«Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք շարունակում են կանգուն մնալ Ադրբեջանում, այդ եկեղեցին ավերվել է, որովհետև ադրբեջանական օրենսդրությամբ՝ այդ շինությունն ապօրինի էր։ Այն կառուցվել է օկուպացված տարածքում»,- փաստմանը՝ Գաբալայում տեղի ունեցած հանդիպումից հետ Ադրբեջանն ավերեց Ստեփանակերտի մայր տաճարը և հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք դա, այն չի՞ բարդացնում երկխոսությունը, «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում մայիսի 2-3-ին Երևանում անցկացվող «ԶԼՄ-ների խնդիրները ՀՀ խորհրդարանական ընտրությունների և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում» թեմայով սեմինարի ընթացքում այսպես պատասխանեց «Թրենդ» լրատվական գործակալության տնօրեն (Ադրբեջան) Էմին Ալիևը։
Նա ասաց, թե փորձում են տեղեկատվություն տարածել նաև «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մասին, որ Բաքվում այն պատրաստվում են վերացնել ու նշեց․ «Հասկանում եմ քարոզչական բաղադրիչը և թե ում կարող է այն ձեռնտու լինել, բայց պետք է հասկանալ, որ օրենսդրական տեսանկյունից այդ հուշարձանն ապօրինի չէ, այն կառուցվել է 1967-ին՝ Խորհրդային Ադրբեջանում»։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Բորիս Նավասարդյանը փաստեց՝ շատ հարցերում հայկական և ադրբեջանական հասարակություններում կան դիրքորոշումների անհամաձայնություններ, այդպիսի անհամաձայնություններ և հակասություններ կան նաև երկու հասարակությունների ներսում։ Ստեփանակերտի մայր տաճարի ավերման առիթով էլ ասաց․ «Իհարկե, հստակ տոկոսներ և թվեր նշել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ ադրբեջանական հասարակությունում կա այն կարծիքը, որ ցանկացած դեպքում հաշվի առնելով այն գործընթացը, որ այսօր ընթանում է Բաքվի և Երևանի միջև, անհրաժեշտ էր հաշվի առնել հայերի կրոնական զգացմունքները։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ ցանկացած իշխանություն, այդ թվում Բաքվի իշխանությունները, պետք է հաշվի նստեն և իրենց գործողություններում արտացոլեն հասարակության տարբեր դիրքորոշումներ»։
Aravot.am-ի փաստմանը՝ հայ ռազմագերիների հարազատները պատրաստակամություն են հայտնել այցելել Բաքու և հարցին՝ թեկուզ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում դա հնարավոր համարո՞ւմ եք, Էմին Ալիևը պատասխանեց․ «Ես քաղաքական գործիչ չեմ, որ կարողանամ այդ հարցին պատասխանել։ Կան հստակ գործընթացներ, որոնք տեղի են ունենում։ Ես կարող եմ տեսականորեն պատասխանել այդ հարցին։ Այդ խնդրով կարող են զբաղվել հումանիտար կազմակերպությունները, իշխանությունների ներկայացուցիչներ»։
Կարդացեք նաև
Բորիս Նավասարդյանն ի պատասխան ասաց՝ Գաբալայում ևս այդ հարցը որոշ առումով քննարկվել է․ «Միգուցե Կարմիր խաչի միջոցով, սկզբի համար նախաձեռնությունը կարող է առաջ մղվել քաղհասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հետո քննարկվել, բայց այն, որ աստիճանաբար կարող ենք քննարկումների օրակարգում էլ ավելի զգայուն հարցեր ներառել, այդ երկխոսության տրամաբանությունը հենց դա է։ Քանի որ երկխոսությունն ընդլայնվում է, նաև օրակարգը կարող է ընդլայնվել, և տարբեր համարձակ գաղափարներ կարող են նաև քննարկվել»։
Հարցին՝ ինչպե՞ս ընկալվեց Ադրբեջանում փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, Էմին Ալիևը պատասխանեց․ «Դա կարևոր այց էր, նաև կարևոր էր նրանով, որ ադրբեջանական օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում այլևս աժիոտաժ չի առաջացնում, ինչպես մի քանի տարի առաջ։ Կարևոր է, որ ինչպես ասում են՝ աչքը սովորի։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք մի գործընթացի մասի ենք կազմում»։
Քննարկման մասնակիցների դիտարկմանը՝ Հայաստանում որոշ շրջանակներում մտահոգություններ եղան, որ Շահին Մուստաֆաևը Հայաստան էր եկել, որ հետո իր հետ բերի 30000 ադրբեջանցի փախստականներին և արդյոք նրանք կգա՞ն այստեղ բնակվելու, «Թրենդ» լրատվական գործակալության տնօրեն (Ադրբեջան) Էմին Ալիևը պատասխանեց․ «Պատկերացրեք՝ ես մեկն եմ այդ փախստականներից։ Մի վայրկյան պատկերացնենք, թե մեր երկու երկրների միջև հարաբերություններն այնքան լավ են, որ ես դա կարող եմ անել։ Կարող եմ Բաքու-Երևան չվերթի տոմս առնել և գալ Հայաստան։ Ի՞նչ շանսեր ես ունեմ։ Չգիտեմ լեզու, ծանոթ չեմ շուկային, ներքին օրերին, հետևաբար շատ շանսեր չունեմ Հայաստանում հաջողության հասնելու։ Հիմա մենք այն փուլում ենք և մեր հարաբերություններն այժմ այն մակարդակում չեն, որ այդպիսի հարցեր քննարկենք։ Դ ա կարող է նպատակ լինել, որին կարելի է ձգտել, բայց որ հիմա այդ հնարավորությունը լինի, ոչ»։
Բորիս Նավասարդյանն էլ փաստեց՝ Ադրբեջանում կան շատ մարդիկ, որոնք ժամանակին դուրս են եկել Հայաստանից, որոնց շարքում կան մարդիկ, որոնք կուզեին, տարբեր կարգավիճակներով վերադառնալ Հայաստան․ «Օրինակ՝ տեսնել ինչ է եղել իրենց տունը, գերեզմանները։ Կան մարդիկ, որոնք մտածում են՝ եթե լինի անվտանգություն, ինչո՞ւ չվերադառնանք Հայաստան, հատկապես դա կարող են լինել այն անձինք, որոնք այսօր Ադրբեջանում իրենց կարգավիճակից գոհ չեն։ Կան մարդիկ, որոնք պատրաստ ենք նաև վերադառնալ նախկին կյանքին, անգամ ՀՀ քաղաքացիություն ստանալ, ունենալ հայկական անձնագիր և ապրել այնտեղ, որտեղ իրենց նախնիներն են ապրել»։
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ օգոստոսի 8-ից հետո բանակցային գործընթացը փոխվել է․ «Մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման էությունն այն էր, որ պետք է հնարավորինս շատ բարդ հարցեր դնել մյուս կողմի առաջ, և դրանցից մեկն ադրբեջանցի փախստականների իրավունքներն էին։ Մենք նաև հիշում ենք, տարբեր պաշտոնական մակարդակներով այն հայտարարությունները, ադրբեջանցիները Հայաստան կվերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Սա եղել է Ադրբեջանի բանակցային դիրքորոշումը մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։ Հիմա այդ դիրքորոշումը փոխվել է, հիմա հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում այս թեման չկա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































