Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դեմիրճյան. «Համենայնդեպս ՀԺԿ-ն չէ մեղավորը»

Մարտ 18,2013 21:09

Արդեն երկրորդ օրն է՝ Ազատության հրապարակում մեկնարկել է բաց քաղաքացիական խորհրդի նիստը, որտեղ քննարկվում է, թե ովքեր ունեն ներուժ եւ կարող են կազմել Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության մաս: Այնտեղ հենց առաջին նիստի ընթացքում հնչեցին ՀԱԿ 3 պատգամավորների անուններ՝ Հրանտ Բագրատյան, Լեւոն Զուրաբյան եւ Ստեփան Դեմիրճյան: Այս առնչությամբ այսօր Գագիկ Ջհանգիրյանը կարծիք էր հայտնել, որ «ես չեմ կարծում, որ Լեւոն Զուրաբյանը համաձայնվել է, որ իր անունն այնտեղ հնչի կամ Ստեփան Դեմիրճյանը, որի անունը այնտեղ բարձրաձայնել են: Կա նաեւ բարոյականության խնդիր, որ առանց էդ անձանց հետ ինչ-որ նախնական համաձայնության իրենց անունները այնտեղ հնչեցնելը չեմ կարծում, թե դա այդքան ճիշտ բան է»:

Ուստի Aravot.am-ը Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեց, թե ինքն է՞լ է անբարոյական, ոչ ճիշտ համարում, որ առանց իր համաձայնության իր անունը տվել են: Նա պատասխանեց. «Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր նման առաջարկությունով հանդես են եկել, սակայն ես անձամբ այդ գաղափարի, այսինքն՝ ստվերային կառավարություն ստեղծելու կողմնակիցը չեմ»: Մենք ճշտեցինք, հետեւաբար, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կոնկրետ առաջարկ լինի, Դուք կհրաժարվե՞ք՝ նա նորից վստահեցրեց, որ կողմնակիցը չի այդ գաղափարի. «Սա չի նշանակում, որ ես կողմնակից չեմ պայքարին: Բայց դրա համար պարտադիր չէ ստվերային կառավարություն ստեղծել»:

Այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրելու հետ կապված քննարկվում էր, որ այն, ինչ կատարվում է քաղաքական կյանքում խորհրդարանից դուրս, ԱԺ-ն չպետք է անմասն մնա այդ իրադարձություններից: Այս առնչությամբ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Իմ վերաբերմունքը շատ հստակ է՝ կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները կարող են չեզոքացվել միայն նոր, արդար ընտրությունների անցկացմամբ: Ի՞նչ է ստացվում, արատավոր ավանդույթ է ձեւավորվել, ամեն անգամ կեղծում են ընտրությունները, հետո խոսում են հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ողջամիտ փոխզիջումների անհրաժեշտության մասին: Սակայն եթե կեղծվում են, պետք է անցկացնել նոր, արդար ընտրություններ: Այլ լուծում չկա: Ամեն կեղծված ընտրություներից հետո սկսում են խոսել Սահմանադրական փոփոխություների անհրաժեշտության մասին: Ոչ թե սահմանադրական փոփոխությունների հարցն է պետք է քննարկել ամեն անգամ, այլ պետք է կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Սա է իմ տեսակեը»:

Թե ինչո՞ւ ընդդիմությունն այս անգամ էլ չհամախմբվեց՝ հետընտրական գործընթացների շուրջ, ավագանու ընտրություններին՝ նա պատասխանեց. «Այս առումով էլ մեր տեսակետը շատ հստակ է: Մենք գտնում ենք, որ ընդդիմությունը, հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է մասնակցեին մեկ միասնական ցուցակով, որոշակի քնարկումներ այդ ուղղությամբ եղել է: Սակայն քանի որ դա տեղի չունեցավ, ՀԺԿ-ն չի մասնակցելու այդ ընտրություններին»: Մեր հարցին՝ իսկ ո՞ւմ պատճառով չկայացավ համախմբումը, մեղավորներ կա՞ն՝ նա պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզում այդ հարցը քննարկել, բայց արձանագրում եմ այն փաստը, որ դա տեղի չունեցավ: Համենայնդեպս ասեմ, որ ՀԺԿ-ն չէ մեղավորը: Դա փաստ է: Մենք չենք մասնակցում»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել էր, որ այն շրջանում, երբ ժողովուրդը հրապարակում է, հրապարակ է գալիս՝ նախագահական ընտրությունների իր քվեն պաշտպանելու համար, հետընտրական պրոցեսները տեղափոխել նախընտրական պրոցեսի եւ խոսել քաղաքապետի, ավագանու ընտրություններից, դա միայն իշխանությանն է ձեռնտու:
Այս առնչությամբ մեր հարցին՝ համամի՞տ եք Արամ Սարգսյանի հետ՝ Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ եթե հիմնական ընդդիմադիր ուժերը միասնական ցուցակով մասնակցեին, դա կապահովեր հաղթանակ, եւ դա կլիներ իսկապես լուրջ քայլ՝ իշխանափոխության ճանապարհին: Դա տեղի չունեցավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031