Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՐՅԱՆԱՄԵԾԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՉԷ»

Փետրվար 14,2007 00:00

\"\"Վստահ է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը:

«Առավոտի» «Տերյանը չմիավորեց վիրահայերին» հոդվածում տեղեկացրել էինք «Ջավախք» հայրենակցական միության եւ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության միջեւ Տերյանի ծննդյան օրը Պանթեոնում տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք, որ «Ջավախք» միության նախագահ Շ. Թորոսյանը ձեռնպահ մնալով իրենց եւ «Վիրահայերի միասնություն» կազմակերպությունների միջեւ կատարվածը ընդհարում որակելուց՝ այն բնութագրել էր որպես «մի խումբ խուլիգանների կողմից հրահրված միջադեպ, որը հարթվեց-անցավ»: «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանն էլ այս առիթով երեկ «Առավոտին» տեղեկացրեց պատմության իր տարբերակը:

«Փետրվարի 9-ին՝ Վահան Տերյանի ծննդյան օրը, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը մտավորականների գերակշիռ կազմով այցելել է Հայոց մեծերի պանթեոն՝ իր հարգանքի տուրքը մատուցելու մեծ բանաստեղծին։ Միջոցառումը նույնիսկ վերաճել էր պոեզիայի ցերեկույթի, որին մասնակցում էին բազմաթիվ տերյանասերներ, այդ թվում՝ գրողներ, դերասաններ, մանկավարժներ, դպրոցականներ… Բանաստեղծի շիրմի նեղլիկ տարածքը կամաց-կամաց հագեցավ մարդկանց հոծ խմբերով, այնպես որ՝ շարժվելու տեղ չկար։ Այդ ժամանակ Պանթեոն եկավ նաեւ մի նոր խումբ, որոնց մեջ էին «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը եւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։ Մեր տղաները, ճանապարհ տալով Ա. Հակոբյանին եւ Լ. Անանյանին, մնացածին հորդորում էին փոքր֊ինչ սպասել՝ մինչեւ ասմունքն ավարտվի, որովհետեւ տարածքն անանցանելի էր։ Շիրակ Թորոսյանը հավանություն ստանալով ալեհեր մի տղամարդուց, սկսեց վիրավորել նրանց՝ անվանելով խուլիգաններ։ Տղաները, սակայն, հասկանալով պահի եւ տեղի կարեւորությունը, խելամտորեն զիջեցին։ Ինչպե՞ս կարելի է վիրահայ երիտասարդության 99%-ին իր մեջ ընդգրկող կազմակերպությանը (նկատի ունի «Վիրահայերի միասնությունը») խուլիգան որակել: Լավ է, որ մեր տղաները մնացին իրենց չափերի մեջ»,- պատմեց պարոն Վարդապետյանը:

Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ փոխոստիկանապետեր Հովհաննես Հունանյանին եւ Արարատ Մահտեսյանին, ովքեր նույնպես այդ օրը Պանթեոնում էին: Պրն Վարդապետյանն ասաց, որ վերջիններս փոխանակ «մեղմիչի դեր ստանձնելու եւ բացատրական աշխատանքով ամեն ինչ հարթելու, ավելի են սրել միջադեպը, անտեղի ջղայնությամբ վիրավորանքներ տեղալով՝ հոխորտացել, թե կպատժեն: Պատժելու սպառնալիքը իր արտահայտությունը գտավ նրանում, որ Մահտեսյանի եւ Թորոսյանի մեքենաները փակել էին Պանթեոնից դուրս եկող միակ դարպասը: Դուրս եկող մեքենաների ազդանշաններին ի պատասխան, Շ. Թորոսյանը դուրս էր եկել մեքենայից եւ փորձել կրկին անպատվել առաջին մեքենայում գտնվող տղաներին: Երբ մնացած տղաները դուրս եկան մեքենաներից եւ շարժվեցին իրենց ուղղությամբ, Թորոսյանն ու Մահտեսյանը, զգալով մոտալուտ վտանգը, նստեցին իրենց մեքենաները եւ հեռացան»: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ծնվեց վերոնշյալ միջադեպը եւ իրականում ո՞րն էր պատճառը:

«Պատճառը գավառական խանդն է… Մեր համախոհները հիմնականում հիմնադիրներն են «Ջավախք միության» ու «Հզոր հայրենիքի», որոնք տարիներ ի վեր կցված են միմյանց: Տարիների հիասթափությունը այդ կառույցների հիմնադիրներին բերել է նորաստեղծ ու թարմ կազմակերպություն՝ «Վիրահայերի միասնություն», որը մաքուր մարդկանցով ստեղծված կառույց է, ու այստեղ ոչ մեկին չեն կարող որեւէ պիտակ կպցնել… Կարծում եմ՝ Վահան Տերյանը արժեք ու երեւույթ է, եւ որեւէ մեկի մենաշնորհը չէ նրա շիրմին այցելելը կամ տերյանամեծարությամբ զբաղվելը: Վիրահայերս, ջավախահայերս պետք է ուրախ լինեինք, որ բացի մեզնից, այլ կազմակերպություններ, կառույցներ, տարբեր մարզերից մարդիկ են գալիս խոնարհվելու բանաստեղծի մեծության ու շիրիմի առաջ, ինչի համար չարժե անիմաստ խանդ ապրել: Ախր այսօր բոլորս պիտի միավորվենք, մեր աստիճանավոր հայրենակիցներն էլ պիտի այս պարագայում նման դեր կատարեն: Թե չէ ո՞ւր ենք գնում: Չէ՞ որ Ջավախքը Հայաստանի վարչական տարածքից դուրս է, ու նրա խնդիրները լուծելու համար միաբան պիտի լինենք»,- նշեց «Վիրահայերի միասնության» համանախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել