Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Բոզոյան. «Բոլորը սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը»

Ապրիլ 04,2013 13:13 Share

Հատված քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցազրույցից:

Ձեր կարծիքով՝ գործող իշխանություններն ի վիճակի՞ են կամ ընդհանրապես մտադրություն ունե՞ն գնալ այն զիջումներին, որն առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր նամակառաջարկում։

– Իշխանությունը ցույց է տվել,  որ ինքը պատրաստ չէ որևէ զիջումների գնալ, իշխանությունն, ըստ էության, որևէ հարցում որևէ քաղաքական ուժի հետ չի գնում զիջումների։ Նույնիսկ Դաշնակցությունը չկարողացավ մնալ իշխանական կոալիցիայի մեջ և դուրս եկավ, «Բարգավաճ Հայաստանը»՝ նույնպես։ Այսինքն՝ կոալիցիան՝ բովանդակային իմաստով, երբ իշխանությունները կիսում են իշխանությունն այլ քաղաքական ուժի հետ, պրակտիկան ցույց տվեց, որ ներկայիս իշխանությունները պատրաստ չեն նման կերպ կիսել իշխանությունն այլ քաղաքական ուժի հետ։ Մնացել է միայն «Օրինաց Երկիրը» (ՕԵԿ), որը կոալիցիայի մաս է, սակայն ես խիստ կասկածում եմ, որ այն նախարարները, ովքեր ֆորմալ առումով ներկայացնում են ՕԵԿ-ը, հենց ՕԵԿ-ի ներկայացուցիչներ են։ Միայն նշեմ, որ իշխանությունը, փաստորեն, պատրաստ է կոալիցիայի գնալ մարդ-գործիչների հետ, ինչպիսին է, օրինակ, Արտաշես Գեղամյանը, այլ ոչ թե ազդեցիկ քաղաքական ուժի հետ։ Այդ պատճառով՝ այն քաղաքական ուժերը, որոնք հույս ունեն, թե երկխոսությամբ հնարավոր է գնալ փոխզիջումների և ինչ-որ գործընկերային հարաբերություններ հաստատել գործող իշխանությունների հետ, ի վերջո, դատապարտված են ձախողման։

Այսինքն՝ այս պայմաններում սխա՞լ է երկխոսության գնալ իշխանությունների հետ։

– Ինձնից լավ կհիշեք, թե վերջին տարիների ընթացքում Հայաստանում երկխոսության քանի՞ գործընթաց է եղել, և ինչպե՞ս են դրանք ավարտվել։ Կարող եք ինքներդ գնահատական տալ,  թե  այդ  երկխոսություններն ի՞նչ

հետևանքներ կարող են ունենալ։ Ի վերջո, հայ-թուրքական գործընթացից հետո չստացվեց երկխոսություն Դաշնակցության հետ, 2012թ. ամբողջ քաղաքական գործընթացը կազմում էին «Բարգավաճ Հայաստանի» և իշխող Հանրապետական  կուսակցության հակասական հարաբերությունները, որի արդյունքում ԲՀԿ-ն դուրս  եկավ  կոալիցիայից,  երկխոսություն չստացվեց նաև ՀԱԿ-ի հետ։ Իսկ երկխոսության վերջին փորձը Րաֆֆի Հովհաննիսյանն է իրականացնում, իսկ թե ինչպե՞ս դա կավարտվի, կարծում եմ՝ արդեն պարզ է։

Կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ իշխանությունների հետ երկխոսության գնալը կարող է հիասթափություն առաջացնել ընդդիմադիր զանգվածի շրջանում։

– Հիասթափություն չի առաջացնի, եթե երկխոսությունը կոնկրետ ինչ-որ արդյունքի հանգի,  այսինքն՝  եթե իշխանությունն իսկապես պատրաստ է իր իշխանությունը կիսել այլ քաղաքական ուժերի հետ, ապա դա չի բերի հիասթափության։ Բայց իշխանությունը չի պատրաստվում կիսել իշխանությունը։ Ձևակերպեմ այսպես՝ Հայաստանում դե ֆակտո կոալիցիա

չկա։ Օրինակ՝ ՕԵԿ-ը, երբ 5-6 տարի առաջ կոալիցիայի անդամ էր, նա ազդեցիկ ուժ էր, բոլորս էլ հիշում ենք, թե ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով էր հանդես գալիս այն ժամանակվա ՕԵԿ-ը՝ ներկայացնելով փոքր և միջին բիզնեսի շահերը։ Ո՞ւմ շահերն է այսօր

ներկայացնում ՕԵԿ-ը։ Ես այս օրինակը բերեցի՝ բացատրելու այն, որ իշխանությունը պատրաստ չէ օբյեկտիվորեն որևէ լուրջ փոխզիջման գնալ որևէ լուրջ քաղաքական ուժի հետ, և այս առումով բացառություն չի կազմում նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ձեզ համար արդեն ուրվագծվե՞լ է դեռևս ընթացող հետընտրական զարգացումների հնարավոր հանգուցալուծումը։ Ի՞նչ է մեզ սպասվում ապրիլի 9-ին և դրանից հետո։

– Կարծում եմ՝ բոլորը սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը։ Անկեղծ ասած՝ ես այդ հանդիպումից որևէ լուրջ բան չեմ սպասում, որովհետև կողմերի դիրքորոշումները և պատկերացումները շատ տարբեր են։ Սա շատ նման է դարաբաղյան  հիմնախնդրին.  ինչպես  հայկական  և ադրբեջանական կողմերը շատ տարբեր պատկերացումներ ունեն հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի պատկերացումներն այս քաղաքական ճգնաժամի վերաբերյալ շատ տարբեր են, որպեսզի ընդհանուր հայտարարի գան։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930