Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը՝ «Տարվա մարդ» կոռումպացվածության առումով

Հունվար 02,2013 18:16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջին գործիչն է, ով «Կազմակերպված հանցավորության եւ կոռումպացվածության առումով տարվա մարդ» կոչմանն է արժանացել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի կողմից (Organized Crime and Corruption Reporting Project – OCCRP)։

Նախագիծը իր կայքէջում փոխանցում է, որ «Տարվա մարդ» կոչումը շնորհում է իր գործունեության տարածաշրջանի այն գործչին, որը առավել աչքի է ընկել հանցավորության եւ կոռուպցիայի վերաբերյալ 2012 թվականի հաղորդումներում։ Ալիեւը ընտրվել է այս տարի արված նոր բացահայտումների շնորհիվ, որոնք առնչվում են նրա ընտանիքի խոշոր, հաճախ՝ կառավարության օգնությամբ ձեռք բերված մասնաբաժիններին շահութաբեր բիզնեսներում, այդ թվում՝ հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության եւ շինարարության բնագավառներում։

OCCRP-ն իր հաղորդագրությունում նշում է, որ Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների դիվանագիտական նամակագրությունում համեմատվում է մաֆիոզ խմբավորումների պարագլուխների հետ, շատ վերլուծաբանները նրան բռնապետ են որակում։

«Այս տարի, OCCRP-ի եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հետաքննական հաղորդումները առաջին անգամ բացահայտեցին ծանրակշիռ փաստեր, որոնք վկայում են, որ նրա ընտանիքը գաղտնի մասնաբաժիններ ունի երկրի խոշորագույն բիզնեսներում, այդ թվում՝ բանկերում, շինարարական ընկերություններում, ոսկու հանքերում եւ հեռախոսակապի ընկերություններում»,  – ասված է հաղորդագրությունում։

«Տարվա մարդու» ընտրությանը մասնակցել են նախագծում ընդգրկված 60 լրագրողներ եւ 15 լրատվամիջոցներ։ Հավակնորդների թվում էին նաեւ նարկոբարոն Նեսեր Քելմենդին, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«2012-ը աննախադեպ տարի էր կազմակերպված հանցավորությունը եւ կոռուպցիան լուսաբանողների համար», – հայտարարել է OCCRP-ի խմբագիր Դրյու Սալիվանը՝ շարունակելով.  – «Դա աճող արդյունաբերություն է ամբողջ աշխարհում, եւ մենք մեծ աշխատանք ենք ակնկալում նաեւ եկող տարի»։

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը տեղակայված է Սարաեւոյում եւ Բուխարեստում։ Այն միավորում է անկախ հետաքննական կենտրոնների, լրատվամիջոցների եւ լրագրողների երկու տասնյակ երկրներից։

Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031