն՝ Սփյուռքի մեր հայրենակիցների համար Հայաստանը որպես պետություն այսօրվանից պարտավոր է առաջադրել բոլորովին նոր կարգախոս՝ Հայաստանը դա յուրաքանչյուր հայի ապագան է, որը նա կարող է կերտել անհատապես՝ իր գործի մեկ մասնիկն ունենալով այնտեղ, իսկ եթե մասնագիտության բերումով դա հնարավոր չէ՝ գործելով անհատներին միավորող մասնագիտական կազմակերպությունների միջոցով՝ բժիշկներից, գիտնականներից, ծրագրավորողներից, ինժեներներից, գյուղատնտեսներից, ոսկերիչներից ու ադամանդագործներից սկսած մինչեւ պարզ արհեստավորները:

Սփյուռքը պետք է հայրենիք վերադառնա ո՛չ թե հարուստ բարերարի մարդասիրական մտահոգությամբ կամ փոքր թվով նվիրյալներին միայն բնորոշ՝ ինքնազոհության ճանապարհով, այլ որպես համաշխարհային բնույթ ունեցող համահայկական տնտեսական ցանցերի կողմից Հայաստանում ու նրա շուրջը ստեղծվող բիզնես-նախագծերի ճարտարապետ: Սրա համար անհրաժեշտ է ոչ միայն համահայկական տեղեկատվական ցանցի ձեւավորումը, այլեւ նրա օգնությամբ՝ համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծումը՝ ըստ գործունեության կոնկրետ ոլորտների:

Այսպիսով, Սփյուռքի բարեգործությունների ու առանձին մեծահարուստների կողմից կատարվող կամավոր ներդրումների եւ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովների՝ խորհրդային համագումարների վերածվելու ժամանակները վաղուց անցել են: Սփյուռքին պետք է տալ մեկ հստակ՝ պետության կողմից երաշխավորվող հեռանկար՝ ինչի կարիքը նա շատ է զգում այսօր: Հայաստանի հետ իր ընդհանուր ապագան նա պետք է ընկալի ոչ թե իբրեւ անցյալի հիշողությունների վրա հաստատող խոսք, այլ անհատապես իր եւ իր ժառանգների համար կոնկրետ գործ սկսելու հնարավորություն:

Ընդհանուր անցյալի վերհուշի եւ ներկա տարտամ անորոշության փոխարեն սփյուռքահայերին կարող է միավորել սեփական մասնագիտական ունակությունների ու գործունեության ոլորտի միջոցով՝ իր մտքի ու ձեռքի արգասիքը հայրենիքում տեսնելու ցանկությունը: Եթե նման ցանկությունը այսօր կարողանում են Հայաստանում իրականություն դարձնել միայն առանձին վերցրած՝ մեծահարուստ սփյուռքահայերը, ապա մասնագիտական բնույթի ցանցերի ձեւավորման պարագայում մասնակցությունը հնարավոր կդառնա նրանց մեջ միավորված յուրաքանչյուր հայի համար:

Սա է բարեկեցիկ կյանքը հայ մնալու ձգտման հետ զուգորդելու, Հայաստանը գիտական-տեխնոլոգիական նորույթներով հագեցնելու եւ մեր երկրում սկզբունքորեն նոր՝ բազմազանեցված տնտեսահամակարգի ձեւավորման պայմանը։ Այսինքն՝ այն, ինչը ստեղծվում է ԱՄՆ-ում կամ Ավստրալիայում, ամեն պահի կարող է դիտարկվել որպես Հայաստան տեղափոխելու համար պիտանի արտադրանք, տեխնոլոգիա, փորձ, հմտություն:

Սրանով նաեւ յուրաքանչյուր սփյուռքահայ հնարավորություն կստանա կամավոր մասնակցության ճանապարհով իր եւ իր սերունդների ապագան կապել հայրենիքի ապագայի հետ՝ ոչ թե վերացական կարգախոսների, այլ իր անհատական գործը Հայաստանում ծավալվող գործերին միախառնելու միջոցով։ Սրանով ընդհանուր անցյալ ունենալու փաստին եւ ներկայի անորոշություններին կփոխարինի գլոբալացող աշխարհի մեկ անկյունում առկա հայկական ընդհանուր Տան գաղափարը, որի պատերի վրա գոնե մեկ աղյուս դնելու ձգտումը կդառնա միավորիչ գործոն՝ բոլոր սփյուռքահայերի համար:

«Ո՞րն է մեր ընդհանուր ապագան» ներկա հարցադրումը լրացնելով «Մեր ապագայի բանալիները» ամբողջական ուսումնասիրությունը, նպատակ ունի սկսել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում պահպանվող անորոշությունների հաղթահարումը, քանզի տվյալ մոտեցումը հնարավորություն է տալիս ձեւավորել հայրենասիրության կոնկրետ-գործնական չափանիշներ:

Եվ այդ նույն չափանիշների դիտանկյունից էլ այսօր հստակորեն արձանագրում ենք, որ 1998 թվականից հետո ոչ միայն պահպանվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առկա անորոշությունները, այլեւ չեն լուծվել այն կոնկրետ խնդիրները, որոնց շուրջ գրեթե 9 տարի բարձրագոչ ճառեր ենք լսում: Իսկ վերջերս նաեւ արձանագրվել են անգամ հետընթացի միտումներ, որոնց վկայությունն են Հայաստանում իշխող «ազգայնական» ուժի կողմից «Մեր Հայրենիք» ազգային ու պետական օրհներգը կասկածի տակ դնելու տգեղ փորձերը:

Առ այդ, ներկայումս հրամայաբար զգացվում է.

– ներկայումս օդում կախված վիճակում հայտնված ազգային օրհներգի՝ «Մեր Հայրենիքի» փոփոխության հարցը դուրս բերել Հայաստանի սահմաններից եւ նրա քննարկմանը մասնակից դարձնել նաեւ սփյուռքահայությանը, քանի որ օրհներգը պատկանում է ոչ միայն պետությանը, այլեւ ողջ ազգին, ուրեմն՝ եթե սկսվել է բանավեճը, ապա պետք է չվախենալ նրա շրջանակների ընդլայնման հեռանկարից,

– հարկավոր է վերջապես տեղից շարժել Սփյուռքի մեր հայրենակիցներին անհրաժեշտ՝ «Հայրենադարձության մասին» եւ «Երկքաղաքացիության մասին» օրենքների ընդունման գործը, քանի որ վերջերս խորհրդարան ներկայացված նախագծերն այնքան հեռու են օրենք լինելուց, որ թվում է, թե նրանց հեղինակները սոսկ անհաջող ձեւով փորձում են Սփյուռքում տպավորություն ստեղծել, որ զբաղվում են արտասահմանում բնակվող հայրենակիցների հարցերով,

– լուրջ բարեփոխման կարիք է զգում «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի գործադիր մարմինը պարտադի՛ր կերպով պետք է ղեկավարվի որեւէ ազդեցիկ սփյուռքահայի կողմից, որպեսզի չդառնա բյուրոկրատական ապարատից դուրս մնացածների «տաքուկ տեղը» եւ իրականացնի միայն ու միայն՝ մեր ազգային անվտանգության ապահովմանն ուղղված հրատապ, անհետաձգելի ծրագրեր՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի առանձին գաղթօջախներում,

– ներկայումս լուրջ հստակեցման կարիք է զգում ո՛չ թե Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ընդհանուր հայեցակարգի մշակման խնդիրը, այլ գլոբալացող աշխարհում՝ հայապահպանության եւ Հայաստանում՝ հետինդուստրիալ հասարակության կառուցման առաջադրանքների համադրության նոր՝ անհատական մեխանիզմների մշակման առաջադրանքը, որոնցից մեկը միայն ներկայացրինք սույն հրապարակման մեջ. մյուսների հստակեցման համար իսկապես կարելի է հրավիրել «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողով՝ նախապես հավաքելով ու ամփոփելով ստացված գործնական առաջարկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել