Լրահոս
Օրվա լրահոսը

Սովետի ու այժմյան թիկնապահների մասին

Հուլիս 21,2012 13:11

Կարեն Դեմիրճյանը շրջել է ոտքով, առանց թիկնապահների ու առանց ավտոշարասյան

Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին Aravot.am-ը խնդրեց համեմատել, թե սովետական տարիներին ինչպիսի թիկնապահներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաները, մինչեւ որտեղ է ձգվել նրանց ավտոշարասյունը, քանի ուղեկցողներով են շրջել եւ այլն: «Սովետական տարիներին թիկնապահ չկար, ի՞նչը համեմատեմ»,- ասաց ընկեր Թովմասյանը:

Մեր հարցին՝ չէի՞ն վախենում իրենց կյանքի համար՝ նա պատասխանեց. «Ինչի՞ց վախենաս,  երբ դու աշխատում ես քո ժողովրդի համար: Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ես այն ժամանակ Շահումյանի շրջկոմի առաջին քարտուղարն էի, մեկ էլ տեսնում էիր՝ իր օգնականը վազեց վերեւ, թե՝ ընկեր Թովմասյան, քեզ ներքեւում կանչում է: Ոչ նախօրոք տեղյակ պահել, ոչ ասել՝ պատրաստվիր, կոնսպեկտ արա, եւ այլ՝ տենց բաներ չկար: Իջնում էր, թե՝ նստիր մեքենան: Նստում էի մեքենան՝ քշի մի հատ Հարավ-արեւմտյան թաղամաս, Բանգլադեշ: Այն ժամանակ, որ մենք կառուցում էինք՝ Բանգլադեշ էր: Ամբողջ ծակուծուկերով անցնում էր, ի՞նչ թիկնապահ, ի՞նչ բան: Հետո  Կենտրոնում իջնում էր, թե՝ Ռուբեն, գնացինք: Ոտքով, քայլելով հասնում էինք մինչեւ այն հատվածը, որ հատվածը որ խանութները շատ են: Ամեն խանութ կմտներ՝ ո՞նց է, քանի՞ տեսակ ապրանք ունեք, պտուղ-բանջարեղենի խանութներում… Մեկ էլ ասում էին՝ ձմերուկ չկա, ընկեր Դեմիրճյան, շուռ էր գալիս ինձ՝ կարծես ես եմ, վաղը էս խանութում ձմերուկը կնայեք: Ոչ թե… Սա ի՞նչ բան է, ախր: Երբ ես ասում եմ համակարգի մասին, ձեզ թվում է՝ ես կոմունիստ եմ, դրա համար եմ ասում»: Մեր հարցին՝ գուցե այն ժամանակ հասարակությունը այսքան կրիմինալ չէր, դրա համար էիք առանց վախենալու ման գալիս՝ նա պատասխանեց. «Ինչու չէ, կային նաեւ բարդ հարցեր տվող, բայց կիրթ հարցեր էին տալիս, շատ ծանր հարցեր: Բայց  Դեմիրճյանը եւ  կենտկոմի քարտուղարը կամ ռայկոմի քարտուղարը, կամ  Կանազի, Հայէլեկտրագործարանի տնօրենը, որն ավելի շատ ունեցվածք ուներ պետականորեն,  քան թե այսօր շատուշատ հարուստներ՝ միասին վերցրած: Ո՞վ էր մտածում, որ նա մեկին հետը տանի, որ հանկարծ մեկը ասի՝ խի՞ ես եկել ստեղ՝ թեւերը ոլորեն ու քացով տշեն»:

Մեր դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանի դեմ մի քանի անգամ մահափորձ է արվել, դրա համար էլ նա իր կյանքի համար մտահոգվում է, թիկնապահ է պահում, իսկ Կարեն Դեմիրճյանի դեմ մահափորձ չի արվել՝ նա պատասխանեց. «Այս  դեպքում պիտի համեմատենք, թե ինչու է մահափորձ կատարվում: Երբ որ գտնեք, թե ինչու է մարդկանց դեմ մահափորձ կատարվում՝ այդ դեպքում ամեն ինչ պարզ կլինի: Ժողովուրդն ապրում էր, այն, ինչը որ ինքը ուզում էր՝ թերություններով հանդերձ, թերությունն արագ շտկվում էր: Այ, սա է ամբողջ էությունը, ոչ թե: Ի՞նչ թիկնապահ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերջերս նշեց, թե ինչպես են սովորական մարզպետները գալիս Ազգային ժողով ու իրենց հսկայական ավտոշարասյունով փակում ողջ Դեմիրճյան փողոցը: Մասնավորապես, նրա ուշադրությունը գրավել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ 12 մեքենաներից կազմված ավտոշարասյունը: Տիկին Փոստանջյանը նույնիսկ հաշվել էր նախագահին ուղեկցող մեքենաների քանակը՝ 30: Ռուբեն Թովմասյանի գնահատմամբ՝ «Հիմա ես ձեզ ասեմ՝ ոչ միայն մարզպետը, Երեւան քաղաքի համատիրության նախագահն  էլ՝ «համայնատիրության» նախագահը երբ քայլում է՝ հետը մի հոգի պիտի լինի, երկու հոգի պիտի լինի: Երբ հանկարծ իրեն մի բան ասում ես՝ էս ծաղիկը ծուռն ա, ասում են՝ ո՞նց թե ծուռն ա, եւ այլն: Տոն ենք  տվել պետականորեն այդպիսի համակարգ կառուցելու: Երբ որ պետականորեն  տոն չենք տա դրան, այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031