Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու. «Դաշնակցության մասին նման լուրեր տարածողները բթամիտ են կամ էլ…»

Նոյեմբեր 19,2012 22:16

Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի գյուղերը, տեղի են ունենալու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Պատգամավորական այս տեղն ազատվել է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալուց հետ. այժմ խորհրդարան մտնելու համար պայքարում են «Շիրակ » ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը:

Քարոզարշավի առաջին իսկ օրը Գյումրու ՀԱԿ համակարգողը հայտարարեց, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները՝ նա ի նկատի ուներ ՀՅԴ-ին , Ժառանգությանն ու ԲՀԿ-ին, եթե ոչ պաշտոնապես, ապա որպես տես ու ծանոթ, զուտ մարդկայնորեն սատարում են իրեն: Aravot.am –ը ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանից հետաքրքրվեց`ի վերջո ո՞ւմ է սատարելու ավանդական կուսակցությունը, կա՞ ներքին պայմանավորվածություն ՀԱԿ-ի հետ` ընդդիմադիր թեկնածուին օգնելու: «Մուրադ Գրիգորյանի հետ հանդիպում եղել է, ինքն է մեզ դիմել` իհարկե առաջադրվելուց հետո: Եկել է մեր տարածքային գրասենյակ, ես իրեն նախապես ասել եմ, որ որևէ քաղաքական հայտարարություն լինել չի կարող, և որևէ մեկին սատարել մենք այս պահին չենք կարող, որովհետև Գերագույն մարմինը հայտարարել է, որ արտահերթ ԱԺ ընտրություններում թիվ 1 և 35 ընտրատարածքներում մենք որևէ առաջադրված թեկնածուի` անկախ կուսակցությունից, անհատ նախաձեռնությունից չենք սատարելու: Իսկ ինչ վերաբերում է` ով ում ձայն կտա, ես իմ մասով ասեմ, անձամբ ես Մուրադ Գրիգորյանին ասել եմ `Մուրադ ջան, եթե եկել ես ինձ համոզես, որ ես քեզ ձայն տամ, ես քեզ կընտրեմ: Իսկ թե Մուրադ Գրիգորյանը սրանից ինչ հետևություններ է արել, լավ կանեք իրեն հարցնեք»,- ասաց Գևորգ Ալեքյանը:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն Գյումրիում պտտվող այն խոսակցությունները, թե դաշնակցական որոշ ընկերներ ու նրանց ընտանիքի անդամներ` թվով 19 հոգի, տարբեր ճանապարհներ գտնելով, դիմել են ՀՀԿ-ական Արման Սահակյանի գրասենյակ`տեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար, բնականաբար ՀՀԿ-ի տեղերի համար, և կա՞ն արդյոք կուսակցությունում տարաձայնություններ Արման Սահակյանին սատարելու շուրջ:

Նշենք, որ հանձնաժողովականի աշխատանքը վճարովի է, սովորական անդամը վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով, իսկ նախագահը դրա կրկնակին, մոտ 60 հազար դրամի չափով:

«Նմանատիպ լուրեր տարածողները, ասենք, շատ բթամիտ կամ ավելի կոպիտ ասեմ՝ ուղեղից շատ նվազ մարդիկ են, որոնք փորձում են Դաշնակցությունը համեմատել այլ կուսակցությունների հետ: Ասեմ հետևյալը` Դաշնակցությունը չի կարող այս կամ այն թեկնածուների միջև տատանվողական լինել , որովհետև Դաշնակցության մեջ դեռևս 1890 թվականից ամեն ինչ կատարվում է որոշումներով, ժողովներով, ընկերական հավաքների, որոշումների միջոցով: Եթե այս պահին ՀՅԴ հայտարարել է, որ որևէ մեկին չի սատարելու, մարդն անձնապես կարող է իր ձայնը տալ այն թեկնածուին, որին ինքն է ցանկանում, բայց քաղաքականորեն ընտրապայքարի, քարոզարշավի ժամանակ եթե որևէ մեկ կուսակցականի տեսնենք թեկնածուներից որևէ մեկի կողքին, միանշանակ հայտարարում եմ` կուսակցական պատիժ կստանան: Իսկ Արման Սահակյանի պահով ասեմ, որ այսօր մեր կուսակցության ներսում խմբեր չկան, կա ՀՅԴ Շիրակի մարզային կառույց , կա Գյումրու կառույց, Արթիկի կառույց, բոլորը համախմբված են»:

Իսկ դաշնակցականների` հանձնաժողովներում որպես ՀՀԿ-ական ընդգրկվելը, Գևորգ Ալեքյանը բացառեց: «Թիվ 35 ընտրատարածքի Գյումրին ընդգրկող հատվածը, որն ունի 23 ընտրատեղամաս, հանձնաժողովի անդամներ նշանակված են դաշնակցականներ: Իսկ այդ խոսակցությունները հերյուրանքներ են, մեր կուսակիցները նշանակվել են դաշնակցության հանձնաժողովի տեղերում: Մենք հայտարարել ենք, թե ամեն ինչ անելու ենք, որ ընտրատեղամասերում ամեն ինչ լինի ազատ, արդար, թափանցիկ, առանց ընտրակեղծիքների: Իսկ եթե որևէ դեպք արձանագրենք, որ մեր կուսակիցներից մեկը որևէ մեկ թեկնածուի կամ քաղաքական ուժի կողմից հանձնաժողովներում է, թեև դա բացառում եմ, չեմ էլ ուզում մտածել, ուղղակի հարցից ելնելով եմ պատասխանում, ուրեմն էդ անձին խիստ կպատժենք, շատ խիստ»,-նախազգուշացրեց ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930