Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ խորհրդավոր ընթրիք

Փետրվար 14,2007 00:00

Կա՞ր «գաղտնի հանդիպում», թե՞ չկար

Երեկ մամուլում տեղեկատվություն կար, թե ընդդիմադիր մի քանի կուսակցություններ քաղաքից դուրս խորհրդակցություն են անցկացնելու՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական համամասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ: Երեկ ցերեկը մեզ հետ զրույցում մի քանի կուսակցություններ այս տեղեկությունը չհաստատեցին, բայց երեկոյան «Արմինֆոն» տեղեկատվություն տարածեց, թե նման խորհրդակցությունը՝ քաղաքից դուրս, եւ ընդ որում՝ գաղտնի, այնուամենայնիվ տեղի է ունեցել վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Տեղեկատվության աղբյուրն, ըստ «Արմինֆո»-ի, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է, ով ասել է, թե խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են ԶԼՄ-ներին հանդիպման մասին որեւէ մանրամասն չհաղորդել: «Նա անգամ հրաժարվել է նշել այն ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցում են ժողովին՝ սահմանափակվելով միայն այն տեղեկատվությամբ, որ դրանց թիվը չի գերազանցել մեկ տասնյակը»,- սա «Արմինֆո»-ի տեղեկատվությունն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «ընդդիմադիր շատ ուժեր հրաժարվել են մասնակցել հանդիպմանը, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը, Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Ազատական-առաջադիմական կուսակցությունը, ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունը, Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը, ինչպես նաեւ Կոմունիստական կուսակցությունը»:

Երեկ երեկոյան մենք փորձեցինք պարզել, թե, այդուամենայնիվ, այդ ո՞ր ընդդիմադիր կուսակցությունն է, որ մասնակցել է կամ հրաժարվել է մասնակցել հիշյալ հանդիպմանը: Նախ՝ անդրադառնանք, իբր, հանդիպմանը մասնակցելուց հրաժարված կուսակցություններին: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, թե իրենք նման հանդիպման մասին տեղեկատվությունն իմացել են մամուլից, բայց դրան մասնակցելու առաջարկ «Ժառանգությունը» չի էլ ստացել, որ հրաժարվեր: Նույնն ասացին նաեւ ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, այդ հանդիպմանը հաստատ չի մասնակցել նաեւ «Հանրապետությունը», թեեւ այդ կուսակցությունից մեզ ասացին, որ մասնակցել են հիշյալ հանդիպմանը, բայց հավելյալ մանրամասներ չասացին: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էլ, ով, ըստ էության, սերտորեն համագործակցում է 41 մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության առաջնորդների առաջադրման ջատագովների (այդ թվում՝ Արամ Կարապետյանի) հետ, եւս ասաց, թե ինքը նման հանդիպման մասին տեղյակ չէ եւ նման հրավեր չի ստացել: Ավելին, Գ. Մարգարյանը բացառեց, որ նման բան տեղի ունենար եւ ինքը դրանից տեղյակ չլիներ: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ ասաց, թե ինքը նման հանդիպման մասին տեղյակ չէ, եւ զարմացավ, որ դրանից սենսացիա են սարքել, որովհետեւ, նրա փոխանցմամբ, այդ խնդիրն ամեն օր Երեւանի տարբեր տեղերում քաղաքական գործիչները հավաքվում եւ քննարկում են, եւ դա դարակազմիկ բան չէ:

Մնում է միայն ՆԺԿ նախագահից իմանալ՝ այդ ո՞ր կուսակցություններն են, այն էլ՝ տասնյակի հասնող, որ մասնակցել են փակ ու գաղտնի քննարկումներին: Սակայն վերջինս երեկ երեկոյան հեռախոսը չէր վերցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել