Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՄՆԱԼՈՒ ԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ

Փետրվար 14,2007 00:00

\"\"Գյումրիի սնանկ ճանաչված հերթական հանրակացարանն աճուրդի է հանվել ու վաճառվել

Շիրակի մարզի տնտեսական դատարանի որոշմամբ՝ օրերս Գյումրիում հերթական «օբյեկտն» է սնանկ ճանաչվել եւ աճուրդի հանվել: Խոսքը Շիրակ հյուրանոցին կից «Շիրակշին» ԲԲԸ-ին պատկանող հանրակացարանների ցանցի մասին է: Նախկինում այդ հանրակացարանները պատկանել են «Լենշին» տրեստին ու որպեսզի շնորհակալություն հայտնեն իրենց մոտ աշխատող անօթեւան շինարարներին, Գյումրին վերականգնող լենինգրադցիները նրանց տեղավորել են այդ հանրակացարաններում: Այնուհետեւ «Լենշինից» հանրակացարանները հանձնվել են «Շիրակշին» ԲԲԸ-ին, որը սնանկ է ճանաչվել, հանրակացարանների շենքերն աճուրդի են հանվել ու հիմա շուրջ 450 մարդ հայտնվել է փողոցում մնալու վտանգի առջեւ:

Նշենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում սա արդեն որերորդ հանրակացարանն է, որ աճուրդի է հանվում եւ ջրի գնով վաճառվում: Օրերս էլ սնանկ ճանաչված Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող «Տեքստիլ կոմբինատի» թիվ 1 հանրակացարանն է վաճառվել, եւ կոմբինատի նախկին տեքստիլագործները ԴԱՀԿ-ի միջոցով վտարվել են իրենց կացարաններից:

Որեւէ տարածք սնանկ ճանաչելն ամենահարմար տարբերակն է՝ էժան գներով այն ձեռք բերելու: Մեր տեղեկություններով՝ թե՛ «Տեքստիլ կոմբինատի», թե՛ «Շիրակշին» ընկերության հանրակացարանները վաճառվել են ջրի գնով եւ գնորդներն էլ հիմնականում պետական պաշտոնյաներ են՝ ԴԱՀԿ-ի, դատախազության աշխատակիցներ: Կոնկրետ «Շիրակշինի» հանրակացարանի աճուրդի մեկնարկային գինը եղել է 2 մլն 100 հազար դրամ, սակայն այնպես է ստացվել, որ գնորդ չի եղել, ուստի երկրորդ անգամ է աճուրդ հայտարարվել: Ամեն անգամ աճուրդ հայտարարելիս մեկնարկային գինը գրեթե կիսով չափ նվազել է՝ հասնելով 1 մլն 347 հազար դրամի: Այսինքն, աճուրդը ձգձգելով՝ հավակնորդների համար հանրակացարանի արժեքն այնքան են գցել, որ այն հնարավորինս հարմար լինի նրանց գրպանին: «Էնքան ապրանք ուներ «Շիրակշինը», սաղ ծախին-կերան, հմի էլ աչքերը էս հանրակացարանին տնկեցին: Մենք 1999-ից այստեղ ենք ապրել, հանրակացարանի սենյակները վերանորոգել ենք, տան վարձն ու հողի հարկերը պարտաճանաչորեն մուծել ենք, նույնիսկ մեծ գումարներ ենք ծախսել՝ շենքը գազիֆիկացրել ենք, հիմա մեզ ուզում են վտարել, պետք է էդ բոլոր ներդրումներն իրե՞նց նվիրենք ու մենք էլ հայտնվենք փողոցո՞ւմ»,- բողոքում էին հանրակացարանի բնակիչները: Բնակիչների համոզմամբ՝ «Շիրակշինն» ապօրինի է տիրացել հանրակացարանին, քանի որ «Լենշինը» հանրակացարանի սենյակներն անվարձահատույց իրենց է թողել, ուստի հանրակացարանն էլ նախկին շինարարներին է պատկանում:

Հանրակացարանի բնակիչներից շատերն արդեն Գյումրիի անօթեւանների ցուցակում են, ու կառավարությունը խոստացել է նրանց բնակարանով ապահովել, բայց, ըստ բնակիչների, դա էլ հարցի լուծում չէ. «Երբ գնում ես հետաքրքրվելու, թե անօթեւանների հերթացուցակի ո՞ր կետում ես, հանկարծ պարզվում է, որ 9-րդից թռել ես 29-ը, ամեն մի հաշվառմանը 10-20 կետով թռցնում են»:

Մենք հետաքրքրվեցինք, թե բնակիչներին առաջարկե՞լ են հանրակացարանի աճուրդ-վաճառքին մասնակցել: Պարզվեց՝ ոչ. «Եթե ուզենայինք էլ՝ ինչո՞վ պետք է գնեինք այն, գումար չունենք»,- պատասխանեցին հանրակացարանի բնակիչները: Թեեւ «Շիրակշինի» հանրակացարանը սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշումը կա, աճուրդը կայացել է, հանրակացարանն արդեն նոր տեր ունի, բայց ԴԱՀԿ-ի աշխատակիցները դեռ չեն եկել ու չեն փորձել վտարել բնակիչներին: Վերջիններս չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից, իսկ եթե ԴԱՀԿ-ն ծեծով կամ բռնությամբ նրանց հանի՝ բնակիչները պատրաստվում են մեկնել Թուրքիա՝ քաղաքական ապաստան գտնելու: Նրանց խոսքերով՝ «մինչ այդ արյունահեղություն է լինելու, մենք դուրս չենք գալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել