Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՊԱՏԳԱՄԸ

Ապրիլ 10,2010 00:00

\"\"Երկու տարի առաջ հրապարակելով իր նախընտրական ծրագիրը՝ Սերժ Սարգսյանը ցիտելով Ներսես Շնորհալուն, հայտարարեց. «Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդայինում, եւ սեր՝ ամեն ինչում»:

ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում, որը կոչվեց նաեւ երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիր, որպես բարեփոխումների հիմնական նախադրյալ, շեշտվեց միասնությունը: Թե որքանով է մեր հասարակությունը այս երկու տարիների ընթացքում զգացել այս միասնությունը, ազատությունը եւ սերը՝ որոշեցինք հարցնել նախ՝ շարքային քաղաքացիներին: Մարդիկ առանձնապես հակված չէին մեր հարցերին պատասխանել. «Էլ դարդ ու ցավ չունենք, պարզենք, թե ինչ խոստում են կատարել, ինչը՝ ոչ»,- սա այն գերիշխող պատասխանն էր, որ լսում էի փողոցներում: Իսկ առավել տեղեկացվածները նաեւ կոնկրետ բաներ էին ասում. «Մի բան գիտենք՝ ամեն ինչ թանկանում է», «Կարեւորը՝ պատերազմ չեղավ եւ թող չլինի». սա էլ պատասխանների մյուս խումբն էր: Պատասխանների երրորդ խումբը կարելի է անվանել գոհ մարդկանց պատասխաններ. «Ամեն ինչից էլ գոհ ենք»: Եղան նաեւ այլ պատասխաններ. «Միասնական ենք, էլի, եթե պատերազմ եղավ, միասին ենք կռվելու»: Հայոց լեզվի եւ գրականության որոշ մասնագետներ էլ նշեցին. «Այս երկու տարում գործող նախագահից լսել ենք գրագետ եւ դրական ելույթներ»:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում նշված էր, որ արցախյան հիմնախնդիրը լինելու է ՀՀ նախագահի գործողությունների կիզակետում: Նշված էին նաեւ հարցի կարգավորման սկզբունքները՝ «Պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության եւ սահմանների անվտանգությունը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման:
Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի՝ քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել եւս՝ հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել միանգամից, մեկ օրում, այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է: Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը: Մենք պետք է կառուցենք բնականոն հարաբերություններ մեր հարեւան պետությունների հետ: Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում՝ համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված եւ ո՛չ էլ այլ նախապայմաններ»:
ՀՀ նախագահի կայքէջում, նախընտրական ծրագրի կողքին, տեղադրված է աղյուսակ, որում նշված են նախընտրական ծրագրի կատարման ընթացքի որոշ արդյունքներ: Մասնավորապես, նշված է, որ եթե 2000-ին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 320, ապա 2012-ին այն կկազմի 1,688, միջին ամսական աշխատավարձը 2000-ին կազմել է 22,706 դրամ, 2012-ին կկազմի 122,541:
Երեկ քաղաքական գործիչները եւս գնահատականներ են տվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարիներին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարել է, որ ներքաղաքական լարվածությունը այս երկու տարվա ընթացքում մեղմվել է, որ այսօր արտաքին քաղաքականության մեջ շատ ավելի մեծ հաջողություններ ունենք, քան անցած 20 տարում: Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ որեւէ դրական բան անցած երկու տարում չի կատարվել: «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ երկու տարին քիչ է խոստումների կատարման մասին գնահատական տալու համար. «Ի վերջո՝ նախագահ ընտրվում է հինգ տարի ժամկետով, եւ նրան ընտրում են կամ վստահություն են տալիս լիազորությունների ամբողջ ժամկետի համար: Այնուամենայնիվ, եթե խոսում ենք Սերժ Սարգսյանի մասին, պետք է արձանագրենք հետեւյալը, որ արտաքին քաղաքականության մեջ, իմ կարծիքով, որոշակի դրական փոփոխություններ տեղի են ունեցել, այսինքն՝ ի տարբերություն իր նախորդի, Սերժ Սարգսյանը վարում է, այսպես կոչված, բաց սահմանների քաղաքականություն: Ինչքանով է հետեւողական՝ չեմ կարող գնահատել, որովհետեւ առայժմ շոշափելի, առարկայական արդյունքներ չկան: Նույնը չեմ կարող ասել ներքին քաղաքականության մասին: Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն մնացած արատավոր համակարգը, եւ, ըստ էության, եթե այդ համակարգը պահպանվի, որեւէ ռացիոնալ արդյունք սպասելն անիմաստ է»: Մեր հարցին՝ պարոն Սուրենյանցը գո՞հ է տնտեսության վիճակից, բնակչության սոցիալական վիճակից, այս երկու տարվա ընթացքում այդ ոլորտներում փոփոխություն նկատվո՞ւմ է, թե՞ ամեն ինչ նույնն է մնացել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տնտեսական քաղաքականությունը նախորդի քաղաքականությունից չի տարբերվում: Մենք դարձյալ գործ ունենք փակ-օլիգարխիկ համակարգի հետ, իսկ նման համակարգի առկայության պայմաններում խոսել քաղաքացու բարեկեցության կամ սոցիալական արդարության մասին, հնարավոր չէ»: Մեր հարցին՝ արդյոք երկու տարի գործող նախագահը կատարե՞լ է իր խոստումը՝ ամեն ինչում սիրով առաջնորդվելու մասով, եւ մեր հասարակությունը զգացե՞լ է այդ սերը: Ի պատասխան՝ պարոն Սուրենյանցն ասաց. «Կարեւորն այն է, որ շարքային քաղաքացին փոփոխություն զգա, այսինքն՝ զգա, որ իշխանությունը գործում է իր համար: Առայժմ ես շոշափելի որեւէ բան ներքին հարաբերություններում չեմ նկատել: Իսկ արտաքին քաղաքականությունը շատ նուրբ ոլորտ է, եւ քաղաքացին անմիջականորեն դրա հետեւանքները չի զգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել