Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ընտրվածները ղարաբաղցի են

Մայիս 26,2010 00:00

Արցախից վերադարձած ԱԺ պատգամավորների գնահատմամբ, Արցախը նորից «այո» ասաց իր անկախությանը:

Դիտորդական խմբի բոլոր անդամները հայտարարեցին, որ արժե սովորել Արցախից նորմալ, ժողովրդավար եւ ազատ ընտրություններ անցկացնելու մշակույթը: Խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ «Արցախի ժողովուրդն այս ընտրությունները կազմակերպեց եւ գնաց ընտրության ոչ թե միջազգային այս կամ այն կազմակերպությանը դուր գալու համար, կամ այս կամ այն միջազգային կազմակերպության համար, այլ ապացուցեց, որ ինքն ազատ է, եւ ինքն է տնօրինում իր ճակատագիրը»:

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի ներկայացմամբ, ընտրությունները Արցախում տոնի էին վերածվել. «Ղարաբաղի ժողովուրդը միավորված է մի նպատակի շուրջ, ինքը գիտի՝ ինչ է ուզում, ուր է գնում եւ այդ նպատակի ճանապարհին հավատում է իր նախաձեռնություններին, հավատում է իր հաղթանակին: Նույնիսկ Ղարաբաղի իշխանություններն այնքան ընտրությունների արդյունքները չէին քննարկում, որքան այն մթնոլորտը, որում տեղի ունեցան այդ ընտրությունները»:

Ստեփանակերտի եւ Շուշիի ինը ընտրատեղամասերում ընտրություններին հետեւած ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ղարաբաղյան ընտրությունները մեկ քայլ առաջ որակեց իր մինչ այժմ տեսած բոլոր, այդ թվում նաեւ հայաստանյան ընտրություններից: Արցախից վերադարձի ճանապարհին ԲՀԿ ներկայացուցիչը նաեւ մտածել է. «Ես մտածում էի հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը հավաքվեն եւ մի պայմանավորվածությամբ, օրինակ, ասենք, հայտարարությամբ հանդես գան ընտրությունները առճակատման չվերածելու, թշնամության եւ ատելության քարոզ չանելու, ինչքան էլ որ գայթակղությունը մեծ լինի, ինչքան էլ որ ընտրազանգվածում լինեն արմատական տրամադրված մարդիկ, որոնք կուզենան ավերելու, քանդելու ճանապարհով տանել գործընթացը»: Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի համոզմամբ, միջազգային դիտորդների այս կարծիքները կարող են նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին: ՕԵԿ ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանն Ադրբեջանին խորհուրդ տվեց կարգին ընտրությունների անցկացումը սովորել Ղարաբաղից եւ կեսկատակ նկատեց, որ ընտրություններն անցան ազատ, անկախ եւ ժողովրդավար, եւ բոլոր ընտրված պատգամավորները ղարաբաղցիներ են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել