Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց պատգամավորներին չեն ճանաչում

Փետրվար 14,2007 00:00

Պատգամավորներն իրենց փնտրողներին առաջարկում են՝ «եկեք մեր օֆիս»

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղն ունի մոտ 6 հազար բնակիչ, սակայն գյուղում մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր ճանաչում են կամ դեմքով գիտեն իրենց տարածքից ընտրված պատգամավոր Խաչիկ Մանուկյանին: «Նրան մի անգամ ենք տեսել, այն էլ՝ նախորդ ընտրությունների ժամանակ էր՝ եկավ, խոստումներ տվեց ու էն գնալն էր, որ գնաց, գյուղի համար ոչինչ չի արել, մինչեւ հիմա նրա երեսն էլ չենք տեսել, նույնիսկ նրա անունը չենք հիշում»,- բյուրականցիներն «Առավոտի» հետ զրույցում այսպես էին արտահայտվում Խ. Մանուկյանի մասին: Սակայն, ըստ պատգամավորի, գյուղացիներն են, որ ուրացել են իր արածները, իրականում՝ «ես միշտ էլ եղել եմ գյուղում, մեկ առ մեկ ծանոթացել եմ գյուղացիների խնդիրներին: Եթե որեւէ մեկն ինձ չի ճանաչում՝ դա իր խնդիրն է, ուրեմն նա անտարբեր է եղել եւ չի եկել իմ հանդիպումներին»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ հաճախականությամբ է գյուղ այցելում՝ պատգամավորը նշեց. «Ըստ անհրաժեշտության. 80 գյուղ է, ո՞ր մեկը հասցնեմ, գյուղ կա՝ գնում եմ, ոչ մի խնդիր էլ չկա, մյուս գյուղերում էլ խնդիրներն այնքան են կուտակված, որ չեմ հասցնում զբաղվել»: Մինչդեռ Բյուրականի բնակիչների ներկայացմամբ՝ «քարոզարշավների ժամանակ թեկնածուներն իրենց նպատակին հասնելու համար քիչ է մնում մեկ առ մեկ բոլոր տները մտնեն ու իրենց ծրագրերի մասին խոսեն»:

Գյուղացիների դժգոհություններին, թե պատգամավորին «բռնացնել» չի լինում, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց, որ ընտրատարածքում նստավայր չունի. «Թող գան Ազգային ժողով կամ էլ՝ Արշակունյաց պողոտայում գտնվող իմ օֆիսը»: Փաստորեն, գյուղացիները, որպեսզի մի հարց իրենց պատգամավորի միջոցով բարձրացնեն, պետք է մի քանի հազար դրամ ծախսեն՝ մայրաքաղաք հասնելու համար, այն էլ հարց է՝ ընդունելության կարժանանա՞ն, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է բյուրականցիների խնդիրներին, բնակիչների խոսքերով՝ դրանք բազմաթիվ են: «Առաջ մեր գյուղում ե՛ւ գրադարանն էր նորմալ աշխատում, ե՛ւ կինոթատրոն կար, սակայն արդեն քանի տարի է՝ դրանք չեն գործում: Մեզ համար այդպես էլ մութ մնաց, թե գրադարանի գրքերն ուր անհետացան»,- նշեց պատերազմի հաշմանդամ Ազբիկ Հովհաննիսյանը:

Մեկ այլ բնակչի՝ Սամվել Մկրտչյանի խոսքերով էլ՝ «Գյուղում ամուսնությունների թիվը զգալի կրճատվել է, աշխատանք չկա. երիտասարդներից միայն մի քանիսն են հարեւան համայնքների հարուստների «դաչաներում» շինարարություն անում եւ օրական 3 հազար դրամ փող են առնում՝ կեսը տալիս են տրանսպորտին, չնչին գումարով տուն են գալիս, դրա համար էլ գյուղից երիտասարդները փախչում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել