Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆՈՐ ԱՍԵԼԻՔՈՎ»

Փետրվար 19,2007 00:00

\"\"Այս սկզբունքով է առաջնորդվում ճանաչված մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը

«Առավոտը» տեղեկացրել էր Ազգային օպերային թատրոնում ընթացող Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի մասին: Արդեն նշանակված է պրեմիերայի օրը՝ փետրվարի 25: Հիշեցնենք, որ սա հիշյալ օպերայի 4-րդ բեմադրությունն է, որն իրականացնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը:

Հանդիպեցինք միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանին, որը հանդես կգա Փառանձեմի դերերգով: Նկատենք, որ երգչուհու առաջին բեմելը Ազգային օպերային թատրոնում կայացել է այս դերերգով, 10 տարի առաջ, որին հաջորդել են Ադաջիզայի դերերգը՝ Բելինիի «Նորմա» օպերայում, Կարմենը՝ Բիզեի համանուն օպերայում եւ Ազուչենան՝ Վերդիի «Տրուբադուրում»:

Վ. Խաչատրյանին այնքան էլ հաճախ չենք հանդիպում Հայաստանում, իր խոսքերով՝ «ես բեմ եմ բարձրանում Եվրոպայով մեկ, մասնավորապես՝ Իտալիայում»: 7 միջազգային մրցույթների դափնեկիր արվեստագետը այս առիթով հայտնեց, որ ինքն արդեն տարիներ շարունակ աշխատում է եվրոպացի ոչ թե մեկ, այլ մի քանի ագենտների հետ, որոնք էլ կազմակերպում են իր մասնակցությունը աշխարհի թատրոններում ընթացող ներկայացումներին, կամերային երեկոներին, ապահովում մենահամերգները նաեւ սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Երգչուհու համերգների աշխարհագրությունը մեծ է՝ Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Շվեյցարիա, Կանադա, Ճապոնիա, Լեհաստան, Հունաստան եւ այլուր:

Նրան խնդրեցինք մանրամասնել՝ ինչպե՞ս է պատահում, որ իր ստեղծագործական կյանքում հայտնվում են միանգամից մի քանի ագենտներ: Վ. Խաչատրյանը հայտնեց, որ դա պայմանավորված է նախ միջազգային մրցույթներին իր մասնակցությամբ: Բացի այդ, Վ. Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ քաղաքակիրթ երկրներում վաղուց կայացած է ագենտների ինստիտուտը. «Ագենտների աշխատանքը ժամային սահմանափակում չունի: Նրանք իրազեկ են բոլոր մրցույթների ու թատրոնների անցքերին: Մշտապես բանակցային գործընթաց են վարում, որի արդյունքում հնարավոր է մեկ օպերային ներկայացման մեջ հանդիպել գլխավոր դերերգ կատարող մի քանի ազգերի ներկայացուցիչների: Սա վաղուց նորմալ երեւույթ է արտերկրի ճանաչված օպերային թատրոնների համար: Վստահ եմ, Հայաստանում էլ ագենտների կամ, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել՝ մենեջերական ինստիտուտի կայացումից հետո կգործի նման աշխատաոճ: Ի վերջո, հանդիսատեսին էլ հաճո է ցանկացած օպերային ներկայացման ժամանակ տեսնել միանգամից մի քանի արտերկրի կատարողների»:

Վ. Խաչատրյանը «Արշակ Երկրորդի» պրեմիերայից հետո կմեկնի Վերոնա, որտեղ հանդես կգա Ջովաննա Սեյմուրի դերերգով՝ Դոնիցետիի «Աննա Բոլենա» օպերային ներկայացման մեջ: Ինչպես երգչուհին տեղեկացրեց, հիշյալ օպերան բեմադրել է մեր օրերում համաշխարհային փառք վայելող ռեժիսոր Գրեհեմ Վիքը: Հարցին, թե Հայաստանում ե՞րբ նորից կհանդիպենք իրեն, Վ. Խաչատրյանն ասաց. «Արտասահմանյան մենահամերգներիս անփոխարինելի դաշնակահար- կոնցերտմայստերիս՝ Աննա Մանդալյանի հետ գարնան վերջին Երեւանում հանդես կգանք մենահամերգով, որտեղ կհնչեն մեզանում հազվադեպ կամ ընդհանրապես չկատարված գործեր: Իսկ մեր օպերային թատրոնում պատրաստում եմ Աննայի դերերգը՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում եւ Թամարը՝ Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկում»: Ճիշտ է, ելույթներս հայրենիքում այնպես հաճախակի չեն, ինչպես արտերկրում, բայց հայ ունկնդրին ամեն անգամ փորձում եմ ներկայանալ նոր ասելիքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել