Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

Փետրվար 19,2009 00:00

Երեկ 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին անդրադառնալով՝ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնախումբը հրապարակել է իր հերթական զեկույցը, որի առանցքը, հանձնախմբի ձեւակերպմամբ՝ «ամենաարտառոց ապօրինությունն» է. այն է՝ քաղաքի կենտրոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ ծանր զրահատեխնիկայի եւ բանակային ուժերի ներգրավման փաստը: Ապօրինություն, որովհետեւ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ կետերով ուղղակի եւ միանշանակ սահմանված են բանակի՝ զինված ուժերի օգտագործման դեպքերը միայն ռազմական դրության պայմաններում: 2008թ. մարտի 1-ին մեր երկրում ռազմական դրություն չէր հայտարարվել, իսկ արտակարգ դրության պայմաններում բանակի օգտագործումը նախատեսված չէ: «Ժառանգելով մարտունակ եւ վարժեցված բանակ՝ այս իշխանություններն այն օգտագործեցին ոչ թե արտաքին մարտահրավերի դիմագրավման, այլ սեփական ժողովրդի դեմ՝ իշխանությունը բռնի ուժով պահելու համար»,- արձանագրված է զեկույցում: Բանակի մասնակցությունը մարտյան դեպքերին երեկ հաստատել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, բայց վերապահումով՝ «ԶՈՒ կայազորի պետի կողմից մշակված եւ ԶՈՒ ԳՇ պետի կողմից հաստատված արտակարգ դրություն հայտարարելու դեպքերի համար միջոցառումների ծրագրի համաձայն, Երեւանի կայազորի կազմում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներն ընդգրկվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության միջոցառումներում»:

Հիմա դառնանք տեսագրություններով ամրապնդված զեկույցին, ըստ որի, մարտի 1-ի ցերեկը, ժամը 14:00-ի սահմաններում, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հայտնվել է «Ոստիկանության զորքեր» տարբերանշանով ըՁՀ մակնիշի զրահամեքենա: «Իշխանությունների որոշումը՝ խաղաղ ցուցարարների դեմ օգտագործել ծանր մարտական տեխնիկա, որին ամրացրած էր մարտական գնդացիր, որը ներպետական օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների խախտում է», ըստ զեկույցի հեղինակների, սադրիչ քայլ է եղել, որը նպատակ է ունեցել ցուցարարներին անկանխատեսելի գործողությունների դրդել: Իշխանությունների այդ սադրանքը տապալվել էր միայն այն բանի շնորհիվ, որ ցուցարարները՝ ՀՀ ԱԺ պատգամավոր եւ «Յոթի» գործով անցնող Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ավելի ողջամիտ էին գտնվել եւ զրահատեխնիկան հիշյալ տարածքից անվնաս դուրս էին բերել: Զեկույցի համահեղինակ Վլադիմիր Կարապետյանը շեշտեց, որ հենց զրահամեքենայի դուրս բերումը խաղաղ ցուցարարների դեմ առաջացրել է վերջիններիս բնական եւ օրինական արձագանքը՝ անհրաժեշտ պաշտպանություն, ինչը նախատեսված է ՀՀ ՔՕ 42 հոդվածով. «Ժամը 14.00-ից հետո Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիները, պաշտպանելով իրենց, իրենց հարազատների եւ այլ քաղաքացիների անձնական անձեռնմխելիությունը, առողջությունն ու կյանքը՝ դիմել են ինքնապաշտպանության, որը ակտիվ իրավունք է, ոչ թե պասիվ»:

Զեկույցում անդրադարձ կա նաեւ իրավապահների եւ զինվորականների ներկայությամբ քաղաքացիական հագուստով մի երիտասարդի զինվելու փաստին: Ըստ ՀՔԾ-ի, այդ անձը ՊՆ վարորդ է, որը ժամանակավորապես կրել է ՊՆ շարասյան ավագին կցված զենքը: «Մեզ հաջողվեց պարզել, որ վարորդը ծառայել է սահմանամերձ շրջաններից մեկում գտնվող զորամասում: Հաշվի առնելով, որ կեսօրից հետո Երեւանում կային պաշտպանության նախարարության համարանիշներով ավելի քան 50 տարբեր մակնիշների ուղեւորատար եւ բեռնատար ավտոմեքենաներ՝ յուրաքանչյուրն իր ավագով, վստահաբար կարելի է պնդել, որ մարտի 1-ին, կեսօրից հետո, մի քանի տասնյակ ՊՆ զինված ներկայացուցիչներ, ՊՆ ստորաբաժանումներ ներգրավված են եղել իրավապահների գործողություններում»,- գրված է զեկույցում: Հանձնախմբի տրամադրության տակ եղած մեկ այլ տեսանյութ փաստում էր, որ խաղաղ ցուցարարների դեմ դուրս են բերվել նաեւ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք զինված գործողություն են իրականացնում, մինչդեռ դա «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի կոպիտ խախտում է: Հակառակ ՊՆ-ի երեկ տարածած հաղորդագրության, թե՝ «գործողություններում ներգրավվել են բացառապես Երեւանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումները», հանձնախումբը ներկայացրել է Reuters-ի կողմից տրամադրված մի տեսանյութ, որը վկայում է՝ մարտի 1-ի երեկոյան, ժ. 20:00-ի սահմաններում, Վանաձորից դեպի Երեւան է ուղեւորվում մարտական ծանր զրահատեխնիկայի շարասյուն, որը մարտի լույս 2-ի գիշերը, ժ. 1:30-ի սահմաններում, հայտնվում է Երեւանի կենտրոնում: «Մոտակա մարզերը, որտեղից հնարավոր էր այդ ճանապարհով բերել ըԾկ-1, Լոռիի կամ Տավուշի մարզերն են, ուր տեղակայված է ՀՀ բանակային 3-րդ կորպուսը: Ռազմական փորձագետների վկայությամբ, Երեւան հասնելու համար նման թրթուրավոր տեխնիկայի համար անհրաժեշտ էր առնվազն ութ ժամ, հետեւաբար՝ զրահամեքենաները դուրս են եկել սահմանամերձ շրջաններից մինչեւ արտակարգ դրության հայտարարումը: Մարտական ծանր զրահատեխնիկան շարժելու եւ Երեւան տեղափոխելու ապօրինի հրամանն արձակվել է մարտի 1-ի կեսօրից հետո»,- հայտարարեց Վլ. Կարապետյանը: Հիշեցնենք, որ այդ պահին ցուցարարների կողմից «զանգվածային անկարգություն» կատարելու կամ ընդդիմության կողմից «պետական իշխանությունը յուրացնելու», ուստիեւ՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին խոսք լինել պարզապես չէր կարող:

Հանրային հանձնաժողովը եզրակացրել է, որ մարտի 1-ին բանակային ստորաբաժանումների՝ Երեւանի կենտրոն տեղափոխելը լրջագույն մարտահրավեր էր պետական անվտանգության համար: «Դեռեւս ուսումնասիրվող արտառոց հանգամանքների հետ միասին» դա նաեւ նշանակեց ՀՀ սահմանի վերահսկման թուլացում, ինչը եւ օգտագործվեց ադրբեջանցիների կողմից՝ սադրանքներ կազմակերպելու համար: «Արտառոց հանգամանք» ասելով՝ զեկույցի հեղինակները, թերեւս, նկատի ունեին հենց ղարաբաղցի զինծառայողների մասնակցությունը դեպքերին:

Հանձնախումբը մտադիր է արտակարգ իրավիճակի ժամանակ ՀՀ ԶՈւ օգտագործման հարցը բողոքարկել դատական կարգով, իսկ մինչ այդ նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՍԴ-ում վիճարկելու այդ օրը բանակի եւ ԶՈՒ օգտագործման հրամանների սահմանադրականությունը: Հանձնախումբը դիմել է նաեւ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբին՝ առաջարկելով ուսումնասիրել այդ նյութերը եւ գնահատել, թե արդյոք բանակի ներքաշումը ներքաղաքական խնդիրներին եւ ընտրական գործընթացներին չի՞ պարունակում ՀՀ ՔՕ 300 հոդվածի հատկանիշներով նախատեսված, մասնավորապես՝ պետական իշխանությունը բռնությամբ պահելու հանցակազմ, կամ արդյոք կա՞ն հիմքեր տեղի ունեցածը գնահատելու որպես ռազմական հեղաշրջում: Այդ փաստը երեկ պնդեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա ասելով՝ «մարտի 1-ին տեղի է ունեցել պետական ռազմական հեղաշրջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել