Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքի ալգորիթմային ազդեցությունը և տեղեկատվական վարքագծի ձևավորումը հայաստանյան օգտատերերի շրջանում

Մայիս 02,2026 23:25 Share

Ժամանակակից տեղեկատվական հասարակությունում սոցիալական մեդիան վերածվել է ոչ միայն հաղորդակցության, այլև հանրային կարծիքի ձևավորման կարևորագույն գործոնի։ Թվային հարթակների զարգացումը հիմնովին փոխել է տեղեկատվության տարածման և սպառման տրամաբանությունը՝ ստեղծելով նոր միջավայր, որտեղ յուրաքանչյուր օգտատեր ստանում է իրեն հատուկ, անհատականացված բովանդակություն։ Այս գործընթացում առանցքային դեր ունի Facebook սոցիալական հարթակը, որի ալգորիթմները ձևավորում են օգտատերերի տեղեկատվական դաշտը՝ հիմնվելով նրանց վարքագծի, հետաքրքրությունների և առցանց ակտիվության վրա։

Մեդիա բովանդակության անհատականացումը հանդիսանում է թվային դարաշրջանի ամենաբնորոշ երևույթներից մեկը։ Facebook-ի ալգորիթմները վերլուծում են օգտատերերի գործողությունները՝ հավանումներ, մեկնաբանություններ, դիտումներ, և այդ տվյալների հիման վրա ձևավորում են անհատական լրահոս։ Այսպիսով, յուրաքանչյուր օգտատեր ապրում է իր «տեղեկատվական իրականության» մեջ։

Սակայն այս գործընթացը ունի երկակի բնույթ։ Մի կողմից այն նվազեցնում է տեղեկատվական գերբեռնվածությունը և ապահովում է արագ հասանելիություն հետաքրքրող բովանդակությանը, մյուս կողմից՝ սահմանափակում է տեղեկատվության բազմազանությունը և ստեղծում «ֆիլտրող փուչիկներ» երևույթ։ Օգտատերը սկսում է տեսնել միայն այնպիսի նյութեր, որոնք համապատասխանում են իր արդեն ձևավորված կարծիքներին, ինչի արդյունքում նվազում է քննադատական մտածողությունը և խորանում է հասարակական բևեռացումը։

Հայաստանյան մեդիա դաշտում Facebook-ը դարձել է նորությունների հիմնական աղբյուրներից մեկը, ինչը առավել է ուժեղացնում ալգորիթմների ազդեցությունը։ Քանակական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ օգտատերերի զգալի մասը ամեն օր օգտագործում է հարթակը և մեծամասամբ այնտեղ է ստանում տեղեկատվություն։ Սա նշանակում է, որ Facebook-ը փաստացի ձևավորում է հանրային դիսկուրսը։

Քանակական հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս առավել հստակ պատկերացնել Facebook սոցիալական հարթակի օգտատերերի վարքագիծը և մեդիա սպառման առանձնահատկությունները։ Ստացված տվյալները ներկայացվում են գրաֆիկական տեսքով, ինչը թույլ է տալիս առավել ակնառու կերպով բացահայտել ուսումնասիրված միտումները և դրանց ազդեցությունը օգտատերերի տեղեկատվական միջավայրի ձևավորման վրա։

Այս թեման հասկանալու համար անցկացվեց հարցում, որը նպատակ ուներ պարզել, թե ինչպես են օգտատերերը օգտագործում Facebook-ը և որքանով են գիտակցում իրենց տեսած բովանդակության ձևավորման մեխանիզմները։ Հարցմանը մասնակցել են 72 օգտատերեր՝ տարբեր տարիքային և սոցիալական խմբերից, ինչը թույլ է տալիս ստանալ բավականին ամբողջական պատկեր հարթակի հայկական լսարանի վարքագծի մասին։

Հարցման սկզբնական հատվածում փորձ է արվել հասկանալ մասնակիցների սեռը, տարիքը և կրթական մակարդակը։ Այս տվյալները կարևոր են, քանի որ տարբեր խմբեր կարող են տարբեր կերպ ընկալել ալգորիթմների ազդեցությունը և տարբեր ընտրություններ կատարել իրենց տեղեկատվական միջավայրում։

Հարցման մասնակիցների սեռային բաշխվածությունն ու տարիքային բազմազանությունը՝ ընդգրկելով մինչև 18-ից մինչև 50+ տարիքային խմբեր, հնարավորություն են տալիս իրականացնել համակողմանի և բազմակողմ վերլուծություն։ Մասնակիցների գերակշիռ մասը ունի բարձրագույն կրթություն՝ բակալավր (71.1%) և մագիստրոս (21.1%)

Facebook սոցիալական ցանցի օգտագործման վերաբերյալ ստացված տվյալները վկայում են դրա խորքային ներգրավվածության մասին հայաստանյան օգտատերերի առօրյայում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Facebook-ը այլևս պարզապես տեղեկատվական հարթակ չէ, այլ դարձել է կենսակերպի բաղկացուցիչ մաս։

Հարցման արդյունքների համաձայն՝ օգտատերերի շուրջ 50%-ը հարթակն օգտագործում է ամեն օր, ինչը փաստում է դրա բարձր ներթափանցվածության և շարունակական օգտագործման մասին։ Բացի այդ, հարցվածների 23,7%-ը նշում է, որ Facebook-ից օգտվում է շաբաթը մի քանի անգամ, ինչը նույնպես խոսում է կայուն և պարբերական ներգրավվածության մասին։

Միևնույն ժամանակ, օգտատերերի մնացած 26,7%-ը նշել է, որ հարթակն օգտագործում է հազվադեպ։ Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ թեև Facebook-ը շարունակում է մնալ գերիշխող սոցիալական մեդիա միջավայր, այն ամբողջությամբ չի ընդգրկում բոլոր խմբերի ամենօրյա մեդիագործածումը՝ թողնելով որոշակի հատված պակաս ակտիվ կամ այլ հարթակների կողմնորոշված։

Տվյալները ցույց են տալիս, որ օգտատերերի մեծ մասը (78,4%) սոցիալական ցանցերում անցկացնում է մինչև 1 ժամ օրական, սակայն կա նաև փոքր, բայց նշանակալի խումբ (5,4%), որը հարթակներում անցկացնում է 5 ժամից ավելի, ինչը վկայում է ինտենսիվ թվային ներգրավվածության մասին։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ օգտատերերի 76,3%-ը գիտակցում է Facebook-ի ալգորիթմների կողմից բովանդակության անհատականացումը, ինչը վկայում է լսարանի համեմատաբար բարձր իրազեկվածության մասին, մինչդեռ մնացած 23,7%-ի անտեղյակությունը նրանց ավելի խոցելի է դարձնում տեղեկատվական ազդեցությունների և «ինֆորմացիոն փուչիկների» նկատմամբ՝ ընդգծելով, որ հարթակը ակտիվորեն օգտագործում է անձնական տվյալները լրահոսի անհատականացման համար։

Հետազոտության առանցքային բացահայտումներից մեկն օգտատերերի բարձր ալգորիթմային գիտակցվածությունն է․ հարցվածների մեծ մասը գիտակցում է, որ Facebook-ում իրենց ցուցադրվող բովանդակությունը անհատականացված է և ձևավորվում է նախասիրությունների հիման վրա։ Մասնավորապես, օգտատերերը կարծում են, որ լրահոսի ձևավորման հիմնական գործոններն են իրենց հետաքրքրությունները (28.9%) և հավանումներն ու մեկնաբանությունները (26.3%), ինչը համահունչ է Meta-ի կիրառած ալգորիթմային մոդելների տրամաբանությանը։

Հաջորդ հարցը վերաբերում է մեդիահարթակներում օգտատերերի ակտիվության բնույթին, որի արդյունքները բացահայտում են հետաքրքիր անհամապատասխանություն՝ բովանդակության տեսակների տարածվածության և իրական ընտրության միջև։

Չնայած այն հանգամանքին, որ սոցիալական մեդիայում քաղաքական կոնտենտը հաճախ առաջացնում է բարձր ակտիվություն, հարցվածների ընդամենը 5,3%-ն է նշել այն որպես իրենց նախընտրած բովանդակության տեսակ։ Փոխարենը գերակշռում են այլ ուղղություններ․ օգտատերերի մեծ մասը նախընտրում է էմոցիոնալ բովանդակություն (39,5%), որին հաջորդում է տեղեկատվականը (34,6%)։ Զվարճալի բովանդակությունը նույնպես ունի զգալի մասնաբաժին՝ կազմելով 23,7%։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ օգտատերերի 78,8%-ը (57,7%՝ մասամբ և 21,1%՝ լիովին) ընդունում է Facebook-ի ալգորիթմների կողմից լրահոսի զտման և անհատականացման փաստը, ինչը վկայում է, որ գրեթե յուրաքանչյուր 10 օգտատերից 8-ը որոշակի չափով զգում է թիրախավորված բովանդակության ազդեցությունը։ Այս իրավիճակը, իր հերթին, ձևավորում է մեդիասպառման յուրահատուկ միջավայր, որտեղ օգտատերերը սովոր են տեսնել հիմնականում իրենց հետաքրքրություններին համապատասխանող նյութեր։

Տվյալների համադրությունը ցույց է տալիս օգտատերերի տեղեկատվական ընկալման որոշակի անորոշություն․ չնայած ալգորիթմների գոյության վերաբերյալ բարձր գիտակցվածությանը, լսարանի զգալի հատվածը՝ մոտ 68,4%-ը կամ ընդունում է տեղեկատվական բազմազանության սահմանափակումը (34,2%), կամ չի կարող հստակ գնահատել սեփական տեղեկատվական ազատության աստիճանը (34,2%)։

Այս «չգիտեմ» պատասխանների համեմատաբար բարձր ցուցանիշը վկայում է ալգորիթմների անտեսանելի, բայց ազդեցիկ աշխատանքի մասին, երբ օգտատիրոջ լրահոսը ձևավորվում է այնքան սահուն և անհատականացված, որ վերջինս դժվարանում է տարբերակել իր իրական ընտրությունը համակարգի կողմից ձևավորված տեղեկատվական միջավայրից։

Եզրակացություն

Ամփոփելով իրականացված հետազոտության արդյունքները՝ կարելի է փաստել, որ Facebook սոցիալական հարթակը Հայաստանի տեղեկատվական միջավայրում վերածվել է ոչ միայն հաղորդակցման գործիքի, այլև հանրային կարծիքի ձևավորման և մեդիա սպառման հիմնական հարթակի։ Այն խորապես ներգրավված է օգտատերերի առօրյայում՝ ձևավորելով թե՛ տեղեկատվության ստացման, թե՛ բովանդակության ընկալման նոր տրամաբանություն։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ օգտատերերի մեծ մասը պարբերաբար և հաճախակի է օգտվում Facebook-ից, սակայն իրական ակտիվության տևողությունը հիմնականում սահմանափակվում է մինչև մեկ ժամով։ Սա վկայում է, որ հարթակը միաժամանակ համադրում է և՛ արագ տեղեկատվական սպառում, և՛ ինտենսիվ ներգրավվածության փոքր, բայց նշանակալի հատված։

Ալգորիթմային գիտակցվածության մակարդակը համեմատաբար բարձր է․ օգտատերերի մեծ մասը տեղյակ է բովանդակության անհատականացման մեխանիզմներից և ընդունում է, որ իրենց լրահոսը ձևավորվում է հետաքրքրությունների, հավանումների և վարքագծի հիման վրա։ Սակայն միևնույն ժամանակ զգալի մասն ունի անորոշ ընկալում սեփական տեղեկատվական ազատության վերաբերյալ, ինչը փաստում է ալգորիթմների անտեսանելի, բայց խորքային ազդեցությունը։

Բովանդակության ընտրության վերլուծությունը ցույց է տալիս, որ օգտատերերի նախընտրությունները հիմնականում ուղղված են էմոցիոնալ և տեղեկատվական նյութերին, մինչդեռ քաղաքական բովանդակությունը մնում է նվազ ներկայացված, ինչը ընդգծում է մեդիասպառման առավել անձնական և ոչ քաղաքականացված բնույթը։

Միևնույն ժամանակ, հարցման արդյունքները փաստում են «ֆիլտրող փուչիկների» ձևավորման վտանգը, քանի որ օգտատերերի մեծ մասը ենթարկվում է անհատականացված հոսքերի ազդեցությանը՝ հաճախ չտարբերակելով սեփական ընտրությունը ալգորիթմային ձևավորումից։ Սա նվազեցնում է տեղեկատվական բազմազանությունը և կարող է երկարաժամկետ հեռանկարում ազդել քննադատական մտածողության և հասարակական ընկալումների վրա։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տալիս, որ Facebook-ը ոչ միայն տեղեկատվություն տարածող հարթակ է, այլև ակտիվորեն կառուցում է օգտատիրոջ տեղեկատվական իրականությունը՝ մի կողմից ապահովելով հարմարեցված փորձ, իսկ մյուս կողմից՝ ստեղծելով բովանդակային սահմանափակումների և մանիպուլյացիաների նկատմամբ ավելի բարձր խոցելիություն։

 

Հեղինակ ՝ Լիդա ՉԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031