Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի շուկան «մաֆիայի» ձեռքում է

Փետրվար 19,2007 00:00

Այդ է պատճառը, որ Հայաստանում սուրճի գները բարձրացել են

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանյան շուկայում սուրճի գները մոտ 30%-ով բարձրացել են: Սա «Առավոտին» հաստատեցին նաեւ սուրճի մանրածախ վաճառակետերում: «Եթե առաջ ես «Ռոբուստա» տեսակի սուրճի 1 կգ-ն գնում էի 1500 դրամով, վաճառում 2000-ով, ինձ մնում էր 500 դրամ, ինչը բավարար էր, հիմա նույն սուրճն առնում եմ 1800 դրամով եւ նորից վաճառում 2000-ով, որովհետեւ, եթե միանգամից այդքան թանկացնեմ՝ չեն առնի: Տակը ինձ ոչինչ չի մնում, որովհետեւ աշխատավարձ եմ տալիս, հարկ եմ վճարում: Եթե այսպես շարունակվի, ես ստիպված պետք է լինեմ փակել այս կետը»,- այսպիսի մտահոգություն հայտնեց մայրաքաղաքում սուրճի մանրածախ վաճառքի բիզնեսով զբաղվողներից մեկը:

Նշենք, որ Ամանորից առաջ սուրճի գները նորից թանկացել էին: Այն ժամանակ գները բարձրացան աստիճանաբար, ինչպես ներկայացնում են սուրճ վաճառողները՝ «շաբաթը մեկ 20-30 դրամով թանկացրին, սկզբում դա մեր գրպանի վրա չէր ազդում, հետո զգացինք, որ մի քանի ամսում ահագին տուժել ենք, շահույթը քչացել է»:

Սուրճի գների թանկացումը տարօրինակ է, որովհետեւ սուրճը Հայաստան ներկրվում է, իսկ հաշվի առնելով, որ դոլարի կուրսն անընդհատ իջնում է, ներկրվող ապրանքների գները պետք է որ մի բան էլ իջած լինեին: Եթե 2006-ի մայիսի սկզբին ներկրողները 10 կգ կշռող 1 պարկ սուրճը համաշխարհային շուկայում գնում էին, ասենք, 10 դոլարով եւ ինքնարժեքը մեր երկրում դրամով կազմում էր 4500 դրամ (մայիսին դոլարի կուրսը 450 էր), հիմա, երբ դոլարի կուրսը 360 է, պետք է մոտ 1000 դրամով գինն իջեցնեին, ինչը չի եղել: Մայիսից մինչ օրս սուրճի գինը իջնելու փոխարեն բարձրացել է:

Սուրճ վաճառողների ներկայացմամբ՝ վաճառքի մեծածախ կետերում, օրինակ՝ «Փեթակում», մատակարար ընկերությունները զգուշացրել են՝ սուրճի գներն էլի են թանկանալու:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությամբ՝ սուրճի շուկայում գերիշխող դիրք ունի «Կաֆե դյու Բրազիլ» ընկերությունը, որին է պատկանում շուկայի 35.2%-ը: Եվ քանի որ այդ ընկերության գնային քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի շուկայի գների վրա, «Առավոտը» «Կաֆե դյու Բրազիլից» հետաքրքրվեց, թե ո՞րն է սուրճի թանկացման պատճառը: Ընկերությունից նույնպես հաստատեցին, որ սուրճի գները, իսկապես, թանկացել են, բայց՝ 20%-ով: Պատճառը, ըստ ընկերության ներկայացուցչի, համաշխարհային շուկայում սուրճի դեֆիցիտն է. «Մենք Ինդոնեզիայից, Հնդկաստանից ու Վիետնամից ենք բերում, այնտեղ բերքի վերջն է, բերք չկա, բացի այդ, դրսում սուրճի շուկան մեծ մաֆիայի ձեռքում է, մենք սեւ շուկայից ենք սուրճ ձեռք բերում, իսկ այնտեղ թանկ է: Օրինակ, «Ռոբուստայի» 1 պարկը 1.5-2 դոլարով թանկ ենք գնել»: «Կաֆե դյու Բրազիլից» նաեւ ասացին, որ թանկացման հետ կապված Հայաստանում սուրճի պահանջարկը մոտ 50%-ով նվազել է, մարդիկ սկսել են սուրճից հրաժարվել:

Մինչդեռ, սրճավաճառները հավաստիացնում են, որ սուրճի գների բարձրացումը հատուկ քաղաքականություն է՝ մանր-մունր կետերին արանքից հանելու. «Ներկրող, փաթեթավորող ընկերությունները ուզում են դաշտն իրենց ձեռքը վերցնել, դրա համար էլ էնպիսի անտրամաբանական ու մեզ ոչ ձեռնտու գին են դնում, որ շահույթ չկարողանանք ստանալ, կետերը փակենք, ներկայումս հայաստանյան շուկայում տուփերով սուրճ խուսափում են գնել, որովհետեւ մեջն ինչ ասես կա, մաքուր չի, ու որպեսզի դրանց վաճառքը խթանեն՝ հատիկով գնող, աղացող ու վաճառող կետերի դեմն առնում են»:

«Կաֆե դյու Բրազիլից» նաեւ հայտնեցին, որ մինչեւ հուլիս սուրճի գները Հայաստանում չեն իջնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել