Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվեց. ռուսական ընկերությունը հրաժարվում է հայկական ատոմակայանի կառավարումից

Նոյեմբեր 24,2011 23:27

Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հաստատում է տեղեկությունը հայկական ատոմակայանի կառավարումից վաղաժամկետ հրաժարվելու եւ այլ ընկերության հանձնելու մտադրության մասին:

Ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը` նշելով.  «Բանակցությունները դեռ նախնական փուլում են: Անգամ կարելի է ասել, որ դեռ չեն էլ սկսվել: Ուստի խոսելն առայժմ դժվար է»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե այդ բանակցությունները ընթանում են միայն ռուսակա՞ն ընկերությունների հետ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության մամուլի քարտուղարը պատասխանեց, որ բանակցություններն ընթանում են տարբեր գործընկերների հետ եւ առայժմ կոնկրետ բան ասելը բարդ է:

«Պարզ է, որ ցանկություն կա վաղօրոք հրաժարվել հայկական ատոմակայանի կառավարումից, սակայն կստացվի՞ դա անել, դեռ պարզ չէ», – հավելեց Նիկոլայ Գորելովը: Նա, սակայն, չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերն այն մասին, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դժգոհ է հայկական ԱԷԿ-ի շահագործման պայմաններից:

Այսօր մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը հանդես էր եկել հրապարակմամբ, թե իր աղբյուրների փոխանցմամբ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա նա իրականացնում է հայկական ատոմակայանի կառավարումը եւ ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել հայկական ատոմակայանի շահագործման պայմանագիրը: «Կոմերսանտի» փոխանցմամբ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը բանակցություններ է սկսել Հայաստանի իշխանությունների հետ այդ պայմանների փոփոխման նպատակով: Բացի այդ ընկերությունը բանակցություններ է սկսել նաեւ ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերության հետ` կառավարումը վերջինիս փոխանցելու համար:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հայկական ԱԷԿ-ի կառավարումը ստանձնել է 2003 թվականից: Կառավարման պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի քարտուղար Սերգեյ Նովիկովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանի կառավարությունը դիմի Ռուսաստանին եւ «Ռոսատոմը» հանձնարարություն ունենա աշխատանք տանել ՀԱԷԿ-ի կառավարումը ստանձնելու ուղղությամբ, իհարկե, ընկերությունը համապատասխան աշխատանքներ կիրականացնի:

«Որքան ես գիտեմ, մինչ այժմ Հայաստանի կառավարության կողմից նման դիմում չի եղել, հետեւաբար` խոսելու բան չկա», – եզրափակեց Նովիկովը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930