Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

Հուլիս 31,2010 00:00

\"\"Ասում է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը

ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ որոշ տարաձայնությունների մասին մեր մասնավոր զրույցի ընթացքում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը հընթացս մի ուշագրավ՝ մինչ այսօր չհնչած դիտարկում արեց, որով կատարվածը բացատրում էր որոշակի գաղափարախոսական խնդիրներով՝ այն համատեքստում, թե ՀՀՇ-ն լիբերալ կուսակցություն է, իսկ ՀԱԿ-ը գնալով դառնում է ձախակենտրոն ուժ: Խնդրեցինք հրապարակավ մանրամասնել այս տեսակետը: Արման Գրիգորյանի խոսքը ներկայացնում ենք առանց միջամտության. «Ես դա ասելու համար շատ որոշակի փաստեր չունեմ, թե ինչ-որ մարդիկ իրենց գործունեությունը կամ իրենց որոշ տարաձայնությունները ՀԱԿ-ի հետ իսկապես պայմանավորել, արդարացրել կամ բացատրել են գաղափարախոսական հակասություններով: Ինչ-որ տեղ՝ դա նաեւ չէր կարող լինել, քանի որ ՀԱԿ-ն իրականում կուսակցություն չէ՝ այն բազմաթիվ, տարաբնույթ քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների եւ անհատների մի հանրագումար է, որը սկզբունքորեն չի կարող ունենալ միասնական գաղափարախոսություն կամ պարտադրող ինչ որ վարդապետություն: ՀԱԿ-ում կան ուժեր, որոնք ունեն գաղափարախոսական հակադիր, նույնիսկ միմյանց բացառող մոտեցումներ՝ ծայրահեղ լիբերալներից մինչեւ ազգայնականներ: Ի սկզբանե ՀԱԿ-ը հենց այս սկզբունքով է ձեւավորվել, ու շատերը, այդ թվում՝ ես, դա համարում ենք Կոնգրեսի գլխավոր առավելություններից մեկը:
Միեւնույն ժամանակ, երբ այս շարժմանը ես նայում եմ քաղաքագետի ու նաեւ պատմաբանի աչքերով ու համեմատում այս գործընթացները մյուս՝ մեր նման երկրներում տեղի ունեցած գործընթացների կամ, ինչու չէ՝ 20-րդ դարի համաշխարհային պատմության որոշ գործընթացների հետ՝ ինձ համար ակնհայտ է, որ եթե ՀԱԿ-ը նույնիսկ խուսափում է եւ խուսափելու է գաղափարախոսական ինչ-որ բնութագիր տալ ինքն իրեն՝ նրա սոցիալական հիմքն այնպիսին է, որ վաղ թե ուշ՝ Կոնգրեսում գերիշխող է դառնալու սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: Դրա նշաններն արդեն կան՝ եթե ուշադիր ուսումնասիրեք, օրինակ, ՀԱԿ-ի «100 քայլ» տնտեսական ծրագիրը: Իմիջիայլոց. ինձ համար զավեշտական էր ՀՅԴ հակազդեցությունը. նրա մի ներկայացուցիչ քննադատեց «100 քայլը»՝ որպես սոցիալիստական ծրագիր: Երեւի ինքն էլ չգիտեր, որ իրենց կուսակցությունը պաշտոնապես սոցիալիստական է, եւ հետեւաբար՝ դա որպես քննադատություն դաշնակցականի բերանից լսելը շատ տարօրինակ էր, անկախ նրանից, թե «սոցիալիստականը» ճի՞շտ պիտակ էր այդ ծրագրի համար, թե՞ ոչ:
«100 քայլը» լուծումների տնտեսագիտորեն հիմնավորված եւ, իմ կարծիքով, հրաշալի համակարգ է, բայց այն, միեւնույն ժամանակ, պատասխան է սոցիալական շատ որոշակի պահանջի: Այն նաեւ այսօրվա խնդիրների գնահատականն է: Ի՞նչ սոցիալական եւ տնտեսական խնդիրներ ունի ներկայիս Հայաստանը, եւ ինչպե՞ս կարող են դրանք լուծվել: Արդյոք լիբերալի՞զմն է Հայաստանի այսօրվա տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման ամենահարմար ու ամենաճիշտ գաղափարախոսությունը: Իմ կարծիքով, լիբերալիզմը չէ այդ գաղափարախոսությունը: Սա չեմ ասում իբրեւ մեկը, որը փիլիսոփայորեն դեմ է լիբերալիզմին, բայց այդ գաղափարախոսություններին մենք հաճախ նայում ենք զուտ որպես մտավոր ինչ-որ կառուցվածքներ եւ անտեսում այն հանգամանքը, որ այդ գաղափարախոսությունների կիրառելիությունը, նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը հաճախ թելադրված են քաղաքական իրավիճակով ու այդ իրավիճակի պահանջներով: Եվ վերջապես՝ այդ գաղափարախոսությունները մտավոր կառուցվածքներ լինելուց բացի՝ սոցիալական որոշակի շահերի եւ ուժերի քաղաքական պայքարի գաղափարական զենքն են:
Հիմա, ի թիվս այլ բաների, ՀԱԿ-ն ուզում է Հայաստանից վերացնել այս օլիգարխիկ համակարգը: Իմ խորին համոզմամբ, լիբերալ գաղափարախոսությունն այդ պայքարի լավագույն զենքը չէ: Օլիգարխիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ գաղափարախոսությունը սոցիալ-դեմոկրատականն է:
Ես գիտեմ՝ ինչ հակազդեցություն կարող է լինել իմ լիբերալ շատ ու շատ ընկերների կողմից: Որոշ մարդիկ, այդ թվում թե՛ ՀԱԿ-ի հակառակորդներ, թե՛ ՀԱԿ-ի աջակիցներ, սա անպայման ընկալելու են որպես սոցիալիզմի քարոզ կամ խորհրդային կարոտախտի դրսեւորում: Բայց դա որքան կանխատեսելի, այնքան էլ անհիմն մեղադրանք է: Սոցիալիստները կամ գոնե խորհրդային սոցիալիստները սոցիալ-դեմոկրատիան ավելի ոխերիմ թշնամի էին համարում, քան նույնիսկ ֆաշիստներին: Այնպես որ՝ սոցիալ-դեմոկրատիան չի կարելի նույնացնել սոցիալիզմի կամ կոմունիզմի հետ. խոսքը դրա մասին չէ, եւ ես չափազանց հեռու եմ խորհրդային կարոտախտով տառապելուց: Ավելի՛ն, ես շատ ուրախ եմ, որ Խորհրդային Միությունն այլեւս գոյություն չունի, եւ գտնում եմ, որ այդ պետության տխմար համակարգը կազմաքանդելու լավագույն գաղափարական զենքը լիբերալիզմն էր: Բայց այսօր դա լավագույն զենքը չէ:
Բացի այդ, իմ կարծիքով, այսօրվա հարաբերականորեն առավել արդար եւ միեւնույն ժամանակ՝ առավել բարգավաճ պետությունները՝ Սկանդինավյան երկրներ, Գերմանիա, Ֆրանսիա՝ սոցիալ-դեմոկրատական են: Որեւէ ընդհանուր բան այդ համակարգերը չունեն սոցիալիզմի կամ կոմունիզմի հետ:
Անպայման ուզում եմ նշել, որ կողմ եմ մասնավոր սեփականության գոյությանը, եւ կողմ եմ գնագոյացման շուկայական մեխանիզմին: Բայց կապիտալիզմը լավագույնս աշխատում է, երբ այն կարգավորվում ու վերահսկվում է ժողովրդավարական պետության կողմից»:
Այս ընդհանրացնող դատողությունից հետո եւս մեկ անգամ հետաքրքրվեցինք՝ այսպիսով կարծում է, թե օբյեկտի՞վ օրինաչափություն է այն, որ ՀԱԿ-ը ձախանում է, թե՞ վճռորոշ է դառնում այն հանգամանքը, որ դրա կազմում գործող 18 ուժերից միայն 2-3-ն են լիբերալ՝ մնացածը ձախ թեքում ունեն: Արման Գրիգորյանը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ՝ դա օբյեկտիվ օրինաչափություն է, եւ ոչ թե այդ կուսակցություններն են ձախացրել ՀԱԿ-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել