«Սկզբունքորեն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները սկսվել են ՍԵՊԱ-ի ստորագրումից հետո։ Այս ձևաչափը թույլ է տալիս համապատասխանել եվրոպական չափանիշներին առանց անդամակցության»,- «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում մայիսի 2-3-ին Երևանում անցկացվող «ԶԼՄ-ների խնդիրները ՀՀ խորհրդարանական ընտրությունների և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում» թեմայով սեմինարի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական եւ անվտանգության հարցերի փորձագետ եւ խորհրդատու (Լեհաստան) Անջեյ Կլիմչիկը։
Նրա համոզմամբ՝ ՀՀ-ն ավելի շատ եվրոպական երկիր է, քան ասիական․ «Հայկական աշխարհընկալումն ավելի եվրոպական է, քան ասիական»։ Անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին՝ Անջեյ Կլիմչիկն ասաց․ «Սա ավելի շատ երկարատև քաղաքական կուրս է, քան իրատեսական սցենար մոտակա տարիների համար։ ԵՄ-ի անդամակցությունը հնարավոր որոշակի չափանիշների բավարարման դեպքում։ Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ն պատրաստ չէ դրան։ Պետք է ոչ միայն Բրյուսելում և Երևանում աշխատել այս ուղղությամբ, այլ Փարիզում, Վարշավայում, այլ երկրներում ու պետություններին հասցնել, որ ՀՀ-ն պատրաստ է և արժանի է դառնալ ԵՄ անդամ։ Եթե խոսում ենք ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության մասին՝ պետք է նկատի ունենալ 10 և ավելի տարիները՝ հաշվի առնելով նաև օրենսդրության համապատասխանությունը Եվրոպական միության ստանդարտներին։ Նաև, եթե ՀՀ-ի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ չբարելավվեն, ոչ մեկ Հայաստանին չի ներառի ԵՄ»։
Ըստ նրա՝ այսօր ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերությունները պատմական ամենաբարձր մակարդակի վրա են․ «Ամենալավ հարաբերությունները Հարավային Կովկասում ՀՀ-ն ունի ԵՄ-ի հետ։ Ոչ Ադրբեջանի, ոչ Վրաստանի հետ ԵՄ-ն այնպիսի հարաբերություններ չունի, ինչպես Հայաստանի հետ։ Օգտագործեք այս պահը, որ ձեր՝ եվրոպական ինտեգրման հավակնություններն առաջ մղեք»։
Կարդացեք նաև
Խոսելով ԵՄ-ի՝ ՀՀ-ին տրվելիք անվտանգային երաշխիքների մասին՝ փորձագետն ասաց․ «Եվրոպական միությունը չի կարող Հայաստանին տալ անվտանգության երաշխիքներ և չի տա։ Բայց կարծում եմ՝ պետք է ունենալ այլընտրանքային անվտանգության երաշխիքներ։ Եթե չլինի լուրջ համաձայնագիր անվտանգության հետ կապված, Հայաստանը չի գնա Եվրոպական միություն»։
Ըստ Անջեյ Կլիմչիկի՝ սխալ է հարցը դնել այնպես, որ ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը պետք է լինի ընտրություն արևմուտքի և արևելքի մասին․ «Շատ եվրոպացի չինովնիկներ կան, որ ասում են՝ ՀՀ-ի ԵՄ անդամակցությունը պետք է լինի ընտրություն արևելքի և արևմուտքի միջև։ Ես այդպես չեմ կարծում։ Դա պետք է լինի ընտրություն դեպի եվրաինտեգրում, բայց այդպես կոշտ չպետք է դրվի հարցը։ Պետք է ավելի շատ աշխատել երկրի ներքին բարեփոխումների, քան զուտ միայն անդամակցության մասին»։
Անդրադառնալով ՀՀ-ում վիզաների ազատականացման մասին խնդրին՝ Անջեյ Կլիմչիկն այսպիսի կարծիք հայտնեց․ «Կարծում եմ՝ Հայաստանն արժանի է, որ ԵՄ-ի հետ ունենա առանց վիզայի ռեժիմ։ Երկու ամիս առաջ Բրյուսելում էի, ասացի, եթե ուզում ենք ՀՀ-ի պրոեվրոպական կուրսը պահել, լավ կլինի, որ մի քանի երկրներ՝ օրինակ` Լեհաստանը, դադարեցնեն ՀՀ-ի հետ վիզայի ռեժիմը՝ ցույց տալով, որ դա հնարավոր է։ Բրյուսելում բյուրոկրատիան չի հասկանում, թե ինչ արագ գործողություններ կարող է անել, որ Հայաստանում պահպանի պրոեվրոպական կուրսը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































