Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՓՈԽՈՒՄ ԵՆ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»

Մայիս 15,2010 00:00

Հայաստանում վաղուց արդեն ավանդույթ է դարձել ընտրություններից առաջ «Ընտրական օրենսգիրքը» փոխելը: 2012-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններն էլ բացառություն չեն:

\"\"ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգում «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու մասին օրենսդրական 3 նախաձեռնություն կար՝ մեկի հեղինակը Լյովա Խաչատրյանն է, երկրորդինը՝ Վիկտոր Դալլաքյանը, եւ երրորդինը՝ Արմեն Մարտիրոսյանը: Սակայն քննարկվեց միայն վերջինիս նախաձեռնությունը՝ մյուս երկուսը հետաձգվեցին:
Համառոտ ներկայացնենք, որ 2009 թվականի հունիսին շրջանառության մեջ դրված այս նախագծով Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով: Ըստ նրա նախաձեռնության՝ ԿԸՀ-ն պիտի ղեկավարի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, նաեւ ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կեսը պետք է լինեն ԱԺ-ում ընդդիմադիր \"\"խմբակցություն ունեցող կուսակցության ներկայացուցիչներ: Արգելվում է թեկնածուների եւ կուսակցությունների կողմից «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գույքի, տրանսպորտային եւ այլ միջոցների օգտագործումը»: Ավելացվում է նոր պարբերություն, որով սահմանափակվում է ընտրությունները նշանակելուց հետո հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուի գործունեության ազատ լուսաբանումը Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով: Իսկ ՀՀ նախագահի թեկնածու գրանցված պետական ծառայողները՝ բացառությամբ ՀՀ գործող նախագահի, ընտրությունների ընթացքում կասեցնում են իրենց պաշտոնավարությունը՝ գնալով իրենց հաշվին արձակուրդի:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ նման մի նախաձեռնություն շրջանառության մեջ էր դրել նաեւ 2008-ի վերջին. «Այնտեղ 2 դրույթներ կային՝ մատների թանաքոտումը եւ արտասահմանում քվեաթերթիկները տպագրելը, որոնք հանել եմ այս նոր նախագծից»: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց, թե երկրորդ դրույթն ինչո՞ւ է հանել: «Դե, երկուսին էլ դեմ էիք»,- հիշեցրեց պրն Մարտիրոսյանը:
Դավիթ Հարությունյանը, սակայն, այժմ էլ ասաց, թե առարկելու են այս նախագծին, թեեւ այնտեղ կան բազմաթիվ հաջողված դրույթներ, դրական մեխանիզմներ: Եվ այս առիթով նաեւ շարադրեց, թե «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու ինչ ծրագիր ունի ՀՀԿ-ն: Սեպտեմբերի վերջին սկսելու են քաղաքական քննարկումները: Փոփոխությունները պիտի պատրաստ լինեն մինչեւ տարեվերջ, ինչը բխում է նաեւ ԵԽԽՎ-ին ներկայացված ժամանակացույցից. «Երաշխավորում ենք մինչեւ մյուս մայիսի 25-ը՝ որպես վերջնաժամկետ, բայց մեր ծրագրերը կազմում ենք մինչեւ դեկտեմբերի 31-ը»:
Պետք է փորձեն այս կապակցությամբ ապահովել տարբեր քաղաքական ուժերի հնարավոր փոխհամաձայնությունը. սա ասելով՝ պրն Հարությունյանն ընդգծեց «հնարավոր» բառը՝ հավելելով. «Հաստատ բոլոր հարցերում կոնսենսուսի չենք գա՝ ակնհայտ է: Բայց շատ ավելի արդյունավետ կլինի, եթե այս բոլոր նախագծերը քննարկվեն նույն ժամանակահատվածում»: Եվ այդ նույն մոտեցմամբ, ըստ պրն Հարությունյանի, դեմ են լինելու «անգամ մեր խմբակցության ներկայացուցչի՝ Լեւոն Խաչատրյանի» ներկայացրած օրինագծին: Նշենք, որ պրն Խաչատրյանը դե յուրե ոչ միայն ՀՀԿ խմբակցության անդամ չէ, այլ նաեւ անկուսակցական է:
Հընթացս պարզվեց, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահն էլ է մաս կազմում այն աշխատանքային խմբին, որը նախապատրաստում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները: Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ եթե ընդունվելիք օրինագիծն իրոք մշակվելու է փոխհամաձայնության հիմքի վրա՝ ինքը պատրաստ է հետ վերցնել իր նախաձեռնությունը: Առաջարկում էր մինչ այդ այն այնուամենայնիվ ներառել ԱԺ մեծ օրակարգում՝ որպես այլընտրանքային տարբերակ: Սակայն ՀՅԴ ներկայացուցիչ Արտաշես Շահբազյանից բացի՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի մյուս անդամները դեմ քվեարկեցին այս նախագիծը դրական եզրակացությամբ ԱԺ օրակարգ ընդգրկելուն: Թեեւ պրն Շահբազյանն էլ կողմ քվեարկելուց առաջ նշեց, որ նույնպես կարեւորում է նախագծերի վրա ընդհանուր աշխատանքը:

Հ. Գ. «Ժառանգություն» խմբակցության երեկվա որոշմամբ Արմեն Մարտիրոսյանի այս օրինագիծը ճանաչվել է արտահերթ, իսկ որոշումն էլ նույն օրն ուղարկվել է ԱԺ նախագահին: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ օրինագիծը կներառվի մայիսի 17-20-ի քառօրյա նիստերի օրակարգում եւ արտահերթ կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել