Մարտի 27-ին՝ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, գլխի հատվածին տարբեր վնասվածքներով եւ անգիտակից վիճակում Կապանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կապանի բնակիչ 43-ամյա Արմեն Վարդանյանը։ Տեղեկություններ տարածվեցին, որ նրան ծեծի է ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը։
Ըստ լուրերի՝ ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ գիշերային ակումբի մոտ Նիկողոսյանին ու նրա ընկերոջը մոտեցել են մի քանի խմած տղաներ ու սկսել հարցեր տալ՝ հետաքրքրվելով, թե ինչ է նրանց անունը։ Զարզանդի ներկայանալուց հետո տղաները սկսել են ծիծաղել նրա անվան վրա՝ «Տարզան» անվանելով, ինչի պատճառով էլ ծեծկռտուք է սկսվել։
«Ժողովուրդ»-ը զրուցեց Զարզանդ Նիկողոսյանի հետ՝ պարզելու, թե ինչն է եղել պատճառը, որ վերջինս ծեծի է ենթարկել Կապանի բնակչին։
– Ի՞նչն է եղել Ձեր եւ Արմեն Վարդանյանի միջեւ ծագած վեճի պատճառը։
Կարդացեք նաև
– Ի՞նչ միջադեպ, ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել, մարդը խմած դուրս ա եկել, աստիճաններից գլորվել-ընկել ա։
– Իսկ Դուք որտե՞ղ էիք, ու ինչո՞ւ է Ձեր անունը շոշափվում ու նշվում, որ Դուք եք ծեծել նրան։
– Ես դուրսը կանգնած եմ եղել, մենք օգնել ենք այդ մարդուն, սառը ջուր ենք շփել երեսին, նստեցրել ենք մեքենան, ուղարկել ենք։ Ինչ որ մեզանից հասնում էր, արել ենք։
– Ոստիկանություն ինքնակա՞մ եք ներկայացել։
– Իհարկե ինքնակամ եմ գնացել, բացատրություն եմ ներկայացրել՝ ոնց է եղել, ինչ է եղել։ Ես ոստիկանությունում ընդամենը 30 րոպե եմ մնացել։
– Մեր տեղեկություններով՝ Ձեր անվան հետ կապված կատակներ են արել, ինչի պատճառով էլ ծեծել եք Ա. Վարդանյանին։
– ՉԷ՛, չէ՛, ցավդ տանեմ, ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել, ոչ մեկն էլ ինձ չի կարա ձեռ առնի։ Բոլորն էլ ինձ ճանաչում են, մի քաղաքի մարդիկ ենք, ո՞նց կարան ինձ չճանաչեն ու ձեռ առնեն։
– Քանի որ Դուք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապա՞հն եք…
– Սյունիքի մարզպետի հետ ոչ մի բան մի՛ կապեք, ես այդ մարդու հետ մինչեւ 2011 թվականն եմ աշխատել, հիմա հո ինքը կրակի մեջ չի՞ ընկել, որ իր մոտ եմ աշխատել։ Ինչ լինի, իր անվան հետ են կապում։ Ես գործնական ոչ մի հարաբերություններ չունեմ նրա հետ։ Ես նրա մոտ աշխատել եմ 2005-2011թթ.: Սխալ են անում, գլուխները քարով են տալիս, ինչո՞ւ են էդ մարդու անունը խառնում։
– Ոստիկանությունը հայտնել է, թե Ձեզ է փնտրում։
– Դավիթ Բարխուդարյանն իմ ընկերն է, ու նշվում է, թե ինձ ու իրեն փնտրում են, բայց մեզ ոչ մեկն էլ չի փնտրում։ Ուղղակի Դավիթն էդ ժամանակ իմ կողքին է կանգնած եղել։
Հ. Գ. Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը թիկնապահ չունի եւ չի ունեցել, իսկ նման դեպքը Ս. Խաչատրյանի անվան հետ կապելը տեղին չէ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»