Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր տարին Սան-Տրոպեյում անցկացնողը կարող է ընդհանրապես երջանիկ չլինել». Հոգեբան

Դեկտեմբեր 26,2012 14:25

Տոնական օրերին նվերների եւ առեւտրի համար ծախսված փողը կարող է տոներից հետո սթրեսի պատճառ դառնալ: Իսկ տոնական օրերին գնումներ կատարելու անզուսպ ցանկությունը կարող է գնորդին շփոթության մեջ գցել ու ստիպել, որ նա անպետք ապրանք գնի:

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում նախատոնական եւ տոնական սթրեսի թեման քննարկելիս նշեց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Հոգեբանի կարծիքով` տոնական օրերի հետ կապված ցանկությունները, որպես կանոն, չեն իրականանում, որի արդյունքում  էլ մարդու մոտ կարող է առաջանալ ընկճվածություն:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք ավելի մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում Նոր տարվան, քան տղամարդիկ: Մեր իրականության մեջ էլ է այդպես»,- ասաց մասնագետը` հավելելով, որ երևակայության մեջ տոնական օրերի հետ կապված սպասելիքներն ավելի մեծ են, քան` իրականում:

Մյուս բանախոսի` «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբույժ Մարուքե Եղյանի կարծիքով` տոնական օրերին մարդկանց մոտ լարվածություն է առաջանում, որը հենց սթրեսն է:

Եվ եթե տղամարդիկ այդ լարվածությունը փորձում են թուլացնել ալկոհոլ օգտագործելու միջոցով, ապա` կանայք սկսում են շատ ուտել:

«Նոր տարվա օրերին սովորաբար մարդը թե ֆիզիկապես ու թե հոգեպես ավելի լարված է լինում: Տոների հետ կապված` շատերը չեն քնում, ու տոներից հետո բժշկին դիմող հիվանդների թիվն, որպես կանոն, ավելանում է»,- նկատեց հոգեբանը` զգուշացնելով, որ դեղ ընդունող մարդիկ պետք  է ընդհանրապես խուսափեն ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց:

Տոների հանդեպ ձեւավորված կարծրատիպերի թեման շոշափելիս` հոգեբան Խաչատուր Գասպարյանը ասաց.

«Տոն նշելը` միայն սեղանի շուրջ նստելը չէ: Հայերը տոնը սովորաբար կապում են ուտելու հետ: Մենք` հայերս, սուգ կազմակերպելու մեջ ավելի հմուտ ենք»:

Ասուլիսի վերջում հոգեբանները խորհուրդ տվեցին տոնական օրերին տանը շատ չմնալ, ավելի շատ զբոսնել, ուրախանալ ու շրջապատված լինել հաճելի մարդկանցով, եւ որ ամենակարեւորը` շատ չլարվել:

Իսկ Aravot.am-ի այն հարցին, թե երեխայի համար նվեր գնելով ու Ձմեռ պապ ու ձյունանուշ տուն հրավիրելով արդյոք կարող է երեխան սթրեսի չենթարկվել տոնական օրերին, հոգեբան Խաչատուր Գասպարյանը պատասխանեց.

«Երեխային նվերներ տալը, անշուշտ, բավարար չէ: Ավելի կարեւոր են այն ջերմությունն ու սերը, որ տիրում են տվյալ տանը: Ավելի կարեւոր է երեխայի ծնողների նորմալ փոխհարաբերությունները եւ ընտանեկան սերն ու ջերմությունը»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31