Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական սերը ազատություն է սիրում». Ի՞նչ է սերը

Փետրվար 15,2013 18:16

«Սերը ինձ համար ազատություն ու վստահություն ա՝ մի զգացում, որ դու քո կողքին ունես մեկին, ում սիրում ես, բայց նաև գիտակցում ես, որ ինքը ոչ միայն քոնն ա, այլ կյանքինը առհասարակ» ,-ասում է բանաստեղծուհի Անուշ Ամիրխանյանը:

Սիրո մասին կան բազում երգեր, աֆորիզմներ, բանաստեղծություններ , ֆիլմեր և այլն: Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում այն: Բալզակն ասում է. «Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները» : Իսկ հին հույներն առանձնացնում են սիրո տեսակ, որի մասին մենք արդեն խոսել ենք: Սիրո մասին կարող են անվերջ զրուցել սիրահարները, սակայն նրանք, որոնք դեռ չեն ճաշակել այս զգացմունքը կամ դեռ նոր են բացում սիրո դռները, հաճախ ապշում են՝ մի՞թե սա էր սերը:
Ի վերջո, ի՞նչ է սերը. «Առավոտ երիտասարդականը» փորձեց հարցի պատասխանը փնտրել տարբեր բնագավառների  մարդկանց միջոցով: Ապագա տնտեսագետ 23-ամյա Անահիտի խոսքով՝ սեր առհասարակ չկա կամ շատ չնչին տոկոս է կազմում: «Հիմա մարդիկ անտեսում են ադ զգացմունքը կամ ավելի ճիշտ պլանավորում. ընտրյալը պետք է լինի սովորող, աշխատող, ապահով ընտանիքից: Սերը շատ քիչ է երաշխավորում ամուր ընտանիք ստեղծելու հարցում, իսկ ահա փողը ապահովում է բարեկեցիկ կյանքը»,-ասում է նա:
Պլատոնն առաջինը ստեղծեց սիրո փիլիսոփայությունը: Ըստ նրա՝ սերը երկակի զգացմունք էր, որը միավորում է մարդու հակադիր կողմերը: Սիրո մեջ ապրում է մարդկանց ձգտումը դեպի հիանալին, հիասքանչը և ինչ- որ բանի պակասի, բացթողնվածի լրացնելու ձգտումը:
34-ամյա շինարար Վիգենը  ասում է. «Հասոն (նկատի ունի կնոջը-հեղինակ): Սերը համակրանքի և սեքսի արդյունք է… կախարդական խոսք, կախարդական զգացմունք: Սիրող մարդիկ ներում են իրար, ուրախանում միմյանց հաջողություններով»,-ասում է նա:
Իսկ հոգեբան Անի Հովհանիսյանը ասում է. «Կա սեր ծնողի, երեխայի, հակառակ սեռի և այլոց նկատմամբ: Սիրո դեպքում մենք իդեալականացնում ենք մեր սիրո օբյեկտը, սակայն փոքր երեխաների համար ևս իրենց ծնողները իդեալ են: Սերը նաև զերծ չէ զգացմունքայնությունից,-ասում է նա և հավելում,-հակառակ սեռի հանդեպ ունեցած սերը տարբերվում է ֆիզիկական ձգողությամբ: Սրան հաջորդում է սիրահարվածությանը, առաջ է քաշվում նաև կիրքը, սակայն դա չի նշանակում, որ մարդիկ որոշ ժամանակ չդիպչելով միմյանց կամ չհամբուրվելով ՝ կարող են սպանել իրենց սերը:
Ի դեպ, ավելի հաճախ միմյանց համակրում են այն անձինք, ովքեր հաճախակի են տեսնում իրար և շփվում, քանի որ զգուշավորությունը ետին պլան է մղվում: Հոգեբանները դա կոչում են տարածական մերձավորություն:
Շատ խանդոտներ հավաստիացնում են` իրենց սերն ամենամեծն է, սակայն Անի Հովհաննիսյանի խոսքով՝ խանդի առկայությունը չի որոշում սիրո աստիճանը, քան որ խանդի պատճառով տառապող մարդիկ ունեն սեփականատիրության բուռն զգացում. «Սերը նախ վստահություն է պահանջում: Սիրել չի նշանակում խանդել կամ արգելել: Իրական սերը ազատություն է սիրում»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728