Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը ինագուրացիային չմասնակցե՞ց

Ապրիլ 16,2008 00:00

Շիրակի մարզում սպասվում է թե՛ մարզպետի եւ թե՛ Գյումրիի քաղաքապետի փոփոխություն:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը չի մասնակցել: Այս օրերին դրա մասին խոսում է ողջ քաղաքը: Այս ամենը Գյումրիում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, թե իրականում քաղաքապետը հրավիրված չի էլ եղել: Մինչդեռ քաղաքապետարանի մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, երդման արարողությանը մասնակցելու համար ամբողջ քաղաքապետարանին ընդամենը մեկ հրավիրատոմս է ուղարկվել, որն էլ, գյումրեցի պաշտոնյաների կարծիքով, «դիվանագիտորեն նշանակում է՝ հրավիրում ենք, բայց քո ներկայությունն այնքան էլ հաճելի չէ»: Այսինքն՝ այս ժեստով նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Վարդան Ղուկասյանին քաղաքավարի հասկացրել է, որ առաջիկայում նրա՝ նորից քաղաքապետ վերընտրվելու շանսերը բացառված են: Իսկ թե ինչո՞ւ են իշխանություններին այդքան «հավատարիմ» Գյումրիի քաղաքապետի հետ այդպես վարվել՝ կան մի քանի վարկածներ: Բանն այն է, որ նախագահական ընտրությունների ժամանակ Վարդան Ղուկասյանն իշխանական թեկնածուի հույսերը, տված խոստմանը հակառակ, չի արդարացրել. Գյումրիում Սերժ Սարգսյանը չափազանց քիչ ձայներ է հավաքել. ընդամենը 38%: Եվ սա այն դեպքում, երբ ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանին հաջողվել էր ստանալ ձայների 36%-ը: Եվ եթե նկատի ունենանք, որ Արթուր Բաղդասարյանից, այնուամենայնիվ, որոշակի ձայներ գողացվել են, ուրեմն Գյումրիում առաջին հորիզոնականը զբաղեցրել է հենց ՕԵԿ-ը: Բացի այդ, ինչպես արդեն նշել էինք, քաղաքապետի պաշտոնը, նախքան նախագահական ընտրությունները, Սերժ Սարգսյանը խոստացել էր Գյումրիի մեկ այլ «ավտարիտետի»՝ Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, իհարկե պայմանով՝ «պաշտոն՝ 26000 ձայնի դիմաց»: Մ. Գրիգորյանն էլ վատ էր աշխատել, խոստացած 26 հազար ձայնից կարողացել է մի կերպ ապահովել ընդամենը 12 հազարը:

Վ. Ղուկասյանի՝ ինագուրացիային չմասնակցելու առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք Գյումրիի քաղաքապետարանից: Լրատվական բաժնի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը «Առավոտի» հետ զրույցում իրարամերժ տեղեկություններ հայտնեց: Սկզբում նա պատճառաբանեց, որ քաղաքապետը առողջական խնդիրներ ունի եւ այդ պատճառով չի մասնակցել, բացի այդ՝ պատրաստվում է վիրահատության: Թեեւ, ըստ նրա, «հրավիրատոմս միանշանակ ստացել է»: Սակայն մի քանի րոպե անց նույն պաշտոնյան զանգեց մեր խմբագրություն՝ տեղեկացնելով, որ քաղաքապետը մասնակցել է, իսկ ինքը տեղյակ չի եղել, քանի որ քաղաքից բացակայել է: Իսկ որ քաղաքապետը երդմնակալության արարողությանը իրոք չի մասնակցել՝ այս մասին «Առավոտին» հավաստիացնում են Շիրակի մարզի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից մի քանիսի փոխանցմամբ՝ նույնիսկ Օպերայի դահլիճում, Շիրակի մարզից հրավիրված պաշտոնյաների շրջանակում քննարկվել է, թե Վ. Ղուկասյանն ինչո՞ւ է բացակայում եւ ենթադրություն է հնչել, թե երեւի քաղաքապետը վատառողջ է: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձից հետո, անգամ առողջական սարսափելի ծանր վիճակում, ձմռան խստաշունչ ցրտերին քաղաքապետը Սերժ Սարգսյանին «հավատարմորեն» ուղեկցել է մարզում: Ըստ լուրերի, քաղաքապետի գլխին սեւ ու մութ ամպեր են կուտակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել