Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է

Սեպտեմբեր 01,2012 09:42

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. քնած ժամանակ սառնասրտորեն կացնահարած եւ այդ անմարդկային արարքի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման եւ ժամեր անց Իլհամ Ալիեւի կողմից նողկալի մարդասպանին ներում շնորհելու լուրն, իսկապես, համահայկական վրդովմունք է առաջացրել: Համոզված ենք, համաշխարհային նորագույն պատմությունըՙ ամենաբռնատիրական վարչակարգերի պատմությունն անգամ, նման նախադեպ չի հիշում, երբ պետության ղեկավարը իրեն դրսեւորում է որպես սովորական վարձու մարդասպան: Հայատյացությունը որպես երկրի արտաքին քաղաքականության անկյունաքար հռչակած ու մարդասպաններին հերոսացնելու բացառիկ տաղանդ ունեցող Իլհամ Ալիեւն իր այս քայլով իրեն հակադրում է արդեն ոչ միայն միջազգային իրավունքին, այլեւ առողջ բանականությանը եւ քաղաքակրթության զարգացման հիմքում ընկած հումանիզմի տարրական սկզբունքներին:

Ադրբեջանական կողմի պահվածքը ոչնչով զարմանալի չէ, քանի որ նրանց համար մարդատյացությունը սովորական կենցաղ է, ապրելակերպ, նրանք հարցերի լուծման այլ եղանակի պարզապես ընդունակ էլ չեն: Զարմանալին ու զայրացուցիչը հունգարական կողմի եվրոպացուն ամենեւին ոչ վայել կեցվածքն է: Հունգարական իշխանությունները, փաստորեն, վաճառքի հանեցին իրենց խիղճն ու ոտնահարեցին բարոյական ընդունելի բոլոր արժեքներն ընդամենը 2 մլրդի համար: Ակամա հարց է առաջանում. իսկ ինչի են նրանք ընդունակ անելու, ասենք, 5, 8 կամ 10 մլրդի դիմաց:

Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է նողկալի հանցագործի հանդեպ դրսեւորած նման պահվածքը եւ կոչ անում աշխարհի մարդասեր հասարակայնությանը, քաղաքակիրթ երկրների իշխանություններին, եկեղեցական ու հասարակական կառույցներինՙ բարձրացնել ձայնը ի պաշտպանություն մարդկային ամենատարրական նորմերի, մերժել ազգային պատկանելության հողի վրա կատարված յուրաքանչյուր հանցագործություն, անարգանքի սյունին գամել չգիտես որտեղից Եվրոպայում հայտնված, սակայն եվրոպացուն ոչ վայել պահվածք որդեգրած հունգարական իշխանություններին:

Կոչ ենք անում Սփյուռքում ՌԱԿ բոլոր կառույցներին, անդամներին եւ համակիրներինՙ տվյալ երկրներում ջանք չխնայել պետական կառույցների, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների դատապարտումը ապահովելու ընդդեմ Հունգարիա-Ադրբեջան ամոթալի՛, հանցագո՛րծ այս գործարքին:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել