ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) պետ Գագիկ Եգանյանի կողմից քույր եւ եղբայր Շուշանիկ Կարակոզյանի եւ Գեւորգ Ղարագյոզյանի՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին կայացվել էր վարչական ակտ, որը բեկանվել է ՀՀ վարչական դատարանի կողմից եւ կայացվել է որոշում, համաձայն որի՝ Շուշանիկի եւ Գեւորգի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին ՄՊԾ-ի որոշումը պետք է անվավեր ճանաչվի:
ՄՊԾ-ն քրոջ եւ եղբոր փախստականի կարգավիճակը դադարեցրել է՝ մեկնաբանությամբ, թե. «Շուշանիկ Կարակոզյանը եւ Գեւորգ Ղարագյոզյանը ծնվել են Հայաստանի Հանրապետությունում, այդ իսկ պատճառով իրենք համարվում են ՀՀ քաղաքացիներ, քանի որ մշտապես բնակվել են ՀՀ-ում»: Նկատենք, որ ոչ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ գործող օրենքը, ոչ էլ փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան փախստականի կարգավիճակը որոշելու համար չեն սահմանում անձի ծննդյան վայրը, քանի որ փախստական է համարվում այն անձը, ով բռնագաղթվել է մշտական բնակության երկրից, ոչ թե այն անձը, ով ծնվել է այն երկրի տարածքում, որը բռնի տեղահանվել կամ հետապնդել է մարդկանց: ՄՊԾ-ն ՀՀ քաղաքացի ճանաչելու լիազորություններ չունի:
Փաստն այն է, որ Շուշանիկի եւ Գեւորգի մայրը՝ Թամարան, առողջական վիճակից ելնելով՝ բժշկի խորհրդով, ծննդաբերության նպատակով գալիս է Հայաստան: Գեւորգը ծնվում է 1985 թվականին, իսկ 1987-ին՝ Շուշանիկը: Երեխաների ծննդից հետո Թամարան վերադառնում է Ադրբեջան: 1988թ. ընտանիքով բռնագաղթվում են Հայաստան եւ դիմելով պետական լիազոր մարմնին՝ հաշվառվում են, որպես փախստականներ:
2002 թվականին Գեւորգը, իսկ 2004 թվականին Շուշանիկը ստանում են փախստականի վկայական: Այդ վկայականները մեկ անգամ երկարաձգվում են վավերականության ժամկետի ավարտից հետո, սակայն արդեն 2009 թվականին ՄՊԾ-ն կայացնում է որոշում եւ դադարեցնում նրանց փախստականի կարգավիճակը:
Կարդացեք նաև
Ըստ ՄՊԾ-ի, Շուշանիկը եւ Գեւորգը համարվում են ՀՀ քաղաքացիներ, այդ իսկ պատճառով իրենք չեն կարող ունենալ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Նկատենք, Շուշանիկը եւ Գեւորգը հարցում են ուղղում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն (ԱՎՎ), թե՝ արդյո՞ք իրենք համարվում են ՀՀ քաղաքացիներ: ԱՎՎ-ն պատասխանում է. «Գեւորգ Ղարագյոզյանը եւ Շուշանիկ Կարակոզյանը ՀՀ քաղաքացու անձնագրով չեն փաստաթղթավորվել, ավտոմատացված համալիրի պահոցում քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան»: Փաստորեն, այն, որ ՄՊԾ-ն հաստատում է, թե քույր ու եղբայրը ՀՀ քաղաքացի են, այդ իսկ պատճառով էլ կայացրել է որոշում եւ դադարեցրել իրենց փախստականի կարգավիճակը, ԱՎՎ-ն հերքում է դա եւ հաստատում, որ իրենք ՀՀ քաղաքացիներ չեն: «Տղայիս ու աղջկաս ձեռքից վերցրեցին փախստականի վկայականը, եւ նրանք արդեն երկու տարի է՝ ապրում են առանց որեւէ փաստաթղթի»,- իր վրդովմունքն է արտահայտում Շուշանիկի եւ Գեւորգի հայրը՝ Համբարձումը: Ապա հավելում. «Ես վստահ եմ, որ եթե աղջկաս ու տղայիս անձնագիրը ստանալու մասին տեղեկանքի համար նրանք երկուսով չդիմեին եւ աղջիկս դիմեր առանձին, ապա աղջկաս կարգավիճակը չէին դադարեցնի: Գիտեն, թե ինչ են անում, սակայն այն, ինչ անում են՝ ոչ օրենքի ճիշտ մեկնաբանությամբ է եւ խիստ խախտումներով է»: Այն, որ վարչական դատարանը վճռով պարտավորեցրել է ՄՊԾ-ին կայացրած վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին, այդ հարցով Շուշանիկն ու Գեւորգը դիմել են Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժին եւ հարուցվել է կատարողական վարույթ (թիվ 01/04-4532/10), որով ՄՊԾ-ին պարտավորեցրել են թիվ 1/7-815 վարչական ակտն անվավեր ճանաչել եւ վերացնել այն: Հարկ ենք համարում նշել, որ վարչական դատարանի վճռի դեմ ՄՊԾ-ն բողոքարկել էր ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկ դատարանը գործը վերադարձրել է եւ վճիռը թողել անփոփոխ:
Ստեղծվել է մի վիճակ, որ դատարանը պարտավորեցրել է ՄՊԾ-ին վարչական ակտն անվավեր ճանաչել, որի համար պետք է տրամադրվեր տեղեկանք, որպեսզի Շուշանիկն ու Գեւորգը ստանային փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, սակայն սպասվածին հակառակ՝ ՄՊԾ-ն ուղարկել է գրություն հետեւյալ մեկնաբանությամբ. «Ձեզ չի կարող տրվել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, քանի որ ՀՀ վարչական դատարանը վճռով մերժել է ձեր պահանջը՝ փախստական հանդիսանալու փաստը հաստատող բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասին»: Հարց է առաջանում, եթե դատարանը պարտավորեցրել է ՄՊԾ-ի կայացրած վարչական ակտը Շուշանիկի եւ Գեւորգի՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչել եւ վերացնել այն, ապա ի՞նչ հիմքով է ՄՊԾ-ն մերժում քույր եւ եղբոր փախստական հանդիսանալու մասին տեղեկանք տրամադրելը: Եթե կայացրած վարչական ակտը համարվել է անվավեր դատարանի կողմից, ապա տրամաբանորեն քույրն ու եղբայրը համարվում են փախստականներ, իսկ այն, որ դատարանը չի պարտավորեցրել ՄՊԾ-ին կրկին անգամ կայացնել վարչական ակտ, ապա ՄՊԾ-ն պիտի դրանից հետեւություն քաղեր, որ եթե կայացրած վարչական ակտը վերացվել է, ապա Շուշանիկի ու Գեւորգի փախստականի կարգավիճակը հաստատվում է: Այդ հարցի վերաբերյալ քույր ու եղբայրը դիմում են գրել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանին, որտեղ հատկապես շեշտել են այն փաստը, որ դատարանի կայացրած վճռով ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը չի տրամադրում իրենց փախստական համարվելու մասին տեղեկանք: Տեղեկացնենք նաեւ, որ այդ դիմումի պատասխանը դեռեւս չի ստացվել: Եթե ամբողջությամբ վերլուծենք կատարվածը, ապա կստեղծվի հետեւյալ պատկերը. ՄՊԾ-ն դադարեցրել է Շուշանիկի եւ Գեւորգի փախստականի կարգավիճակը, որովհետեւ գտել է, թե նրանք ՀՀ քաղաքացիներ են: ԱՎՎ-ն հերքել է այդ փաստը եւ հավաստիացրել, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չեն: Դատարանը կայացրել է վճիռ, որպեսզի անվավեր ճանաչեն ՄՊԾ-ի կայացրած որոշումը նրանց կարգավիճակը դադարեցնելու մասին, իսկ ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը չի տրամադրում տեղեկանք՝ նրանց փախստական համարվելու վերաբերյալ: Փաստացի, Շուշանիկը աշխատում է հիվանդանոցում, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով նա չի կարող ստանալ աշխատավարձ, իսկ այդ փաստաթղթի անհրաժեշտությունն այնքանով է կարեւորվում, որ դրա բացակայության պատճառով մոտ օրերս հնարավոր է՝ ազատվի աշխատանքից:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ