Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգել էին հաշմանդամ ազատամարտիկին

Ապրիլ 25,2008 00:00

Արշավիր Բոզինյանին ժամեր շարունակ պահել են Նուբարաշենի մեկուսարանի դարպասի մոտ:

Երեկ առավոտյան ժամը 9.10-ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավորության վրա ոստիկանները առեւանգել են հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Ինչպես խոստացել էր ազատամարտիկը, ապրիլի 24-ին նա Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչների հետ պատրաստվում էր գալ Երեւան, այցելել Ծիծեռնակաբերդ, որից հետո շարունակեր իր ընդհատած 27 օրյա հացադուլը:

Արշավիր Բոզինյանը «Ա1+»-ին պատմել է, որ առավոտյան, երբ նա իր մեքենայով, որի ղեկին իր որդին էր, պատրաստվում էր գալ Երեւան՝ նրանց միանգամից շրջապատել են մի քանի մեքենա. «Ոստիկաններից մեկն ինձ ասաց, որ հրահանգ ունի ինձ Նուբարաշենի գաղութ տանելու: Ես հասկացա, որ նրանց նպատակն այն է, որ թույլ չտան ինձ վանատուրցիների հետ գալ Երեւան, որտեղ մենք պետք է անժամկետ հացադուլ հայտարարեինք: Ես ասացի, որ պատրաստ եմ գնալ նրանց հետ, եթե ազատ արձակեն իմ տղային: Նրանք հրաժարվեցին»:

Հաշմանդամ ազատամարտիկին եւ նրա որդուն ոստիկանները տարել են Նուբարաշենի գաղութ, սակայն դարպասից ներս չեն մտել: «Երբ ես տեսա, որ մեզ որեւէ մեկը չի մոտենում, սկսեցի բղավել: Գաղութից դուրս եկավ ինչ-որ մեկը եւ մեզ այնտեղ տանողներին ասաց, որ չեն կարող մեզ ներս թողնել»,- ասաց ազատամարտիկը:

Նուբարաշենի գաղութի դարպասի մոտ Արշավիր Բոզինյանին եւ նրա որդուն պահել են մինչեւ ժամը 18.10-ը: Ազատամարտիկին եւ նրա որդուն ոստիկանները ստիպված հետ են տարել Հրազդան, երբ հասկացել են, որ ազատամարտիկն այդ ընթացքում հասցրել է զանգահարել որոշ ԶԼՄ-ների: «Ինձ եւ տղայիս նրանք բերեցին Հրազդան: Երբ հասանք Վանատուր՝ նրանք իրենց դուրս գցեցին մեր մեքենայի միջից եւ փախան իրենց մեքենաներով, որոնք մեզ էին հետեւում»,- ասաց ազատամարտիկը:

Վանատուրից նա գնացել է Հրազդանի ոստիկանություն եւ այնտեղ հանդիպել իրեն առեւանգած ոստիկաններին. «Ես Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանին ասացի, որ ինքը եւ իր ոստիկանները պատասխան են տալու իրենց արածների համար: Վաղը ես Հրազդան եմ հրավիրել բոլոր լրատվամիջոցներին: Ինչպես խոստացել եմ՝ շարունակելու եմ իմ հացադուլը՝ բոլոր ցանկացողների հետ, որոնք իմ խնդրանքով չէին միանում հացադուլին: Այսօր մեր իշխանությունները թուրքերին մեղադրում են անմեղ հայերին կոտորելու մեջ, սակայն իրենք նրանցից ոչնչով չեն տարբերվում»:

Հրազդանի ոստիկանները երեկ ջարդել են հաշմանդամ ազատամարտիկի սայլակը, իսկ Արշավիր Բոզինյանի ձեռքերին կապտուկներ եւ քերծվածքներ առաջացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել