Լրահոս
Օրվա լրահոսը

Կմշակվի «Անվտանգ քաղաք» հայեցակարգը

Հունիս 21,2011 00:00

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բանուկ կանգառներում եւ խաչմերուկներում 60 տեսախցիկների տեղադրումը հնարավորություն է տվել համաժամանակյա ռեժիմով մոնիթորինգի ենթարկել այդ հատվածներում երթեւեկության վիճակը։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով հանձնարարվել է հասարակական տրանսպորտային միջոցներին համապատասխան տարբերանշաններ տեղադրել։ Միաժամանակ, մայրաքաղաքում երթեւեկությունը կանոնակարգելու, այն առավել անվտանգ եւ ապահով դարձնելու նպատակով «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենին հանձնարարվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ մշակել «Անվտանգ քաղաք» հայեցակարգ։
Վարչական շրջանների համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ներդրված GPRS համակարգի արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով մոնիթորինգ անցկացնել սանմաքրման ձեռնարկություններում: Միաժամանակ հանձնարարվել է տարածքներում ապահովել աղբարկղերի անհրաժեշտ քանակը։
Հանձնարարվել է համապատասխան իրավական դաշտն ուսումնասիրելով՝ հնարավորինս սեղմ ժամկետում գործարկել գնումների գործընթացի էլեկտրոնային տարբերակը։
Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի զեկույցի՝ հիմնականում ավարտվել են վերնիսաժի տարածքի բարեկարգման աշխատանքները։ «Դատելով հասարակական արձագանքից՝ վիճակը դեռեւս բավարար չէ»,– նշել է քաղաքապետը՝ հանձնարարելով մեկ անգամ եւս ճշտել տրված հանձնարարականի կատարման արդյունքները։
Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի եւ պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Երկրորդ փուլով բոլոր վարչական շրջաններում գույքագրված կրպակներից արդեն ապամոնտաժվել է 157–ը։ Մինչեւ հուլիսի 1–ը, ըստ վարչական շրջանների ներկայացրած տեղեկատվության, կապամոնտաժվի եւս 245–ը։ Մեկ անգամ եւս շեշտելով, որ մայրաքաղաքը պետք է մաքրել կրպակներից եւ սիզամարգերի, մայթերի եւ բանուկ այլ հատվածների հաշվին կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու, քաղաքապետը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել եւ կարճ ժամկետում ավարտել գործընթացը։
Քաղաքապետը հանձնարարել է շրջակա տարածքի բարեկարգման եւ կանաչապատման գործընթացը կանոնակարգելու նպատակով մայրաքաղաքի կանաչ գոտիներում առեւտրային կամ տնտեսական գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ համապատասխան պայմանագրի ձեւ մշակել։
Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է ուսումնասիրել եւ առաջարկություն ներկայացնել մայրաքաղաքի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի եւ շինությունների ճակատային մասերում օդորակիչներ տեղադրելու խնդիրը կանոնակարգելու ուղղությամբ։ Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների հանգստյան գոտիներում եւ բակային տարածքներում ավարտել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տրամադրած մարզագույքի տեղադրման աշխատանքներն ու այս ուղղությամբ նոր առաջարկություններ ներկայացնել։
Մայրաքաղաքի բնակչության առողջ ապրելակերպը խթանելու նպատակով աշխատակազմի սպորտի վարչությանը հանձնարարվել է մշակել համապատասխան հայեցակարգ։
Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել եւ ըստ ամենայնի օժանդակել Համահայկական խաղերի անցկացմանը։
Ընդառաջելով Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շրջակա տարածքում տնտեսվարող սուբյեկտների խնդրանքին՝ քաղաքապետը հանձնարարել է ժամը 10։00–ից 11։00–ն ընկած ժամանակահատվածում օպերայի հարակից տարածքում թույլատրել մատակարարող տրանսպորտային միջոցների կայանումը։ Հանձնարարվել է հետեւողական խիստ վերահսկողություն սահմանել շինանյութ տեղափոխող մեքենաների վարորդների կողմից սահմանված կարգը պահպանելու նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել